«Թերթի էքնահողեք»՝ այսպիսի բան լսե՞լ էիք
Մեկօրյա վաղեմության թերթերը երբեք դեն մի նետեք: Հավատացնում եմ ձեզ՝ դուք ընթերցելու շատ բան կգտնեք դրանցում, երբ ֆեյսբուքյան համընդհանուր ղժժոցից փորձեք մի փոքր հանգստանալ եւ վերականգնել նյարդերը: Ճիշտ է, նյարդերը սովորաբար չեն վերականգնվում, բայց, այնուամենայնիվ, նրանց մի փոքր հանգիստ պետք է, որովհետեւ դրանք միշտ պրկվում են, երբ չես կարողանում համացանցում եղած հազարավոր կարծիքներից գոնե երկու կարծիք համադրել: Եվ այդ պահին մեկօրյա վաղեմության թերթը կարող է իսկական սպեղանի լինել թե՛ ձեր ուղեղի, թե՛ նյարդերի եւ թե՛ նույնիսկ ստամոքսի համար, եթե ձեր կինը մոռացել է ամսագրերի սեղանի վրայից խոհանոց տանել թխվածքաբլիթներն ու կոնֆետները:
Տակ, տա՛ա՛ա՛կ, էս ի՞նչ թերթ ա… Ահա, «Հայկական ժամանակ», ճիշտ մեկօրյա վաղեմության: Հրաշալի է… Ֆեյսբուքում բարձրացած աղմուկից ես այդպես էլ չէի կարողացել հասկանալ, թե վերջը ինչու հրաժարական տվեցին Վանեցյանն ու Օսիպյանը, արդյոք, հրաժարական տվեցի՞ն, թե՞ Նիկոլը նրանց ասաց՝ դիմումներդ գրեք՝ գնացեք: Օսիպյանի պահով մեկը գրել էր՝ Հայաստանում ընդունված կարգ է՝ մի որոշ ժամանակ աշխատելուց հետո ոստիկանապետը երկրի ղեկավարի գլխավոր խորհրդական է դառնում: Բայց ամենահետաքրքիրը Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին գրառումն էր, որ ինձ բավականին համոզիչ թվաց: Գրողը՝ մի հանաքչի օգտատեր, գրել էր. «Էդ ՀՖՖ-ն ոչ մեկի վրա չի գալի, յա՛ մանդատն են վայր դնում, յա՛ պաշտոնը, բայց մեկ ա, մենք ֆուտբոլ չունենք»:
Մի խոսքով՝ վերջին երկու աղմկահարույց, ես կասեի՝ ցունամի հիշեցնող, պաշտոնանկություններից հետո հակասական կարծիքներն այնքան շատ են, որ գլուխ հանելն ուղղակի անհնար է:
Շուռումուռ տվեցի թերթը, անցա վերնագրերի վրայով ու կանգ առա մեկի վրա: Հոդվածի պարբերություններից մեկն այսպես էր սկսվում. «Նման աղմկոտ պաշտոնանկություններ, իհարկե, լինում են աշխարհի ցանկացած երկրում, եւ դրանց պատճառները միշտ չէ, որ հրապարակվում են»: Թե ինչպես զայրացա այս նախադասությունից, չեք պատկերացնի: Լավ, ինչպե՞ս կարելի է այս աստիճան արհամարհել ընթերցողին, որ ձեռքը թերթ է վերցնում մի փոքր հանգստանալու համար: Դուք ձեր գրածը մի հատ նորից կարդացեք: Գոնե գրեք՝ «կարող են տեղի ունենալ», թե չէ ասում եք՝ «լինում են» եւ այն էլ՝ «ցանկացած երկրում»: Ես հակառակն եմ պնդում՝ Հայաստանի նման ապուշ երկրից բացի ոչ մի երկրում հնարավոր չէր, որ ԱԱԾ տնօրենը եւ ոստիկանապետը միաժամանակ հրաժարական տային, ու այդ երկրի ղեկավարությունը չկարողանար որեւէ հոդաբաշխ խոսք ասել ժողովրդին այդ, ես կասեի՝ ցունամիի մասին, հրապարակել պատճառները: Թրամփը Սպիտակ տան հավաքարարին ազատել էր աշխատանքից եւ մի քանի ասուլիս տվեց այդ կապակցությամբ, հիմնավորեց իր քայլը: Իսկ մենք, արդեն քանի օր է անցել, դեռ գցում-բռնում ենք՝ իրե՞նք հրաժարական տվեցին, թե՞ Նիկոլը «վոն» արեց:
