Ինչ է տեղի ունենում, երբ լրանում է մեղադրանքի վաղեմության ժամկետը

Ինչ է տեղի ունենում, երբ լրանում է մեղադրանքի վաղեմության ժամկետը

Նախաքննության եւ դատական քննության փուլում գտնվող բազմաթիվ քրեական-քաղաքական գործերով առաջադրված մեղադրանքների վաղեմության ժամկետները կա՛մ լրացել են, կա՛մ լրանում են։ Մենք գրել էինք, որ «կաշառքի» գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը լրանում է մայիսի վերջին։ Արմեն Չարչյանին՝ Հաց բերողի գործով իբրեւ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը եւս լրացել է, սակայն վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, եւ անգամ ԱԺ-ն վաղեմությունը լրացած մեղադրանքով տվեց իր համաձայնությունը՝ քրեական վարույթ սկսելու։ Մենք որոշեցինք պարզել, թե ինչ կարգավորումներ է նախատեսում օրենսդրությունը՝ կապված վաղեմության ժամկետների հետ։

Մեզ հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է լինում, երբ դատաքննության փուլում գտնվող գործի վաղեմության ժամկետը լրանում է, ասաց, որ տարբեր կարգավորումներ կան՝ քրեական նախկին օրենսգրքի պարագայում այլ կարգավորում էր գործում, նորի դեպքում՝ այլ։ «Նախ, դա Քրեական օրենսգրքի խնդիր է, այլ ոչ դատավարական, այդ հարցերը ՔՕ-ն է կարգավորում։ Առաջվա կարգավորումն այն էր, որ մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը եթե վաղեմության ժամկետը լրացավ, ապա անձը պիտի ազատվի պատժից, իսկ եթե ինքը դեմ չէ, որ քրեական հետապնդումը դադարեցվի՝ մինչեւ դատավճիռը, ապա քրեական հետապնդումը պիտի դադարեցվի։ Իսկ հիմա վաղեմության ժամկետն ընդհատվում է այն պահին, երբ իրեն մեղադրանք են առաջադրում, այսինքն՝ եթե վաղեմության ժամկետը չլրացած լինելու պահին իրեն մեղադրանք առաջադրեն, ապա վաղեմության ժամկետ չի կիրառվում»,- պատասխանեց Ալումյանը։

Նրա խոսքով՝ եթե դատաքննության փուլում վաղեմության ժամկետը լրացել է, անձը նաեւ կարող է առարկել քրեական հետապնդման դադարեցման դեմ։ «Անձը կարող է ասել, որ ես չեմ ուզում, որ իմ հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվի, որովհետեւ ես ուզում եմ հասնել նրան, որ արդարացվեմ, որ բոլորը տեսնեն, որ ես այդ հանցանքի հետ կապ չեմ ունեցել։ Այսինքն՝ եթե անձն ասում է, որ ես մեղավոր չեմ եւ պնդում եմ, որ գործի քննությունը շարունակվի, անկախ այն բանից, որ վաղեմությունն է լրացել, պետությունը պարտավոր է քննությունը շարունակել ու հասցնել ավարտին, իսկ եթե անձն ընդամենը դեմ չէ վաղեմությունը կիրառելուն, ուրեմն պիտի կիրառվի»,- պատասխանեց փաստաբանը։

Իսկ վաղեմության ժամկետի լրանալուն պես ո՞վ է քրեական վարույթը կարճելու նախաձեռնողը, Ալումյանն ասաց․ «Օրենքի տրամաբանությունն այն է, որ եթե մեղադրյալն ակնհայտորեն ցույց չի տալիս, որ ինքը դեմ է, ուրեմն պիտի տվյալ վարույթ իրականացնող մարմինը՝ նախաքննության ընթացքում՝ քննիչը, դատաքննության ընթացքում՝ դատարանը, տեղեկացնի, որ վաղեմության ժամկետը լրացած է, եւ եթե տեսնում են, որ իր կողմից առարկություն չկա, ապա կիրառում են»։ Հարցրինք նաեւ, թե որքանով է տեղին, երբ պետությունը քրեական վարույթ է նախաձեռնում այն պայմաններում, երբ գիտի, որ այդ վարույթը վաղեմության ժամկետի հիմքով կարող է կարճվել։ Դա պետական ռեսուրսի վատնում չէ՞։

