Ես որևէ մեկին չեմ դիմել, որևէ մեկի առաջ վիզ չեմ ծռել և չեմ էլ ծռելու

Ես որևէ մեկին չեմ դիմել, որևէ մեկի առաջ վիզ չեմ ծռել և չեմ էլ ծռելու

Հայտնի երգահան ու երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը քաղաքականությունից ու քաղաքական թեմաներից չի ցանկանում խոսել, քանզի իրեն համարում է անկախ երաժիշտ, պետական որեւէ ստատուս չունի, եւ կոնկրետ իր գործունեության մեջ հեղափոխությունից հետո որեւէ բան չի փոխվել։ «Որովհետեւ ես զբաղված եմ իմ սիրած գործով եւ իմ սիրած գործով էլ շարունակելու եմ զբաղվել»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Գեւորգյանը։

- Իսկ իշխանության մեջ փոփոխությունները Ձեր սիրած գործով զբաղվելու հարցում որեւէ փոփոխություն մտցրե՞լ են։

- Չէ, բացարձակ, որովհետեւ, կրկնում եմ՝ ես անկախ երաժիշտ եմ եւ իմ ստուդիայում նստած՝ երաժշտություն եմ հորինում, եւ մեր սփյուռքի եւ հայրենիքի պարի խմբերը կամ ֆիլմ արտադրողները, ներկայացում ստեղծողները օգտվում են իմ երաժշտությունից, կամ ես նորն եմ գրում։ Ես աշխատում եմ բոլորի համար եւ էդ ամեն ինչն անում եմ անշահախնդիր՝ առանց դրամի, առանց փող վերցնելու։ Եվ ինձ համար տարբերություն չկա, թե էդ պահին ինչ է լինում, ինչ չի լինում։ Կոնկրետ իմ գործի հետ որեւէ առնչություն չունեն։

- Պարզապես հասարակությունը միշտ մշակութային գործիչներից ակնկալում է որոշակի վերաբերմունք այս կամ այն խնդրի, քաղաքական գործընթացների վերաբերյալ։

- Այո, իհարկե։ Մշակույթի մարդիկ իրենց կարծիքն էլ ունեն, իրենց ասելիքն էլ ունեն, բայց երբ որ ես զբաղված եմ շատ բարձր գործով՝ մշակույթը համարում եմ շատ բարձր, իսկ քաղաքականությունը համարում եմ ցածր, ես այդ բարձր տեղից մշակույթը թողնեմ, արվեստը թողնեմ, իջնեմ քաղաքականությա՞մբ զբաղվեմ․․․ էն ա, զբաղվողներ շատ կան՝ մի ամբողջ պառլամենտ էլ հետը գումարած։

- Բայց քաղաքականությունը կարող է խանգարել կամ օգուտ տալ Ձեր զբաղմունքին, մշակույթին, արվեստին։

- Ես ծափահարում եմ բոլոր այն նախաձեռնությունների համար, որոնք դրվում են ի շահ մեր երկրի, ի շահ մեր մշակույթի, մեր բնության, ընդհանրապես՝ ի շահ խաղաղության, համերաշխության ստեղծման։ Մեր ժողովրդի մեջ պետք է լինի համերաշխություն, մենք պետք է իրար նայենք ու ժպտանք, պետք է իրար բարի, ջերմ խոսքեր ասենք, ոչ թե զզվենք իրարից։

- Հիմա մի տեսակ դրա պակասը չի՞ զգացվում։ Ասում են՝ մթնոլորտը մաքուր չէ, մարդիկ համերաշխ չեն, իրար հանդեպ թշնամանք են տածում։

- Դրսի ուժերն ամեն ինչ անում են՝ մեզ իրար թշնամի դարձնելու համար։ Մեր հարեւաններն անում են ամեն ինչ, որ մեզ դարձնեն բաժան իրարից, որպեսզի տիրեն մեզ։ Դա չգրված խոսքեր են պատմական՝ բաժանիր, որ տիրես։ Հիմա մեզ բաժանում են դրսից։ Մենք խելոք ժողովուրդ ենք, մենք ներսից իրար չենք կարող բաժանել։ Ուրեմն մենք գտնվում ենք ինչ-որ ազդեցության տակ՝ դրսից։ 

- Կարծում եք՝ այն դատավարությունները, քրեական հետապնդումները, որ տեղի են ունենում, դրսի ուժերի՞ց են ուղղորդվում։