Հոդվածի հետեւյալ մտքերն ավելի զայրացուցիչ էին: «Որպես կանոն՝ քաղաքակիրթ երկրներում նման պաշտոնանկությունները երեք հիմնական պատճառ են ունենում, կա՛մ կոռուպցիոն սկանդալ, կա՛մ այդ պաշտոնյաները պարզապես վատ են կատարում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները, կա՛մ էլ ինչ-ինչ պատճառներով տվյալ պաշտոնը զբաղեցնողի նկատմամբ պահանջներն են փոխվում (հետեւաբար՝ փոխվում են նաեւ չափորոշիչները), եւ արդյունքում՝ քաղաքական թիմում փոխատեղումներ են լինում։ Զավեշտն այն է, որ մեր դեպքում ինչ վարկածներ ասես՝ քննարկվում են, բացի այդ երեքից»: ՀԺ-ի ինտելեկտուալներին թվում է, թե իրենք ընդհանրացնող բան են ասում, բայց այս նախադասությունն ամբողջովին բաղկացած է լավ թաքնված ակնարկներից, որոնք, գոնե ինձ, տանում են ուղիղ դեպի Վանեցյանն ու հատկապես դեպի Օսիպյանը, որին, ինչքան հասկանում եմ, քաղաքական թիմը «փոխատեղել» է, քանզի չափորոշիչներ են փոխվել: Մի հատ հարց տամ, էլի… Օսիպյանի տեղակալին, որ ԺՊ եք նշանակել, Օսիպյանից ավելի լա՞վ է համապատասխանում նոր չափորոշիչներին… Բայց սպասեք, ոնց որ գլխի եմ ընկնում: Օսիպյանն Իջեւանում լավ չի ջարդել ցուցարարներին, առջեւում Ամուլսարն է՝ պիտի այնպես ջարդել, որ… Լեզուս պապանձվի… Փաստորեն, Նիկոլի չափորոշիչները փոխվել են, էլի: Մակունցն ասում է՝ այնպես պետք է անել, որ բանը ոստիկանությանը չհասնի: Օ՛, ինչպիսի ստրատեգ… Երբ Ամուլսարի հարցը լուծեք, հենց Մակունցին էլ նշանակեք ոստիկանապետ, փոխեք չափորոշիչներն ու նշանակեք, համ էլ աղմկահարույց սկանդալ չի լինի:
Ինչ վերաբերում է Վանեցյանին՝ ՀՖՖ նախագահին, ապա նրա ուղղությամբ առավել թափանցիկ են ակնարկները: Թերթը գրում է. «Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, որ որեւէ ժողովրդավարական երկրում հատուկ ծառայությունների ղեկավարի ընտանիքի անդամներից մեկի անունն ամիսներ շարունակ հոլովվի քրեական գործի շրջանակներում, հետո այդ պաշտոնյան հրաժարական տա, ու մարդիկ իրար հարցնեն՝ «տեսնես ինչո՞ւ հրաժարական տվեց»»: Չէ, եղբայր, ես այսպիսի հոդված մեր դպրոցի պատի թերթում էլ չէի հրապարակի. բարձր կարգի բամբասանք: Ինչո՞ւ չեք ասում, որ խոսքն այստեղ «ժողովրդավարական» Հայաստանի ու մեր հատուկ ծառայության ղեկավարի ընտանիքի անդամին է վերաբերում: Ինչո՞ւ անուններ չեք տալիս, ինչո՞ւ տարի ու ամիս չեք նշում, թե երբ հանկարծ իմացաք, որ այդպիսի բան կա, երբ քրեական գործ հարուցեցիք… Գուցե վախենում եք, որ Վանեցյանը մի հա՞տ էլ «բամփի»… Որ Վանեցյանը մի հատ էլ է «բամփելու», ես չեմ կասկածում, բայց ինչո՞ւ միանգամից չասել ողջ ճշմարտությունը եւ թողնել, որ վարչապետի ինչ-որ խոսնակ իր խորամանկ ձեւակերպումներով Փաշինյան-Վանեցյան մենամարտը վերածի կատարյալ քաոսի: Ի դեպ, Նիկոլ դայի, խոսնակիդ նկատմամբ չափորոշիչներդ ե՞րբ ես փոխելու: Քեզ լրիվ իրենց գյուղի «նախագի» տեղն է դրել, մի քիչ ձգի «գայկեքը»:
