Դոն Պիպոյի շինղեկին ծեծելու փաստով քրեական գործ է հարուցվել

Դոն Պիպոյի շինղեկին ծեծելու փաստով քրեական գործ է հարուցվել

Hraparak.am-ում ապրիլի 1-ին հրապարակում ունեինք՝ «Դաժան ծեծի է ենթարկվել Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը» վերնագրով։ Հոդվածում եւ տեսանյութում ներկայացրել էինք, թե Վաղարշապատի ոստիկանության քրեական վարչության բաժնի աշխատակիցներն ինչպես են դաժան ծեծի ենթարկել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի շինարարության ղեկավարին՝ Մխիթար Հովհաննիսյանին։ Մեր այցի պահին Հովհաննիսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում էր` ուղեղի ցնցում եւ սալջարդ ախտորոշմամբ: Նա մեզ մանրամասն ներկայացրել էր տեղի ունեցածը: Պատճառն, ըստ Հովհաննիսյանի, Արթուր Ասատրյանի հետ աշխատանքային համագործակցությունն է եւ դա առաջինը դեպքը չէր, որ իրեն անհանգստացնում էին ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները, որոնք նրան ծեծի էին ենթարկել ճանապարհին` բաժին տանելիս, ապա հենց ոստիկանությունում:

Hraparak.am-ն այսօր կապվել է Մխիթար Հովհաննիսյանի փաստաբան Արման Թամրազյանի հետ, հետաքրքրվել ենք, թե ինչ փուլում է գտնվում իր պաշտպանյալի գործը։

«Այո, քրեական գործ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ խոշտանգման հատկանիշներով, 309.1 հոդվածով, Քրեական օրենսգրքի 2-րդ մասով։ Գործն ուղարկվել է ըստ ենթակայության՝ Ազգային Անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ։ Մխիթար Հովհաննիսյանը ճանաչվել և հարցաքննվել է որպես տուժող։ Ըստ այդմ, նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պաշտպանյալս ներկայացել է փորձագետի մոտ։ Այս պահին դատաբժշկական փորձագետի եզրակացությունը պատրաստ չէ՝ մարմնական վնասվածքների ծանրության աստիճանի վերաբերյալ։ Մինչ այս պահը չեն եղել առերեսումներ, չի առաջադրվել նաև մեղադրանք»,-ասաց Մխիթար Հովհաննիսյանի փաստաբան Արման Թամրազյանը։