Լավագույն ինդիկատորը զորավարժություններն են, իսկ 2020-ից մինչ այսօր մենք ոչ մի զորավարժություն չենք արել

Լավագույն ինդիկատորը զորավարժություններն են, իսկ 2020-ից մինչ այսօր մենք ոչ մի զորավարժություն չենք արել

Հոկտեմբերի վերջին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագիր ստորագրեցին։ Իսկ 3 օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները աղմուկ բարձրացրին, որ Ֆրանսիան «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։ Նախօրեին էլ լուր հրապարակվեց, որ Հնդկաստանից Հայաստան է ուղարկվելու զինտեխնիկայի նոր չափաբաժին։

Ռազմական տեխնիկայի ձեռքբերման ու այլ հարցերի մասին զրուցել ենք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ։

- Հայաստան բերված «Բաստիոնների» մասին տելեգրամում տեղեկություններ տարածվեցին, որ դրանք ավելի վաղ ուկրաինական կողմը հրաժարվել է ընդունել, քանի որ շատ թերություններ ունեն, բերել են Հայաստան։ Ինչպե՞ս կարող ենք այդ զրահամեքենաներն օգտագործել։

- Պաշտոնական հայտարարություն կամ մեկնաբանություն այդ մասին չի եղել՝ տելեգրամյան ալիքներում են տարածել նման տեղեկատվություն։ Դրանք զրահամեքենաներ են, որոնք կարող են մեր հատուկ ստորաբաժանումների շարժունակությունը մեծացնել, այսինքն, ավելի անվտանգ մի տեղից մյուսը տեղափոխվեն։ 

 -Եթե, օրինակ «Բայրաքթարի» նշանառության տակ հայտնվեն կամ օդային հարձակումների` ապահո՞վ են։

- Հակաօդայինի պահով դեռ պետք է փորձել, ինտեգրել այդ ամեն ինչը մեր ունեցած համակարգի մեջ՝ նոր հետո արդյունավետությունը գնահատել։ Եթե համապատասխան որոշումներ կայացնողներն արդեն պատկերացնում են, թե ոնց են ինտեգրելու այդ ամեն ինչը մեր զինված ուժերում, իմ կարծիքով, լավագույն ձևերից մեկը հաճախակի զորավարժություններ անելն է, բայց 2020 թվականից այս կողմ մենք ոչ մի զորավարժություն չենք իրականացրել։ Այսինքն, մեկ այլ հարց է տեխնիկա ձեռք բերելը, և ավելի կարևոր հարցերից է, որ այդ ամեն ինչը ինտեգրես քո համակարգում, որ արդյունավետությունը հնարավորինս բարձր լինի։ Իսկ ինտեգրման լավագույն ձևերից մեկը համարվում է ինտենսիվ զորավարժությունների փուլերը, որպեսզի թե մեր անձնակազմը տիրապետի այդ տեխնիկային, էլ չեմ խոսում ՄՈԲ ռեսուրսի մասին, որ պահեստազորայինների ներգրավմամբ նույնպես տարբեր զորավարժություններ անցկացնեն եւ նրանք հնարավորինս տիրապետեն, որ պատասխանատու պահերին արդյունավետ կիրառեն։ 

- Տեղեկություններ հրապարակվեցին նաև Հնդկաստանից ուղարկված հաուբիցների մասին։ Բայց կուզենայի կենտրոնանայինք մի խնդրի վրա, ինչու է զենքի ձեռքբերումն այսպիսի աղմուկով ուղեկցվում։

- Այստեղ պարզ երևում է, որ քաղաքական բաղադրիչն ավելի շատ է։ Պարզ երևում է, որ այս աղմուկը անհամաչափ է այս զենքերի քանակի, որակի հետ։ Միշտ լավ է, որ քո երկրի պաշտպանության աստիճանի բարձրացմանն ուղղված ցանկացած թեկուզ փոքր, միջին կամ մեծ քայլ դա բնական է՝ շատ լավ է, բայց այս ուղեկցվող շուխուռը, աղմուկը, որ ֆիքսենք նաև` հատկապես ֆրանսիական կողմից դուրս եկավ, հստակ զգացվեց, որ քաղաքական բաղադրիչը շատ մեծ է։ Այսինքն, Ֆրանսիան որպես գերտերություն իր շահերից բխող գործողություններ է իրականացնում և դա նորմալ է։ Ու նման փոքր քայլերով փորձում է այս տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդել՝ ավելի շատ գուցե այդ բաղադրիչն է, քան անվտանգային կոմպոնենտը։

