Փաշինյանը մատաղ է անում Հայաստանն ու Արցախը՝ Ալիեւին խնդրելով փրկել իրեն

Փաշինյանը մատաղ է անում Հայաստանն ու Արցախը՝ Ալիեւին խնդրելով փրկել իրեն

Երբ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանի ամբիոնից աղերսում է, որ Իլհամ Ալիեւը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ճանաչի ԽՍՀՄ սահմանները, դա չի անում հանուն Հայաստանի կամ Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման: Այլ հանուն իր փրկության, հանուն իր իշխանության պահպանման: Նա հասկանում է, որ իր քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ անձամբ իր ու իր քաղաքական թիմի ճակատագիրը հայտնվել է Ադրբեջանի նախագահի ձեռքում՝ որ պահին Ալիեւն ուզենա, Փաշինյանը կկորցնի ոչ միայն իշխանությունը, այլեւ դրա արդյունքում անձնական անվտանգության ներկայում առկա երաշխիքները:
Փաշինյանն ԱԺ ամբիոնից չի ասում, որ ՀՀ իշխանությունը, բանակը եւ ժողովուրդը պատրաստ են պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, չի ասում, որ թշնամու հարձակման դեպքում հայ ժողովուրդն արժանի հակահարված կհասցնի նրան, ինչպես որ կաներ իրեն հարգող յուրաքանչյուր երկրի իշխանություն, իշխանության ղեկավար: Այլ ասում է՝ ես հրաժարվում եմ Արցախից, հրաժարվում եմ արցախցիների իրավունքների պաշտպանությունից, հրաժարվում եմ նույնիսկ այն տարածքներից, որոնք Ադրբեջանը գրավել է Հայաստանից, միայն թե Ալիեւը չշարունակի հարձակումները Հայաստանի վրա, միայն թե թողնի, որ եղածը մնա, որ ինքն էլ կարողանա վարչապետ աշխատել: Թուրքիային ուղղված նվաստացուցիչ եւ զզվելի ռեւերանսները եւս դրան էին ուղղված. Փաշինյանն ուզում էր ասել, որ պատրաստ է Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ, ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ առկա հակաթուրքական հատվածը, հպարտանալ Թուրքիայում ծածանվող Հայաստանի դրոշներով, միայն թե Թուրքիան միջնորդի Փաշինյանի համար, միջնորդի Ալիեւի մոտ, որ նա թույլ տա իրեն՝ շարունակել իր ողորմելի գոյությունը: Փաշինյանն աղերսում է, բայց այնքան էլ վստահ չէ, որ Թուրքիան կարձագանքի:
Ալիեւը հրճվում է՝ տեսնելով, թե ինչպես է Փաշինյանը ծնկաչոք աղերսում խղճալ իրեն, եւ ավելի է նվաստացնում, նա պահանջում է, որ Փաշինյանը ոչ թե հրաժարվի Արցախից ու արցախցիների իրավունքներից, այլ դա անի իր ուզած ձեւով. հայտարարի, որ Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վերջ: Փաշինյանը, ով ընդամենը 3 տարի առաջ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, հիմա պետք է հայտարարի՝ Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վերջ: Կասկած չկա, որ Փաշինյանը կարող է հաջորդ անգամ խորհրդարանի ամբիոնից նաեւ նման հայտարարություն անել, հիմնավորելով, որ եթե դա է Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման գինը, ապա ինքը պատրաստ է վճարել դա, փոխարենը Ալիեւը գթասրտություն դրսեւորի իր նկատմամբ:
Միայն թե Ալիեւին Փաշինյանին ստորացնելուց եւ այդ տեսարանով հրճվելուց բացի այլ բան է պետք: Նա երբեք չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ: Նրան պետք է Սյունիքը կամ առնվազն դրա մի մասը, որը ինքը կոչում է Զանգեզուրի միջանցք եւ ցանկանում է այդ միջանցքով կապվել Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Ալիեւին պետք է ոչ թե ճանապարհ, այլ հենց տարածք, պետք է, որ այդ տարածքի նկատմամբ վերահսկողություն եւ ինքնիշխանություն ունենա ոչ թե Հայաստանը, այլ՝ Ադրբեջանը: Ալիեւի ինչի՞ն է պետք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե ինքը պատրաստվում է պատերազմել Հայաստանի դեմ:
Փաշինյանը հասկանում է, որ ինքը երկիրն ու բանակը հասցրել է այնպիսի վիճակի, որ դիմադրության ռեսուրս գրեթե չկա: Սյունեցիները, բանակը, իհարկե, կդիմադրեն, բայց հաղթանակի համար միայն մարդկանց վճռականությունն ու անձնազոհությունը բավարար չէ, պետք է պետական իշխանությունը կազմակերպի այդ դիմադրությունը: Անհրաժեշտ են ժամանակակից զենք, զինամթերք, երկրի մարդկային եւ նյութական ռեսուրսների մոբիլիզացիա, համապատասխան աշխատանք դաշնակիցների հետ: Մի բան, ինչը Փաշինյանի իշխանությունն ընդունակ չէ իրականացնել, ինչի լավագույն ապացույցը 2020-ի 44-օրյա պատերազմն էր:
Փաշինյանը հասկանում է, որ երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի Հայաստանի դեմ ու ներխուժի Հայաստանի տարածք, իր իշխանությունը կընկնի: Հայ ժողովուրդը վերջնականապես կհասկանա, որ Փաշինյանի կողմից քարոզվող «խաղաղության օրակարգը» տապալվել է, եւ Հայաստանը փրկելու միակ միջոցը գործող իշխանության հեռացումն է: Այդ ժամանակ Փաշինյանին ո՛չ ոստիկանությունը կփրկի, ո՛չ բունկերը: Դրա համար է նա Ալիեւին խնդրում բավարարվել մի քանի հարյուր հեկտար տարածքային զիջումներով, մի դեպքում՝ Տեղ գյուղում, մի դեպքում՝ Ներքին Հանդում կամ Հայաստանի այլ հատվածում, որպեսզի գոնե ժամանակավորապես բավարարի Ալիեւի ախորժակը եւ երկարաձգի իր իշխանությունը: 
Դա համար է պետք, որ ընդդիմությունը Հայաստանում իշխանափոխության գործընթաց նախաձեռնի՝ մինչեւ Ադրբեջանի հերթական լայնածավալ հարձակումը, թե չէ դրանից հետո իշխանափոխություն կլինի ինքնաբերաբար, ուղղակի Հայաստանից բան չի մնա:


Ավետիս Բաբաջանյան