Շատ պետություններ, իրենց խնդիրներով զբաղված, չեն էլ նկատում, որ պատերազմ է

Շատ պետություններ, իրենց խնդիրներով զբաղված, չեն էլ նկատում, որ պատերազմ է

Արցախյան երրորդ պատերազմի վերաբերյալ բոլոր կառույցներից, կազմակերպություններից, խմբերից, անհատներից ու երկրներից կոչեր ու հայտարարություններ են հնչել՝ հիմնականում արյունահեղությունը դադարեցնելու ու բանակցային սեղանի շուրջ վերադառնալու պահանջով, սակայն ինչո՞ւ աշխարհը չի դատապարտում Ադրբեջանին ու Թուրքիային համամոլորակային համավարակի աղետի պայմաններում զինված հակամարտություն սկսելու համատեքստում։ Մոտավորապես այնպես, ինչպես «Մաուգլի» մուլտֆիլմում կենդանիներն իրենց սպառնացող երաշտի վտանգն աչքի առաջ ունենալով՝ հայտարարեցին «ջրային զինադադար», որի ժամանակ եղնիկն ու առյուծը կողք-կողքի ջուր էին խմում։ Այս հարցն ուղղեցինք ՌԴ ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի փորձագետ Վլադիմիր Եվսեեւին, որն ասաց․ «Ցավոք, հենց այդ պատճառով էլ բոլոր պետությունները զբաղված են իրենց սեփական խնդիրներով, եւ շատերն անգամ չեն նկատում, որ պատերազմ է»։

Անդրադարձել էինք նրան, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը սպառնում է կամ արդեն իսկ վերածվել է 2-րդ ճակատի․ եթե հոկտեմբերի 14-ին արձանագրվեց 1000-ից ավելի դեպք, ապա հաջորդ օրն արդեն ունեինք 1371 նոր հաստատված դեպք։ Վլադիմիր Եվսեեւը հայտնեց, որ Ռուսաստանը, որպես փոխօգնության ամենակարեւոր քայլ, կարող էր Հայաստանին տրամադրել կորոնավիրուսային պատվաստանյութ՝ բանակի համար։ «Այն զինծառայողներին, որոնք առաջնագծում են, չի կարելի թույլ տալ, որ նրանք սկսեն վարակվել։ Զինվորական անձնակազմերը չափազանց զգայուն են վարակների հանդեպ։ Նրանք իրարից սոցիալական հեռավորություն չեն կարող պահպանել, մոտ են եւ կարող են վարակել։ Եվ այս իսկ պատճառով, կարծում եմ, պետք չէ դժգոհել ողջ աշխարհից, սրանից ձեզ ո՛չ տաք է, ո՛չ սառը։ Պետք է Ռուսաստանի հետ պայմանավորվեք պատվաստանյութի մատակարարման հարցով»,- ասում է Վլադիմիր Եվսեեւը։ Սակայն նա նշում է, որ կա մի «բայց», եւ դա այն է, որ ռուսական պատվաստանյութը երկբաղադրիչ է․ երկրորդ ներարկումն արվում է 21-րդ օրը։