- Ես քաղաքականությամբ իսկապես չեմ զբաղվում եւ շատ կուզենամ, որ միշտ լինի արդարություն, եւ կուզենամ արդարությունը վերականգնվի մեր երկրում, մենք իրար հարգենք, իրար սիրենք, իրար համար դոշ տանք, իրար համար թիկունք լինենք, կռիվ գնանք միասին, զոհվենք միասին, ապրենք միասին եւ սիրենք էս երկիրը միասին։ Ես կողմնակից եմ միասնության։

- Վարչապետը հաճախ է խոսում տնտեսական հեղափոխության մասին։ Որպես մշակութային գործիչ՝ ի՞նչ եք կարծում, մեզ մշակութային հեղափոխություն պե՞տք է։

- Մշակութային հեղափոխություն մեզ ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է, որովհետեւ այն, ինչով ողողված է մեր երկիրը՝ երաժշտական առումով, գերակշռում է ավելի շատ ցածրարժեք երաժշտությունը, քան բարձրարժեքը։ Գնացեք դահլիճները ու տեսեք՝ ինչքան դատարկ են, ինչքան բարձրարժեք արվեստ կա, դահլիճը դատարկ է, ինչքան ցածրարժեք արվեստ կա, լեփ-լեցուն է։ Եվ էդ ցածրարժեք արվեստներն արվում են հատուկ, երեւի։ Ես կարծում եմ, որ դա արվում է դրսից՝ մեր հարեւանների կողմից։

- Այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, երբ մշակույթի նախարարությունը միացավ կրթությանը, ակնկալվում էր, որ մշակույթի ոլորտում էլ որոշակի բարեփոխումներ կլինեն։

- Եթե ես լինեի պետությանը կից երաժիշտ, պետական մարմին, միգուցե զգայի փոփոխությունները, կզգայի շատ մանր, նաեւ բարդ հարցեր։ Բայց քանի որ ես անկախ երաժիշտ եմ, ես էդ փոփոխություններն ինձ վրա կոնկրետ չեմ զգում։ Եվ, կեցցե՛ ազատությունը, ես էդ ազատությունը շատ բարձր եմ գնահատում, ինչին որ հասել եմ։ Իմ անձնական ազատությանն եմ հասել։

- Վերջերս Մարզահամերգային համալիրում մենահամերգով հանդես եկաք եւ, կարելի է ասել, վաղուց չէիք ունեցել նման մենահամերգ։ Ի՞նչն է խանգարում առավել հաճախ նման համերգներ կազմակերպելուն։

- Դուք, կարծեմ, ներկա էիք համերգին եւ տեսաք՝ ինչքան մեծ քանակի երաժիշտներ, պարային համույթներ են մասնակցում, նաեւ արտասահմանից էր հրավիրված հյուր։ Եվ այս առումով՝ պատկերացրեք, թե ինչ ահռելի ծախսեր կան, որպեսզի ապահովվեն տեխնիկական բոլոր այն հնարավորությունները մեր նվագելու համար։ Եվ դրանք շատ թանկ արժեն, եւ կարիք կար նաեւ հովանավորության։ Մեր հովանավորները դրսից էին, ինչի համար շատ շնորհակալ եմ։

- Կառավարությունը չի՞ աջակցում նման հարցերում։

- Ես չեմ դիմել որեւէ մեկին։ Միգուցե աջակցեին, բայց ես որեւէ մեկին չեմ դիմել, որեւէ մեկի առաջ վիզ չեմ ծռել եւ չեմ էլ ծռելու։

- Իսկ ստեղծագործական առումով ի՞նչ նորություններ ունեք։

- Շատ, բազմաթիվ, ունեմ նոր ստեղծագործություններ, որոնց մի մասը հնչեց համերգի ժամանակ, եւ էլի կհնչեն ապագայում։ Երբեք չեմ դադարել երաժշտություն հորինելուց, մեր երկրի տարբեր քաղաքների, տարբեր բուհերի համար օրհներգեր գրելուց, օրինակ՝ ԱԻՆ-ի քայլերգը, Համահայկական խաղերի քայլերգը, եւ էդ ամեն ինչը մի վայրկյան չեմ դադարել, դրան գումարած՝ համերգներով հանդես եմ եկել աշխարհի տարբեր երկրներում։