Արտակարգ դրությունը երկարացնելու մասին ընդհանրապես խոսք չկա, հակառակը հնարավոր է դրական դինամիկայի դեպքում․ վարչապետի խոսնակ

Արտակարգ դրությունը երկարացնելու մասին ընդհանրապես խոսք չկա, հակառակը հնարավոր է դրական դինամիկայի դեպքում․ վարչապետի խոսնակ

Մամուլը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ չնայած ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ, սակայն տպավորություն է, որ երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի փոքր այլ դիրքորոշում ուներ, ինչի  հետևանքով կարող է արտակարգ դրության ավարտից հետո այդ ժամկետը կրկին երկարաձգվել եւ կրկին՝ 30 օրով։

Իսկ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է որոշակի պատկերացումներ ձեւավորել, թե ինչպես են կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում, և ընդհանուր տրամաբանությունն ու ռազմավարությունը պետք է լինեն այն, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք եւ ձեւավորենք, այսպես ասած, ազատ եւ անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաեւ հետեւելով իրադարձություններին:

Մամուլն էլ գրել էր, որ վարչապետի այս հայտարարությունը կարող էր և միգուցե երկիմաստ ընկալվել՝ կա՛մ խոսքը պարզապես կորոնավիրուսային իրավիճակին է վերաբերում, կա՛մ էլ հենց արտակարգ դրությանը:

«Հրապարակը» Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին հարց ուղղեց՝ կա՞ հետագա սցենարների հետ կապված տարաձայնություն, մոտեցումների տարբերություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի միջև։ «Իրականում՝ այդ հայտարարությունները միմյանց ընդհանրապես չեն հակասում և դեռ մի բան էլ՝ մի գծի մեջ են, որովհետև և՛ վարչապետը, և՛ պարետը՝ Տիգրան Ավինյանը, այսօր օրվա մեջ պետք է ներկայացնի այն կազմակերպություններին, ընկերությունների գործունեությունն է սահմանափակվելու, որովհետև, եթե կհիշեք՝ երեկ էլ վարչապետն իր ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ պարետատունն ավելի մանրամասն կներկայացնի, թե որոնք են ընկերությունները, որոնց գործունեությունը կսահամանափակվի, կամ, առհասարակ, ո՞ր գործունեությունն է սահանափակվելու»։

Ամփոփելով՝ Մանե Գևորգյանը մեկնաբանեց, որ վարչապետը ներկայացրեց ընդհանուր խստացումների կոնցեպտը, բայց նաև հղում արեց Տիգրան Ավինյանին՝ ասելով, որ նա վաղը, այսինքն՝ այսօր կներկայացնի, թե որոնք են խստացումները։

Նախքան սա, վարչապետի մամուլի խոսնակը նաև հարց տվեց՝ իսկ ի՞նչ խստացումների մասին է խոսում վարչապետը։ Հստակեցրինք, որ խոսքը միգուցե 30 օրով արտակարգ դրության ժամկետի երկարաձգման մասին է, ապա հարց տվեցինք՝ իսկ Նիկոլ Փաշինյանը կողմնակի՞ց է, որ արտակարգ դրությունը երկարաձգի ևս ինչ-որ ժամանակով։ Վարչապետի խոսնակն ասաց․ «Այս պահին ընդհանրապես նման խոսակցություն չկա, որովհետև Դուք էլ եք հասկանում՝ ամեն ինչ կախված է նրանից, թե դեպքերն ինչպես են զարգանալու։ Այս պահի դրությամբ արտակարգ դրությունը երկարացնելու․․․ կամ խոսք կարող է գնալ այն մասին, որ եթե իրավիճակն այնպես լավանա ու թեթևանա, որ այլևս իմաստ չունենա արտակարգ դրությունը պահելու մասին։ Տիգրան Ավինյանը հարցազրույցի ժամանակ ասել է, որ հնարավոր է դրական դինամիկայի դեպքում շուտ լինի։ Բայց երկարացնելու մասին ոչ ոք դեռ չի խոսում»։