Բալքի աչքից հեռու ուզում եմ լացել, խոսալ խոխիս հետ. Գորիսի կենտրոնական հատվածներից մեկում հուղարկավորում են մերօրյա հերոսներին

Բալքի աչքից հեռու ուզում եմ լացել, խոսալ խոխիս հետ. Գորիսի կենտրոնական հատվածներից մեկում  հուղարկավորում են մերօրյա հերոսներին

Գորիս քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում, որտեղ գտնվում են Հայրենական մեծ պատերազմին  և Արցախյան հերոսամարտին նվիրված  հուշարձանները, համայնքապետարանի որոշմամբ , հուղարկավորում են այս օրերի պատերազմի գորիսեցի հերոսներին։ Hraparak.am-ի խմբագրությանն է դիմել Գորիս քաղաքի բնակիչ, տարեց մի կին, որի խնդրանքով անունը չենք հրապարակում: Կինը խնդիրը բարձրաձայնելու համար հազար անգամ ներողություն խնդրեց, ինչպես նաև խնդրեց իրեն ճիշտ հասկանալ։

«Չգիտեմ՝ ով ա որոշել, ինչ ա մտածել՝ էս որոշումը կայացնելուց առաջ, բայց ճիշտ չի քաղաքի կենտրոնական հանգստավայրերից մեկում, որտեղ ամառը ամենաեռուն անցուդարձն է լինում, հուղարկավորեն մեր հերոսներին։ Հիմա բոլորը վախենում են բարձրաձայն բան ասել, վախենում են՝ ճիշտ չհասկացվի, բայց դուք պատկերացնո՞ւմ եք՝ մի հարյուր մետրի վրա կաֆե, բաց լողավազան, շուրջբոլոր բնակելի տներ ու բազմաբնակարան շենքեր։ Շատ զոհվածների ընտանիքներ էլ չեն համաձայնվել իրենց հերոսներին էնտեղ հուղարկավորել։ Հարազատներն անգամ քննադատում են, ասում են բալքի աչքից հեռու ուզում եմ լացել, խոսալ խոխիս հետ, սիրտս բացել գերեզմանի մոտ, ու մեկ էլ լսում եմ կաֆեի բարձր երաժշտությունը, խոխոց ծիծաղն ու մարդկանց ամենօրյա խոսակցությունները։

Հետո մարդիկ էլ կարալ չեն լիարժեք հանգստանան, երբ զգան, որ մի քանի քայլի վրա գերեզման կա։ Երկար տարիներ գորիսեցին պայքարում ա քաղաքի կենտրոնից բանտը հանի, հիմա մյուս կենտրոնում էլ գերեզմանոց է սարքվում։ Ճիշտ հասկացեք, խնդրում եմ, մեր հերոսները ամեն ինչի են արժանի, նաև հանգիստ ննջելու։ Մեզ մոտ գերեզմաններին հանգստարան են ասում, բա գոնե մեր քաջերին հանգիստ ննջելու հնարավորություն տրվի։ Կամ նայեք՝ որտեղի պանթեո՞նն է բնակելի տարածքում կամ հանգստյան գոտում։ Չգիտեմ, գուցե սխալ հարց եմ բարձրացնում, ներող եղեք, բայց կարծում եմ ճիշտ որոշում չի»,-ասաց կինը՝ առաջարկելով քաղաքապետարանին մերօրյա հերոսների համար առավել հարմար տեղում պանթեոն կառուցել։ Թե ո՞վ է որոշել և ինչ սկզբունքով, փորձեցինք պարզել Գորիսի համայնքապետի երկրորդ տեղակալ Իրինա Յոլյանից։Տիկին Յոլյանը մեզ ուշադիր լսելուց հետո պատասխանեց. «Ես հիմա այնպիսի տեղում եմ, որ չեմ կարող պատասխանել, հեռախոսահամար կտամ, կապվեք մյուս տեղակալի հետ»:

Նշենք, որ քաղաքապետի մյուս տեղակալի հետ երկար ժամանակ փորձեցինք կապվել, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: