Վահե Ղազարյանը մարդասիրությունը չի տարբերում անբարեխիղճ պահվածքից

Վահե Ղազարյանը մարդասիրությունը չի տարբերում անբարեխիղճ պահվածքից

Մայիսի 19-ին լրացավ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման ութերորդ տարին: Կենտրոն ստեղծելու պայմանագիրը Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են 2015 թվականին, բացվել է մեկ տարի անց:

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ լուծարվող արտակարգ իրավիճակների նախարարության եւ նոր ձեւավորված ներքին գործերի նախարարության կազմ մտած փրկարար ծառայության բազմաթիվ հին ու բանիմաց աշխատողներ շատ են ջանացել, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն այցելի ու ծնունդը շնորհավորի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, սակայն գնացել է փոխնախարար-փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը: Ըստ լուրերի՝ Վահե Ղազարյանը վախեցել է այցելել-շնորհավորել ռուս գործընկերներին, որ արեւմտյան գործընկերները չնեղանան: Ինչպես նրա շեֆ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ՀԱՊԿ զորախաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունից, որ չնեղացնի թուրքերին: Մինչդեռ, եթե ՀԱՊԿ զորախաղերը ռազմական համագործակցության դրսեւորում են, ապա Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը՝ բացառապես մարդասիրական, եւ Ռուսաստանի դեմ սանկցիաները չեն մտնում մարդասիրական հարթություն՝ դեղեր, բուժսարքավորումներ, փրկարարական գույք եւ այլն:

Ավելին. հենց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի պահեստներում են պահվում մարդասիրական նպատակներով այլ երկրներ մեկնող Հայաստանի փրկարարների գույքը, հանդերձանքը, սարքերը: Սրանք խնամքի ու պահպանման հատուկ ռեժիմ ունեցող իրեր են, եւ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում այդ ամենն ապահովված է: Այս ամենն է օգտագործվել փետրվարին, երբ մեր փրկարարները մեկնեցին երկրաշարժից տուժած Սիրիա եւ Թուրքիա: Սրա մասին գիտի ողջ աշխարհը, գիտի, որ Հայաստանում կա Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն, որտեղ հատուկ գույքը հավուր պատշաճի պահեստավորված է: Այլ կերպ չի էլ կարող լինել, որովհետեւ, եթե ուզում ես միջազգային փրկարարական ասպարեզ մտնել, պիտի ասես՝ ինչ գույք ունես, ոնց ես պահում-խնամում, ոնց ես կրթում-վերապատրաստում մասնագետներիդ եւ այլն: Սա վերաբերում է բոլոր երկրներին: Մեր ներքին գործերի նախարարի ներկայությունը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ծննդյան տարեդարձին լավագույնս ցույց կտար պետության վերաբերմունքը փրկարարությանը:
Բայց Վահե Ղազարյանը նախընտրել է չնեղացնել Արեւմուտքին: Ընդ որում, ինքն է որոշել որ կնեղանան: Նույն՝ փետրվարի երկրաշարժից հետո Սիրիայի դեմ պատժամիջոցներ սահմանած Արեւմուտքը որոշ մեղմացումներ արեց: Այնպես որ՝ ոչ ոք չէր նեղանա, եթե Հայաստանը նախարարի մակարդակով կարեւորեր մարդասիրական ծրագրեր իրականացնող Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գոյությունը: 

Մայիսի 22-ի մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մասին, ասաց. «Ես չեմ կարծում, որ Արեւմուտքը որեւէ մեկի ձեռքը բռնել է եւ թույլ չի տալիս, որ իր պարտավորությունները կատարի»: Իսկ ո՞վ էր բռնել Վահե Ղազարյանին ու չէր թողնում պետության հոգածության ապացույց դառնալ: Ի գիտություն թավշյաների: Լուծարվող արտակարգ իրավիճակների նախարարության կայքում 2016 թվականին, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման առիթով տեղադրված տեղեկության համաձայն, Ռուսաստանը կենտրոնին կտա 2-ական ուղղաթիռ եւ ինքնաթիռ: Ռուսական այս խոստումից 2 տարի անց Հայաստանը դարձավ թավշյա, եւ ինքնաթիռներն ու ուղղաթիռները չեկան: Սա այն Ռուսաստանն է, որը, ըստ թավշյաների, փողը վերցրել, բայց զենք չի տալիս Հայաստանին: Ստացվում է, որ Ռուսաստանը թավշյաներին մշտապես խաբում է: Արեւմուտքն էլ առանձնապես բան չի տալիս նրանց: Թուրքիան եւ Ադրբեջանն էլ վերցնում են՝ թավշյա Հայաստանը տալիս է: Հիմա ո՞վ է մեղավոր, պատասխանատու, անգամ հպարտ, որ թավշյա Հայաստանը տալիս է Թուրքիային եւ Ադրբեջանին, իսկ թավշյա Հայաստանին ոչ ոք ոչինչ չի տալիս:

Մեղավոր են բոլոր նիկոլփաշինյաններն ու վահեղազարյանները, որ մարդասիրության կարեւորումը չեն տարբերում անբարեխիղճ գործընկերությունից եւ ընդհանրապես՝ շատ հեռու են պետական կառավարումից:

Արեգ Մարգարյան