- Իսկ որքանո՞վ էր ճիշտ Հնդկաստանից զենք ձեռք բերելը, եթե հաշվի առնենք, որ Հնդկաստանի հետ ուղիղ սահման չունենք, իսկ Արևմուտքից եկող զենքը միայն Վրաստանով կարող է մտնել Հայաստան։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի Իրանի հետ գալ համաձայնության։

- Ես կարծում եմ, որ բոլոր պետությունների հետ էլ պետք է աշխատել, Իրանի հետ էլ մենք աշխատելու շատ լայն դաշտ ունենք, որի մաքսիմալ հզորությունը չեմ կարծում, որ օգտագործում ենք։ Ահագին տեղ ունենք ավելացնելու, բայց ամեն դեպքում ինչքան շատ լինեն երկրները, որոնց հետ հնարավոր է համագործակցել` ինչ-որ թեկուզ փոքր անվտանգային բաղադրիչ, անվտանգային կոմպոնենտ ունենալ, խնդիր լուծելու համար, այնքան լավ։ Իսկ ինչ վերաբերում է լոգիստիկ հարցերին, խնդիրներ լինելու են ու, իմ կարծիքով, գնալով հնարավոր է ավելի մեծանան՝ հետևելով Ադրբեջանի այս ջղաձիգ արձագանքին, որ ծանր են տանում այդ ամեն ինչը։ Հստակ երևում է, որ նրանք ամեն ինչ` իրենց դիվանագիտական ամբողջ արսենալը, բոլոր հնարավոր միջոցները օգտագործելու են, որպեսզի որոշակի խոչընդոտներ ստեղծեն, ինչը էլի նորմալ է, քանի որ թշնամական հարաբերությունների մեջ են մեզ հետ։ Նույն բանը մենք պիտի անենք, ինչը հիմա իրենք են անում, այսինքն այդտեղ արտառոց բան չեմ տեսնում։

- Զենքի մատակարարումը կարո՞ղ է առիթ դառնալ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական գործողություններ ձեռնարկելու։

- Միջազգային հանրության կողմից Արցախում կատարված գործողություններից հետո նորմալ հայտարարություն չեղավ և չկարողացան կանխել, բայց գոնե մեծ խաղացողները շատ լավ հասկանում են, որ ով-ով, բայց Ադրբեջանը ամենավերջինը պիտի խաղաղությունից, մարդու իրավունքներից ու մարդասիրությունից խոսի։ Այստեղ հարցն այն է, թե մենք ինչպես ենք գնահատում այդ ռիսկերը ու ինչպես ենք փորձում դրան պատրաստվել։ Այն, որ Ադրբեջանը պատրաստվում է մեզ հետ հաջորդ բախմանը, դրա մասին Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն է` Եվրամիությունում, խոսել, դրա մասին մեր երկրի ղեկավարությունն է տարբեր ամբիոններից հայտարարում, ԱՄՆ-ի որոշակի չինովնիկներ են խոսում, այսինքն, այդ ռիսկը, որ ինչ-որ փուլում կարող է լինել, բնականաբար մեծ է, մենք պիտի հասկանանք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք՝ հնարավորինս արդյունավետ դիմակայելու համար, եթե նման բան լինի։

- Սպառազինության մատակարարման աղմո՞ւկն է շատ, դա ի ցույց դնելու ջանքե՞րը, թե՞ գործնական քայլերը։

- Իմ կարծիքով, ավելի շատ խոսվում է ինչ-որ բաների մասին, քան գործ է արվում։ Ամենալավ ցուցանիշը, որ երևա, որ գործ է արվում, նորից կրկնեմ՝ դա զորավարժություններն են, ինչքան շատ դու զորավարժություններ իրականացնես, ինչքան մեծ մասշտաբի իրականացնես, այնքան մեծ է հավանականությունը, որ հաջորդ ագրեսիայի դեպքում քո զինված ուժերը էլ ավելի պատրաստված կդիմավորեն հակառակորդին։ Այսինքն, լավագույն ինդիկատորը զորավարժություններն են։ 2020 թվականի պատերազմից հետո մինչ այս պահը մենք ոչ մի զորավարժություն չենք իրականացրել, ինչի՞ մասին է խոսքը: Բնականաբար ավելի շատ խոսվում է, քան ինչ-որ գործ է կատարվում։