Ինչու Փաշինյանը գերիների հարցը նորից «գցեց ռուսների գրպանը»

Ինչու Փաշինյանը գերիների հարցը նորից «գցեց ռուսների գրպանը»

Նիկոլ Փաշինյանն իր երեկվա հարցազրույց-մենախոսությունում անդրադարձել է նաեւ գերիների խնդրին։ Գերիների խնդրի հետ կապված նրա խոսքը, եթե փորձենք վերլուծել հետեւյալին է հանգում.

 

•  Գերիների վերադարձով պետք է հետաքրքրված լինի Ռուսաստանը, որովհետեւ դա Մոսկվայի համար, այսպես ասենք, «պատվի հարց է»:

•  Այսօր հաստատված գերիների իննսուն եւ ավելi տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։
•  Ադրբեջանը փորձում է շահարկել հումանիտար հարցերը, այդ թվում նաեւ՝ գերիների վերադարձի հարցը։
Արդեն այսօր գերիների ծնողները Գյումրիում բողոքի ակցիա են իրականացնում ռուսական հյուպատոսարանի առջեւ, ըստ էության, Ռուսաստանից պահանջելով հետ բերել իրենց զավակներին։
Ասել, թե Փաշինյանն անգիտակցաբար, հերթական անգամ «բլթացրել» է, սխալ կլինի։ Նախ նա այնքան միամիտ չէ, որ այս թեմայով «բլթացնի» եւ շատ հետաքրքրական զուգադիպությամբ, Հայաստանի գործող վարչապետը երեկ իր ասուլիսում հերթական անգամ գերիների հարցը «գցում է ռուսների գրպանը», իսկ այսօր գերիների ծնողները դուրս են գալիս բողոքի ակցիայի, ու Պետդեպարտամենտից էլ հայտարարում են, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ամերիկացի համանախագահը Ղարաբաղի ապագայի վերաբերյալ իր ռուս եւ ֆրանսիացի գործընկերներին զրույցի է հրավիրել, սակայն ռուս համանախագահ Իգոր Խովաեւը մերժել է այդ հրավերը։ 
Ի՞նչ է սա նշանակում։ 
•  Ըստ էության ականատես ենք լինում գերիների խնդրի ամենագռեհիկ ու ամենից անբարոյական շահարկման։ Մի կողմ ենք թողնում այն, որ շատ «պատահական զուգադիպությամբ», շատ կազմակերպված ձեւով գերիների ծնողները դեռ լույսը չբացված, դուրս են գալիս բողոքի ակցիայի՝ կախվելով Գյումրու ռուսական հյուպատոսարանի պարսպից։
•  Մի կողմ ենք թողնում նաեւ այն, թե նշված ակցիայի կազմակերպման, կամ հրահրման գործում ով ինչ ներդրում է ունեցել, ինչի մասին ակտիվ խոսակցություններ կան։
•  Հերթական անգամ արձանագրենք, որ գերիների վերադարձի հարցը, անկախ այն հանգամանքից, թե ինչ ձեւակերպում ունի այն՝ մարդասիրական հարց, թե փոխվստահության մակարդակի բարձրացմանը միտված քայլ, ի վերջո լուծվելու է։ 
•  Հստակ է, որ բոլոր գերիները գալու են հետ, ու դա բավականին լուրջ գործընթաց է, ուստի պետք է լինել հավասարակշռված, ավելորդ հուզականությունից զերծ։
•  Հստակ է նաեւ, որ գերի պահող պետության համար գերի ունենալը տաժանակիր բան է ու ոչ մի երկիր շահագրգռված չէ գերի պահելու հարցում։ Նույնիսկ Ադրբեջանի համար է դա տաժանակրության նման մի բան, քանի որ հավելյալ լծակ է Ադրբեջանի վրա ներգործելու համար՝ թե Արեւմուտքի ձեռքին, թե Ռուսաստանի։ 
•  Գերիները, նույնիսկ «թխված» կամ «կարված» գործերով, սակայն դատապարտյալներ են, որոնցից ամեն մեկը  լուրջ հոդված է «շալակած»։ Ու Ալիեւի վարչակարգը բոլորին միանգամից ազատելու դեպքում հենց ադրբեջանական հասարակության հետ է «հարցուպատասխան» ունենալու, եւ բավական կոշտ կերպով, որովհետեւ հենց ադրբեջանական հասարակության մեջ հարցեր են հնչելու, թե ինչպես ստացվեց, որ նույն գերուն Ալիեւի վարչակարգի հրահանգով դատավորն ու դատախազը դարձրեցին «ահաբեկիչ», իսկ հիմա ազատ են արձակում։
•  Փաշինյանի եւ փաշինյանական թիմի կեցվածքի մոտիվացիան հասկանալի է։ Դա ընդունված է անվանել՝ «երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն»։ Սակայն հիշեցնենք, որ այս մեթոդն արդեն ահագին ժամանակ է, ինչ չի գործում, եւ հետսովետական տարածքում փորձառությունը ցույց է տալիս, որ ով քաղաքական լիդերներից փորձում է նստել երկու աթոռի, վերջում երկու աթոռից էլ ընկնում է ու «վնասում ամորձիները»։ Սկսած Սահակաշվիլուց մինչեւ Զելենսկի` օրինակներ կան, որոնցից որպես նախադեպ Փաշինյանը եւ նիկոլական թիմը կարող են դասեր քաղել։
•  Եւ վերջապես, ռուսների դեմ «բոչկաներ գլորելով», երբ քեզանից բառացիորեն ոչինչ չես ներկայացնում, ու նույնիսկ լուրջ չես ընդունվում լուրջ մարդկանց միջավայրում, չես հասնի որեւէ բանի, քան միայն այն, որ կարող են ամենափոքր առիթի դեպքում «ցույց տալ, թե որտեղ են ձմեռում խեցգետինները» մատնացույց անելով ոչնչությունդ։ 
•  Ու որպես ամփոփում՝ գերիների հարցը նախ եւ առաջ ու հատկապես՝ Հայաստանի հարցն է, Հայաստանի իշխանությունների հարցն է, ապա միայն ռուսների կամ ամերիկացիների, կամ եվրոպացիների։