«Ռեսուրսները ամեն դեպքում վատնվում են, բայց պետությունը դա անհրաժեշտաբար է կատարում, որովհետեւ եթե կա հանցագործության դեպք, ապա պետությունը պարտավոր է քննել։ Եթե կոնկրետ անձի դեպքում վաղեմություն պիտի կիրառվի, ապա պետությունն է շահագրգռված, որ ինչքան հնարավոր է՝ գործի քննությունը շարունակվի, որովհետեւ դա մեկ այլ անձի կամ այդ նույն անձի համար հետագայում կարող է զսպող դեր ունենալ։ Քրեական արդարադատության նպատակներից մեկն էլ որքան հնարավոր է կանխել ապագայում՝ այստեղ վարույթ հարուցելով հնարավոր է մեկ ուրիշին հետ պահել նման արարքից, եւ կարծում եմ, որ դա իր դերը, այնուամենայնիվ, ունենում։ Ես պաշտպանյալներ եմ ունեցել, որոնց նկատմամբ վաղեմությունը կիրառվել է, եւ ազատվել են պատասխանատվությունից, եւ ես զգացել եմ, որ դա իր զսպող դերն ունեցել է, իր ազդեցությունը թողել է։ Այսինքն՝ ինքը հասկացել է, որ մի փոքր էր մնում, որ գնար ու պատիժ կրեր, բայց այս անգամ դա տեղի չունեցավ, ու դա իրեն զսպում է»,- պատասխանեց Ալումյանը։ Իսկ եղե՞լ է դեպք, որ մեղադրյալն առարկի վաղեմության ժամկետ կիրառելու հարցում եւ արդարացվի․ «Իհարկե, եղել է, այդ թվում՝ նաեւ իմ պաշտպանյալների մեջ»։

Զրուցեցինք նաեւ փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ․ «Վաղեմության ժամկետը լրանալու դեպքում տեղի է ունենում հետեւյալը․ անձին հարցնում են, թե արդյոք ինքը ցանկանո՞ւմ է, որ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով կարճվի, հետապնդումը դադարեցվի, եւ եթե նա համաձայնում է, ապա այդպես էլ արվում է, իսկ եթե անձն առարկում է դրա դեմ, ապա քննությունը շարունակվում է, վերջում կայացվում է մեղադրական կամ արդարացման դատական ակտ, բայց պատիժ չի նշանակվում։ Տարբերությունն այն է, որ վաղեմության հիմքով քրեական հետապնդման դադարեցումն արդարացնող հիմք չէ։ Շատերը պնդում են, որ իրենք առհասարակ արարք չեն կատարել, եւ պնդում են, որ քննությունը շարունակվի, որպեսզի արդարացնող դատական ակտ կայացվի»,- պատասխանեց նա։ Հարցրինք՝ սա ռեսուրսների վատնում չէ՞, երբ նախաքննական մարմինը, իմանալով, որ մեղադրանքի վաղեմության ժամկետը լրանալու է մինչեւ դատական ակտը, այնուամենայնիվ, որոշում է մեղադրանք առաջադրել։ «Ես չգիտեմ, թե կոնկրետ որ գործի մասին է խոսքը, բայց դա հազվադեպ պատահող բան է։ Ես կարող եմ ասել, որ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ որեւէ նյութաիրավական հետեւանք չի առաջանալու, այսինքն՝ անձը որեւէ պատիժ չի կրելու, շատ հաճախ առհասարակ ռեսուրս չի ծախսվում։ Ռեսուրս ծախսելը, կարծում եմ, պայմանավորված կարող է լինել այլ հանգամանքներով՝ քաղաքական կարող է լինել, առանձին դեպքերում այլ պատճառներ կարող են լինել, ինձ հայտնի դեպքերը ես կդիտարկեի որպես քաղաքական, օրինակ՝ նույն ԱԺ պատգամավորների մասով»,- պատասխանեց Մելիքյանը։

Ամեն դեպքում, վաղեմության ժամկետի կիրառումը, եթե այն լրանում է քննության ընթացքում, վերաբերում է այն գործերին, որոնք հարուցվել են մինչեւ 2022 թ․ հուլիսի 1-ը՝ նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրը հարուցված գործերին, նոր օրենսգրքով՝ եթե գործը հարուցվում է մինչեւ վաղեմության ժամկետի լրանալը, ապա այդ հիմքով այդ գործերն այլեւս չեն կարող կարճվել։