Արթուր Սահակյան. Ես, Անյուտը, մեր ծեր շունն ու հայրենիքս

Արթուր Սահակյան. Ես, Անյուտը, մեր ծեր շունն ու հայրենիքս

Չորսով էինք: Ես, Անյուտը, մեր ծեր շունն ու հայրենիքս։ Էս պատմությունը մեր չորսի մասին է:

 

Ես ու Անյուտը

 

Հեծանիվով սլանում էի մեր թաղերով: Հեծանիվ երբեք չեմ սիրել, բայց քանի որ մեծ հորեղբորս տղան ու եղբայրս, երբ իմ տարիքում էին, պապս իրենց հեծանիվ էր նվիրել, ու իրենք մինչեւ հիմա պահել էին իրենց հեծանիվները, որ իրենց տղաներին տային, ինձ էլ հեծանիվ էին առել, որ ես էլ փոխանցելու բան ունենամ։ Որ պահեմ: Դեռ սլանում եմ մեր թաղերով, ուղղակի հեծանիվ չեմ սիրում, բայց սիրում եմ Անյուտին ու ուզում եմ, որ միակ պահածս բանն Անյուտը լինի։ Էս հեծանիվը սովետի ու անկախության մեկտեղումն էր։ Առաջ գնում էր, բայց միշտ պիտի պեդալները պտտեիր կամ ոտքերդ վերեւ բարձրացնեիր, ինքը ոնց ուզեր՝ պտտվեր, «խալաստո» չուներ, դրա համար մեկ-մեկ հանգստանալ էր պետք: Հարմար տեղը մեր հարեւան Վանեի տան մոտ էր: Վանեն մի քանի ժամը մեկ մեր տուն էր գալիս-գնում: Էս Վանեն ու պապս միասին էին կռվել 45 թվին, ու երկուսն էլ մեռնելու չափ սիրում էին միասին լռել. ինչ ասես գլխներով անցել էր։ Վանեի հետ տուն հասնելը լավ էր, որովհետեւ ինքը մի քանի ժամ լռելուց հետո պիտի դուրս գար, ես էլ նորից կսկսեի իմ պտույտը մեր թաղերով՝ մինչեւ կմեծանամ ու կհասկանամ, որ Անյուտին պահելը էդքան էլ հեշտ չէ: Ես իմ հեծանիվը նույնիսկ չկարողացա պահել: Չկարողացա ասելով՝ նկատի ունեմ՝ չհասկացա, թե ինչ պիտի ասեմ իմ տղային, երբ ցույց տամ այդ հեծանիվը։ Հետո՝ փաստ չէ, որ տղա կունենամ: Մի բան էլ կար, էն ժամանակ ես մտածում էի, որ իմ էրեխեքն ու Անյուտը ինչ-որ կապ գոնե պիտի ունենան: Հիմա հասկանում եմ։ Մտածում էի՝ Անյուտը պիտի ծներ իմ էրեխեքին։ Ժամանակ անցավ, ու մի օր էլ հասկացա, որ մեր փողոցները, որտեղ հեծանիվ էի քշում ու տեսնում պատերազմի մասին լռող մարդկանց, արդեն առաջվանը չեն։ Ես սիրում էի էդ լռությունը, իսկ հիմա մեր փողոցներում աղմկում են Անյուտի երեխաները:

Մեր ծեր շունը

Մեր շունը ծեր ու անզգամ մեկն էր, իր կյանքն ապրել էր ուզածի պես, 90-ականների մութ ու ցուրտ տարիներն ապրելով տաքուկ ու լուսավոր։ Կուշտ կերել է, լավ ապրել: Մի պարտականություն ուներ՝ ուշադիր հսկել իրեն վստահված բենզինի պահեստը, դա էլ անում էր: Հիշում եմ՝ էդ շունը մենակ մի դեպքում էր հաչում, երբ զինվորական էր տեսնում: Մեր ծեր շունը երեւի իր մահով կմահանար, եթե հաչեր ոչ էդ զինվորականների, այլ բենզին գողացողների վրա: Ասում են՝ շները սեւ ու սպիտակ են տեսնում, ես էլ այդ օրը սեւ ու սպիտակ եմ հիշում, երբ մեր ծեր շունը շփոթեց զինվորականի ու բենզին գողացողի հոտերը։ Ու չհաչաց։

Հայրենիքս

Հայրենիքս իմ հեծանիվն էր, որը Սովետի ու անկախության մեկտեղումն էր, մեր սեւ ու սպիտակ հիշողություններն էին, հիմա արդեն ամուսնուն ու երեխաներին արտերկիր ճանապարհած Անյուտն է ու ես եմ: Միշտ տեսել եմ հայրենիքս, իմացել եմ՝ որտեղից է սկսվում, ավարտը չեմ տեսել, քանի որ ինչ սարի էլ նայել եմ, ուր գնացել եմ, ուր ուզել եմ գնալ ու չեմ կարողացել՝ էլի իմն է եղել: Հիմա հասկանում եմ, որ ես, մեր ծեր շունը, Անյուտը ու հայրենիքս միասին չկարողացանք տեր լինել մեկս մյուսին:

Չորսով էինք, ու էս պատմությունը մեր բոլորի մասին է:


«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