«ՀԺ»-ն կարդալով ու ինձուինձ զայրանալով՝ հասա վերջին, որտեղ Վանեցյանից կտրուկ անցում են կատարել Օսիպյանին, Օսիպյան ասելու փոխարեն օգտագործելով «որեւէ ոստիկանապետ» բառակապակցությունը: «…Մեզ մնում է ընդամենը արձանագրել, որ ոստիկանության հիմնական գործառույթը երկրում կարգուկանոն ապահովելն է, եւ եթե որեւէ ոստիկանապետ չի ցանկանում անել դա՝ վախենալով, որ կարող է այդ ընթացքում որեւէ մեկի արմունկը քերծվել, ուրեմն ավելի ճիշտ կլինի, եթե փոխի պատասխանատվության ոլորտը, որովհետեւ մարդկային որակների եւ պաշտոնի անհամապատասխանությունից կարող է տուժել պետությունը»: Այ, հենց այստեղ ծիծաղս բռնեց ու այնպես, որ սերվանդի բաժակները զնգզնգացին: Սա «ՀԺ»-ն է գրե՞լ, այն թե՞րթը, որի խորհրդարանական խմբակցությունն ընդամենը 2 օր առաջ ոստիկանապետին ներկայացվող պահանջներն իջեցրեց պլինտուսի մակարդակի, ինչի արդյունքում հնարավոր է, որ արդեն ամեն օր տուժի պետությունը՝ ոստիկանապետի մարդկային որակների եւ պաշտոնի անհամապատասխանությունից:
Իսկ հիմա լրջանանք: Ես այս տողերը շատ ուշադիր եմ կարդացել, դուք էլ կարդացեք։ Պարոն Օսիպյան, կարդո՞ւմ եք. «…եթե որեւէ ոստիկանապետ չի ցանկանում անել դա (կարգուկանոն հաստատել)՝ վախենալով, որ կարող է այդ ընթացքում որեւէ մեկի արմունկը քերծվել, ուրեմն ավելի ճիշտ կլինի, եթե փոխի պատասխանատվության ոլորտը»: Տեղ հասանք, ինչպես ասում են: Ուրեմն, որ Օսիպյանը 2018-ին Նիկոլի ձեռուոտը չկապեց Ֆրանսիայի հրապարակում, բանտերը չլցրեց «քայլոներին», քաղաքապետարան չհանձնեց Չալոյին ու չցրեց Սորոսի՝ հաշիշով օծուն հեղափոխական բանդաները, լավ ոստիկանապետ էր, իսկ այսօր, երբ Նիկոլը վարչապետ է, իսկ Օսիպյանը չի ցանկանում «արյուն» բերել մարդկանց արմունկներից, արդեն վատն է ու պետք է փոխի պատասխանատվության ոլորտը, այո՞: Պարոն Օսիպյան, սրանից հետո՞ էլ «սպայի պատիվը» Ձեզ ոչինչ չի ասում: Ցավում եմ, որ համաձայնել եք փոխել Ձեր մասնագիտությունը՝ կարմիր լամպասներով անդրավարտիք, ասեղնագործ գեներալական ուսադիրներ, գերբով, բարձրաթռիչք «ֆուրաժկա»… Որ ասում էի՝ էս արջի քոթոթները մեծանան՝ ձեր էն բաների հետ են խաղալու, չէիք հավատում: Ոստիկանը մերն ա, ոստիկանը մերն ա…
Հուսամ՝ դու էլ մի փոքր հանգստացար, սիրելի ընթերցող, եւ այսուհետ մեկ-մեկ նախորդ օրվա «Հայկական ժամանակ» կվերցնես ձեռքդ, որպեսզի հեշտ լինի հասկանալ իշխանությունների այսօրվա արածը: Իսկ թե ինչու «Հայկական ժամանակ», թույլ տուր այդ մեկը չբացատրեմ:
Կարծիքներ