Այս ժողովուրդը ո՞նց է դիմանում

Այս ժողովուրդը ո՞նց է դիմանում

Աղքատ, հետամնաց պետության երեսփոխանները միջին աշխատավարձից ավելի քան տասնյակ անգամ բարձր աշխատավարձ են ստանում։ Աբսուրդ է, չէ՞։ Բայց սա աբսուրդի մի մասն է։ Բառի բուն իմաստով անտնտեսություն, առանց արդյունաբերական գործարանների, ձեռնարկությունների երկրի, որի բնակչության ստվար մասը փող է աշխատում «առնեմ-ծախեմ» սկզբունքով, խորհրդարանում գրեթե ջուր ծեծող, երրորդական, չորրորդական, տասերորդական կարգի որոշումներ ընդունող պատգամավորները ոչ միայն բարձր աշխատավարձ են ստանում, այլեւ՝ պարգեւավճար։ 

Այսինքն, նրանք այնքան ծանրաբեռնված ու լարված են «աշխատում», որ այդ աղքատ երկրի պետական բյուջեից հսկայական գումարներ են ստանում։ Եվ դեռ շարքային քաղաքացիները, սրանց ընտրողները զարմանում են, թե, օրինակ, իրենց ընտրողներից այդքան թուքումուր ուտող ընդդիմադիր համարվող երեսփոխաններն ինչու ցած չեն դնում իրենց մանդատները։ Ու ահա խորհրդարանում հույժ կարեւոր ջուրծեծոցիով զբաղված այս պարոնների ու տիկնանց որոշումներով հանրապետության քաղաքացիներից մուծվող հարկերը բարձրացնում են, ավելին՝ նորանոր հարկեր են ավելացնում։ Անգամ արտագնա աշխատանքով տուն պահողներից են փորձում հարկեր գանձել։ Իսկ ի՞նչ ասել է հարկ։ 

Ընդհանրապես ցանկացած պետություն իր քաղաքացիների պաշտպանիչ ջերմոցն է։ Այդ ջերմոցի աշխատանքն ապահովելու համար մարդիկ հարկեր են մուծում եւ մասնակցում են՝ ով ոնց կարող է։ Ձեռներեցը գործ է անում եւ իր գործից հարկ է մուծում։ Մեկ այլ քաղաքացի իր համեստ շահույթներից է հարկ մուծում։ Շեշտեմ՝ բոլորը մուծվում են որպես իրենց գործի հնարավորություն տված պետությանը փոխհատուցում։ Հարկերը, իշխանություն կոչված միջանկյալ մենեջերի օգնությամբ, ծախսվում են պետության ապահովմանը, միտված են նրա զարգացմանը, պաշտպանությանը։ Եթե իշխանավորը հարկերի ու իր դիրքի հաշվին հարստանում է, ապա նշանակում է, որ նա հանցագործ է, թալանում է ժողովրդին։ Նույնը վերաբերում է նաեւ միջնորդ ձեռներեցությանը՝ բանկիրներին, առեւտրականներին ու գործ դասավորողներին։ 

Նրանք կարող են միջնորդության իրենց վարձավճարն ունենալ, բայց չեն կարող արտոնյալության հասնել, գերհարստանալ ու նստել հանրության գլխին։ Մեզանում մարդուն, ժողովրդի լեզվով ասաց՝ ֆռռցնել, շահագործել, գլխին նստելը սովորեցին հենց անկախական կոչված առաջին իսկ օրից, պետությունն էլ դրան զուգընթաց ավերվեց։ Երեք տասնամյակի բարձունքից երբ նայում ենք անկախ Հայաստանի Հանրապետության անցած ճանապարհին, լրջորեն կասկածում ենք, որ Հայաստանում չկա ոչ հանցագործ որեւէ պաշտոնյա ու, սկզբունքորեն ասած՝ նաեւ իշխանության հետ կապ ունեցող որեւէ ոչ հանցագործ ձեռներեց։ Իսկ այսօր վիճակն առավել մտահոգիչ է։ Շատ սեղմ եզրակացությունս՝ այս երկիրը, այս ժողովուրդը ո՞նց է դիմանում։ 

Գարեգին Վարդանյան