Բուսաբանական այգու հույսը Կյանքի պուրակն է, որ այգին չմեռնի

Բուսաբանական այգու հույսը Կյանքի պուրակն է, որ այգին չմեռնի

Երեւանի բուսաբանական այգում բուռն շինարարություն է ընթանում, եւ այցելուներն անհանգստանում են, որ հանրային տարածքից հերթական զավթումն է տեղի ունենում։ Սակայն մենք պարզեցինք, որ այստեղ 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված այգի՝ Կյանքի պուրակ են կառուցում, ինչի մասին ժամանակին խոսել է Նիկոլ Փաշինյանը՝ հենց կառավարության նիստում։ Դեռ անցյալ ամռանն էին նախագծման աշխատանքներն ավարտվել։ Փաշինյանն էլ կառավարության նիստում պատմել էր ոռոգման համակարգ կառուցելու մասին, շեշտել, որ այգին պետք է ընդգծի կյանքի տրամաբանությունը, ոչ թե մահվան։ Եվ սա հիշատակի պուրակ է լինելու։ Ծառերի քանակը 14 հազար է լինելու, դա արցախյան բոլոր պատերազմների ողջ ընթացքում զոհվածների թիվն է։
Շինարարական աշխատանքները, որոնք տեւելու են 3 տարի, սկսված են, բայց կողքից դիտելիս տպավորություն է, թե այգին մորթվում է։

Մեզ ահազանգած բնակիչները հայտնում են, որ Երեւանի բուսաբանական այգում շինտեխնիկա է տեղադրված, այդ թվում՝ հող տեղափոխող բեռնատարներ: 200 մետր երկարությամբ եւ 50 մետր լայնությամբ տարածք են ազատում, նրանք անհանգստացել են՝ ի՞նչ է կատարվում այգում, արդյո՞ք ծառեր են կտրվելու, ո՞վ է ներդրողը։ Փորձեցինք Կյանքի պուրակի մասին մանրամասներ պարզել հենց Բուսաբանական այգու տնօրինությունից, որ հասկանանք՝ այգու ծառերը հատվում են նոր ծառեր տնկելո՞ւ համար, բայց պարզվեց՝ այնտեղ մեռյալ գոտի է։ Քաղաքային հեռախոսներին պատասխանող չկա։ Տնօրեն Արսեն Գասպարյանն անհասանելի է։ Ասացին՝ նրան առհասարակ բարդ է տեղում «բռնացնելը», եւ անգամ Կյանքի պուրակի վերաբերյալ կատարված ՇՄԱԳ-ին՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներին այգուց որեւէ դենդրոլոգ չի մասնակցել։ 

Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ տարածքը, որտեղ նախատեսված է կառուցել Կյանքի պուրակը, նույնպես մեռյալ գոտի է։ «Բուսաբանական այգու այդ հատվածը, որտեղ կառուցվում է պուրակը, մահամերձ տարածք է, մոտ 70 հեկտար։ Այնտեղ աշխատում է ընդամենը 3 բանվոր, այն էլ՝ սեզոնային պայմանագրերով։ Պայմանագրերն արդեն ավարտվել են, եւ տարածքը, բառիս բուն իմաստով, անտերության է մատնված։  Բուսաբանական այգին պետությունը չի ֆինանսավորում, եւ այն դատապարտված է մահվան։ Իսկ այս նախագծի շնորհիվ գիտնականները հույս ունեն, որ գոնե հնարավոր կլինի մի քիչ գումար ուղղել այգուն, այս ձեւով մի քիչ բարելավել այն»,- ասաց մեր աղբյուրը։
Զանգահարեցինք Երեւանի քաղաքապետարան, որը, որպես աշխատանքները համակարգող մարմին, հնարավոր է՝ տեղեկություններ ունենար։

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանն ասաց, որ թեեւ տարածքը չի պատկանում քաղաքապետարանին, բայց Բուսաբանական այգու ներկա վիճակը, մեղմ ասած, լավ չէ։ «Ամենայն հարգանքով եմ դա ասում, բայց այնպես չէ, որ ջուր եղել է, ու իմ կոլեգաները չեն ջրել»,- ասում է Արթուր Խալաթյանը։ Կյանքի պուրակը կառուցելիս ծառեր հատվելո՞ւ են, թե՞ ոչ։ «Գիտեմ, որ օրենքի բոլոր պահանջները պահպանված են, որ այնտեղ կան մեծաքանակ ծառեր, որոնք հողագնդով տեղափոխվելու են, որովհետեւ Կյանքի պուրակի նախագծի մի հատվածն այգու տնկարանն է, իսկ այնտեղ այնպիսի թանկարժեք տնկիներ են, որոնք անպայման կտեղափոխվեն։ Այնտեղ կան շատ չոր ծառեր, էտման աշխատանքների կարիք կա, եւ հիմա այդ աշխատանքների հարցը բուռն քննարկման փուլում է»,- ասաց Արթուր Խալաթյանը։ Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 4.2 մլրդ դրամ, որից շուրջ 200 միլիոնը նոր ոռոգման համակարգի համար է։ Մենք կփորձենք առաջիկայում ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգու տնօրեն Արսեն Գասպարյանից պարզաբանումներ ստանալ՝ այգում ընթացող աշխատանքների ընթացքի վերաբերյալ։