Հարցն արդեն այլ կերպ է լուծվելու 

Հարցն արդեն այլ կերպ է լուծվելու 

Պատերազմի ամեն օրվա հետ կողմերի, միջնորդների, գերտերությունների, համայնքների որևէ քայլից ու հայտարարությունից հետո երկխոսության հրապարակային հատվածներում նորանոր ելևէջներ են հայտնվում։ Բաքուն արդեն ռուսական կողմին տեղեկացնում է, որ պատրաստ է իր երկրում տեղակայել թուրքական բազա, հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը  El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարում է, որ իր երկիրն առայժմ չի պաշտպանում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատվելու դեպքում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու գաղափարը։

 «Ադրբեջանը գործողություններ է իրականացնում ոչ թե ուրիշ երկրի, այլ իր ինքնիշխանության տակ գտնվող տարածքում, և մենք գտնում ենք, որ տեղին չէ այդ զինվորականների տեղակայումը։ Ներկա պահին նրանք մեզ պետք չեն», - հայտարարել է նա։ Մոսկվան կարևոր էր համարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի դեպքում վերահսկման մեխանիզմներ հաստատելը, որը պետք է իրականացնեն ռուսաստանցի ռազմական դիտորդները։ Նշենք, որ նման գաղափարին կողմ չէր արտահայտվել նաև Երևանը։

Մոսկովյան տարբեր ստուդիաներում տարբեր քաղաքագետներ շարունակում են քննարկել՝ համարժե՞ք է արդյոք ռուսական շահերին սպառնացող ու ամենակարևորը՝ տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգներին Կրեմլի ներկայիս պահվածքը, այսինքն, ոչ ռազմական միջամտությունը։ Քննարկումներն անցնում են թեժ, հիմնական մոտեցումը, որ, այո, այդ միջամտությունն անհրաժեշտություն  է։ Եվ, առհասարակ, նկատվում է որոշակի պրոհայկականություն, թեև երբեմն հնչում են նաև կարծիքներ, որ ոչ, միջազգային ահաբեկչության վտանգը ոչ միայն սահմանից կարող է գալ, այլև տարիների փորձը վկայում է, որ այն երկրի ներսում է և, հետևաբար, Ռուսաստանի շահերից չի բխում հայերի պատճառով Թուրքիայի հետ գժտվելը։

 «Ռեգնումի» սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը թուրքական բազաների վերաբերյալ նկատեց՝ Ադրբեջանն ակնհայտորեն սադրում է Ռուսաստանին։ «Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի հետ հայտնի են, նա ամեն ինչ կարող է համաձայնեցնել ՆԱՏՕ-ի հետ, այլ հարց է, թե դրան ինչպես կարձագանքի ՆԱՏՕ-ն։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է,  իրենք համաձա՞յն են»,-ասում է նա։

Իսկ այս պարագայում, խոստանում է Տարասովը, հարցն այլկերպ է լուծվելու․ ոչ Բաքուն, ոչ Երևանն ու Ստեփանակերտը, այլ` Մոսկվան։ Իսկ «այլկերպ» ասելով` նկատի ունի ռուս խաղաղապահներին: Իսկ կողմերի համաձայնությու՞նը։ Տարասովն ասում է՝ ի՞նչ համաձայնություն, երբ պատերազմ է ու արդեն մեծ աշխարհաքաղաքականություն։ «Սրա համար անհրաժեշտ է միայն ՌԴ նախագահի քաղաքական կամքը»։ Տրամադրությունների մասին, որ ՌԴ շահերից չի բխում Հարավային Կովկաս ներխուժած Թուրքիային հետ մղելու համար ռազմական միջամտությունը, Տարասովն ասում է՝ ապուշություններ են, և որ Կորոտչենկով անուն-ազգանունով Կովկասի հարցերով փորձագետի չի ճանաչում։ «Նա արտահայտում է իր կարծիքն ու երևի Բաքվում իր տերերի»,-ասաց նա։
  
Մոսկվա-Երևան և Մոսկվա-Բաքու տրամադրությունների, կարծիքների փոխանակման գործընթացում ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ են արվում նաև վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ։ Ինչպես գիտենք՝ Նիկոլ Փաշինյանը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում պատասխանեց նաև 2  հարցի․ ի՞նչ հնարավոր փոխզիջումների է պատրաստ գնալ Երևանը, և ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ հայկական կողմերը չեն զիջի որևէ պարագայում։ Նիկոլ Փաշինյանը հստակ նշեց՝ այդ կարմիր գիծը նահանջն է միջազգային իրավունքի նորմ հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումից, իսկ փոխզիջումների մասով ասաց․ «Մոսկովյան հայտարարության մեջ նշվում են կոնկրետ քայլեր․ ինչպես վերականգնել բանակցային գործընթացը, և մենք պատրաստ ենք գնալ այդ քայլերին՝ լուծելու համար Լեռնային Ղարաբաղի հարցը։ Եվ մենք պատրաստ ենք այդ փոխզիջումներին, համամամասն փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը»։ 

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Տարասովն ասում է, որ «որևէ մեկին պետք չէ էշի տեղ դնել։ Երևանը չի ճանաչում Ստեփանակերտը և ինչու է ուզում դա անել ուրիշի ձեռքերով։ Դուք արդեն իսկ հարյուրավոր զոհեր ունեք, ինչի՞ց եք վախենում, երբ ձեր ժողովուրդը մեռնում է։ Ու՞ մ եք սպասում․․․ Փարիզի՞ն, Լոնդոնի՞ն, ամերիկացիների՞ն։ Սպասեք»։ Բայց չէ՞ որ պարոն Տարասովը հենց «Հրապարակի» հետ հարցազրույցում ասել էր՝ ինչու՞ առաջ չէիք ճանաչել Արցախը, հիմա արդեն ուշ է, գնացքը գնացել է։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ ռուսաստանցի քաղաքագետն ասաց․ «Դա հիմա արդեն կապ չունի, պատերազմ է, հնչում են հայտարարություններ, շատ խոսքեր, բայց չկա հստակություն, թե որն է Հայաստանի դիրքորոշում»: