Մի շատ գեղեցիկ ասույթ կա`ինչքան էլ ծանր լինի քեզ համար, նախ մտածիր դիմացինիդ մասին

Մի շատ գեղեցիկ ասույթ կա`ինչքան էլ ծանր լինի քեզ համար, նախ մտածիր դիմացինիդ մասին

Հարցազրույց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ

- Պարոն Հեքեքյան, բարդ շրջանում ենք հայտնվել․ կորցրինք մեր հայրենիքի մի մասը` Արցախը, մարդկային կորուստներ ունեցանք, նորից պարտվեցինք, սակայն կատարվածի հանրային ընկալումները շատ տարբեր են: Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ իրականության մեջ ենք ապրում այսօր:

- Առաջին բանը, որ եկավ մտքիս, այն է, որ մենք հայտնվել ենք ստի եւ ամենաթողության իրականության մեջ: «Ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր» կարգավիճակում ենք: Մեր մեջ կան մարդիկ, ովքեր անում են՝ ինչ ցանկանում են, եւ անպատիժ են մնում, եւ նրանց կողքին կան պարզ ու մաքուր մարդիկ, ովքեր, չգիտես ինչու, տառապում են գաղջ իրականության պատճառով: Մարդիկ լսում են մի բան, տեսնում են դրա հակառակը, այսինքն` խոսքն ու գործը մեր երկրում չեն համապատասխանում իրար, եւ, որ ամենավատն է, դա համատարած երեւույթ է դարձել: Շատ քիչ ենք հանդիպում ճիշտ ու ազնիվ խոսքի: Շուրջբոլորը կեղծիք է ու սուտ: Մարդիկ մեղավոր են այդ ամենի համար, անկախ նրանից՝ հասկանո՞ւմ են տվյալ երեւույթից, թե՞ չեն հասկանում, անկախ նրանից, թե իրենց ասածը որքանով է ճշմարիտ, միեւնույն է՝ խոսում են, առանց հետեւանքների մասին մտածելու: Եվ վատն այն է, որ ամենուր է այդ երեւույթը: Ոմանք դա անում են անգիտակցաբար, ոմանք էլ` գիտակցված, միտումնավոր…. Մարդիկ քննարկում են այն, ինչ հրամցվում է, չեն մտածում, չեն վերլուծում, ուղեղն անջատած ապրում են: Օրինակ` ես անգամ իմ կողմից այնքան էլ չհարգված մարդկանց մասին ամեն տեղեկության չէ, որ հավատում եմ: Սուտը լեշի պես մի բան է, ինձ ոչ մեկը չի կարող ստիպել այդ լեշը համտեսել: Մեր օրերում ինձ շատ է մտահոգում այն, որ մարդը դարձել է զվարճացող արարած եւ ուզում է ստանալ միայն զվարճալիք, ուրիշ ոչ մի բան: Մարդիկ սկսել են ապրել միայն զվարճանալու համար: Բանականությունը հետին պլան է մղվել: Մարդիկ նաեւ շատ նյութապաշտ են դարձել: Ապրում են միայն նյութական արժեքներով: Դա ամենուր է երեւում, անգամ՝ կենցաղում, աշխատանքում, անգամ՝ ընտանեկան կյանքում եւ ընկերական հարաբերություններում: Այսօր մենք հատուցում ենք մեր նյութապաշտության համար: Հոգեւոր մարդն արժեզրկվել է, նյութը ողողել է անգամ հոգեւոր ոլորտում աշխատող մարդկանց: Դա ախտ է, ոնց որ սատանան նյութի տեսքով մարդկանց մեջ մտած լինի: Սարսափելի վիճակ է:

- Ինչո՞ւ ընկավ Արցախը: Արդյո՞ք դա մարդկանց անտարբերության, որկրամոլության, անգրագիտության հետեւանքով եղավ, թե՞ քաղաքական էլիտաներն են մեղավոր, նրան անփորձությունը, գուցե՝ դիտավորությունը….

- Ձեր թվարկածները՝ բոլորը միասին: Մեղադրում են ինչ-որ մի խավի, իշխանության, ներկա թե նախկին, անշուշտ, նրանք՝ բոլորն են մեղավոր, եւ մեզնից յուրաքանչյուրն է մեղավոր: Ձեր թվարկածներին գումարվել ու մեզ կործանել են նաեւ նյութապաշտությունը, ընչաքաղցությունն ու որկրամոլությունը: Մարդիկ ճոխ սեղանների շուրջ նստում են, խնջույքներ կազմակերպում, այն դեպքում, երբ գիտեն, որ իրենց հայրենիքի մի հատվածում մարդիկ քաղցած են: Թվում է, թե բոլորն անհանգիստ են, բոլորը վայ-վույ են անում, ասում՝ էս ինչո՞ւ Արցախը կորցրինք, բայց հետաքրքիր է` հասարակության ո՞ր հատվածն է փորձում ձեռք մեկնել արցախցիներին: Կարեկցանքը մարդու լավագույն հատկանիշներից է, բայց քանի՞սն են այդպես ապրում, նվնվալուց բացի….  Քանի՞սն են իրական աջակցություն ցուցաբերում կարիքավորին: Կա մի շատ գեղեցիկ ասույթ` ինչքան էլ ծանր լինի քեզ համար, նախ մտածիր դիմացինիդ մասին: Երանի շատերս այդպես ապրեինք: Մեր ազգաբնակչության քանի՞ տոկոսն է մտածում արցախցիների մասին, պետք է սա հասկանալ: Վերջերս տեղեկացա, որ Գերմանիայում արցախցիներին օգնելու համար կազմակերպություն է ստեղծվել, մարդկանց ինչպես կարողանում, օգնում են, բայց նվիրատուների մեծ մասը, եթե ոչ ավելին, օտարերկրացիներ են, չնչին հատվածն են հայեր: Բոլորն էլ ունեն պատճառաբանություն, արդարանալու ձեւ, ասում են՝ մեզ խաբեցին, միլիոններ տվեցինք պատերազմի ժամանակ, ոչինչ տեղ չհասավ եւ այլն, եւ այլն….  կարելի է անվերջ այդպես արդարանալ ու ոչինչ չանել, իսկ հետո՞: Հնարավոր է, չէ՞, մարդկանց օգնել անձամբ, եթե իշխանավորին չես վստահում: Արցախցիները ծայրահեղ վիճակում են, երբ նրանց լսում եմ, մարմնովս սարսուռ է անցնում: Սա ոչ միայն անտարբերություն է, այլեւ ջայլամային քաղաքականություն է:

- Այսինքն` ֆե՞յք էր այն գաղափարը, որ հայ ազգը լավն է, սթափ է, ազգային մտածողություն ունի, տարբերվում է շատ այլ ազգերից….

- Չէ, ֆեյք չէ: Երբ ազգի մասին ենք խոսում, պետք է նախ հասկանալ, որ ողջ պատմական ընթացքի մասին է խոսքը: Բոլոր ժամանակներում էլ, անշուշտ, դավաճաններ եղել են, բոլոր ազգերն էլ ունեցել են հերոսներ ու դավաճաններ, գուցե արտառոց ժողովուրդ ենք, ծայրահեղ, այդ պատճառով վատը ծայրահեղ է, իսկ լավն արտակարգ է: Միտում կա՝ ինքներս մեզ անդադար քննադատելու: Մի շատ լավ տղայի գիտեմ ես, որն ընկավ պատերազմի ժամանակ, մինչեւ վերջ մնալով դիրքերում, գիտե՞ք որն է եղել նրա վերջին խոսքը՝ ուղղված իր կնոջը` որդուս ճիշտ կդաստիարակեք…. ոչ թե լավ կնայեք, լավ կպահեք, այլ՝ ճիշտ կդաստիարակեք…. Այ, այսպիսին է մեր ներսում ապրող լավը: Մենք ինչ ցանել, այն էլ հնձում ենք: Վերջին 30 տարվա ընթացքում մենք մեր հասարակությանը պատշաճ չդաստիարակեցինք եւ ստացանք այն, ինչ ցանել էինք: Մենք ունենք հիանալի երիտասարդություն, եւ մեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն նրանք վաղը, ինչ որակական հատկանիշներով կառաջնորդվեն ապագայում: