Ինչպե՞ս փրկեց ծերանոցի մայրիկներին

Ինչպե՞ս փրկեց ծերանոցի մայրիկներին

Հովհաննես Շիրազի «Հուշարձան մայրիկիս» գրքի շնորհանդեսն էր, և նա բացիկ էր ուղարկել ու ինձ հրավիրում էր իր գրքի շնորհանդեսին։ Դպրոցական էի, Գորիսից բացի կյանքում ուրիշ քաղաք չէի տեսել ու Երևանն ինձ թվում էր Փարիզ։ Անգամ չհամարձակվեցի ծնողներիս ասել, որ ինձ Երևան տանեն՝ Շիրազի գրքի շնորհանդեսին մասնակցելու։ Հետահայաց, որ նայում եմ, զարմանում եմ՝ բանաստեղծն ինչպե՞ ս էր ժամանակ գտնում ու անգամ տարիքով փոքր երկրպագուների նամակներին պարտաճանաչ ու սիրով պատասխանում։

Անկեղծ որ ասեմ, այդ տարիքում ավելի քան ինքնավստահ էի, որովհետև մտածում էի՝ հանճարեղ բանաստեղծը եթե ինձ «մարդու տեղ է դնում», ուրեմն ինչ որ բան եմ ներկայացնում։ Բանաստեղծի հետ տարիների նամակագրությունը ինձ կայացած մարդ էր դարձրել։ Ինչևէ, գրեցի, որ չեմ կարող գալ, որովհետև ծնողներս գործի են և չեն կարող ուղեկցել ինձ, իսկ ես Երևանում երբևէ չեմ եղել ու բարեկամ չունեմ այդտեղ ապրող։ Անցավ որոշ ժամանակ, չէր գրում։ Նեղացել էր իր փոքրիկ երկրպագուից։ Ու մի օր էլ նամակ եմ ստանում, որտեղ գրում էր, որ ինքը շատ ուրախ է և չնայած «նեղացած լինելուն» գրում է, որովհետև ուրախությունը կամենում է կիսել մեկի հետ, ով շատ բան է իր չգալով կորցրել։ Մտածում եմ, որ երևի շնորհանդեսն անցել է բարձր մակարդակով և պիտի գրի դրա մասին, բայց նա լրիվ այլ բանի մասին է գրում։

«Թղթի վրայի հետքերը արցունքներս են։ Ինձ մոտեցան մարդիկ ու ասացին, որ իմ բանաստեղծությունները այնպես են խոցել նրանց, որ գնացել ու ծերանոցից իրենց մայրերին տուն են տարել։ Ես կարողացա մայրական իմ սիրով փրկել ծերանոց տարած մայրիկների։ Մոր սերն ուրի՜շ է՝ Աստված է վկա...»։

Ես էլ անչափ հուզվեցի, բայց խորքային մասը՝ իմ տարիքի համար անհասանելի էր։ Ինչու՞ սա հիշեցի։ Այսօր մի տեղ հանդիպեցի, որ Շիրազին Մեծերից մեկը անվանել է Մեծ Մանուկ։ Կարդացի ու բացվեց այն ժամանակվա իմ տարիքի համար անհասանելի խորքը՝ միայն մանուկը կարող էր այդքան անկեղծ լինել ու երբեք չկորցներ իր անկեղծությունը։ Միայն Մեծ Մանուկը կարող էր հինգերորդ դասարանի դպրոցականին պատասխանել ու տարիներ շարունակ նամակ գրել՝ կիսվեր ու մանկան նման անկեղծանար։ Միայն մանուկը կարող էր չուրախանալ շնորհանդեսի ճոխությամբ և իրեն լավ զգալ, որ մայրիկ է փրկել։