Պետրոսի թատրոնը

Պետրոսի թատրոնը

Երեկ Պետրոսին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել։ Մարդիկ ոչ Պետրոսին են հավատում, ոչ Նիկոլ Փաշինյանին։ Էն որ Պետրոսը աչքերը կլորացրած, իբր զարմացած լսում է Փաշինյանի պատասխանները, դրանով ուզում է հանրությանը խաբի, ասի, որ ինքն էլ է զարմացած սույն օբյեկտի պատասխաններից և իրեն էլ դուր չի գալիս Նիկոլի պատասխանները։ Բայց դե ի՞նչ անի, իր գործն է, պիտի անի։ Պետրոսն էլ գիտի, որ «սարքած հարցերը» ոչ իր, ոչ էլ ժողովրդի համար է։ Գիտի, որ Նիկոլի պատասխանը Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Արևմուտքի համար է։ Նա պիտի կարողանա այնպես պատասխանի, որ իր ասածից ոչ մեկը բան չհասկանա ու յուրաքանչյուր կողմ ընդունի, որ իր նման կատարողի իշխանությունը, աթոռը պիտի պահեն։

 Օրինակ նա խոսում էր 1975 թվականի քարտեզի մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր վկայակոչում է, որ «1973-1986 թվականներին տարբեր ժամանակներում պատրաստվել են մի քանի քարտեզներ։ Որպեսզի այդ քարտեզներին հղում կատարվի, դրանք պետք է հիմնված լինեն միջազգային իրավական փաստաթղթերի վրա, ներառյալ երկու երկրների կողմից այս կամ այն ձևով հաստատումը։ Հայաստանի վարչապետի կողմից վկայակոչված 1975 թվականի քարտեզը գոյություն չունի, իսկ այն պնդումները, թե Ադրբեջանը օկուպացրել է հայկական որոշ գյուղեր, «լիովին սուտ են»։

Նիկոլ Փաշինյանը պարզ չի ասում, որ ինքը պայմանավորվածությունների մեջ է, ինչ որ բաներ է բանավոր խոստացել ու հիմա դրա տակից դուրս գալ չի կարող։ Չի ասում, որ անկլավներով պրծնենք, լավ է։ Արդեն տարբեր հայտարարություններով ընդունել է, որ անկլավները մտնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Այսինքն ինքը դա ընդունել է, անկախ թե Պետրոսի մոտ ինչ է մանրևում։ Նա Ադրբեջանին արդեն իրավունք է տվել, որ եթե անկլավները խաղաղ ճանապարհով չհանձնվի, Ադրբեջանը կարող է իր պատկանելիքը ուժով ստանալ։ Ինչպես Արցախը որպես իր պատկանելիք ստացավ։ Էլի Նիկոլի հայտարարությունից հետո։ Ու քանի որ Փաշինյանը շատ է խոստումների մեջ առաջ գնացել ու չի կարող այդ ամենը «որպես իր օժիտ» հանձնել Ադրբեջանին, ինքը ընտրելու է այն ճանապարհը, ինչ արեց Արցախում։ Ադրբեջանը ուժով վերցնելու է այնքան, ինչքան խոստացել է Փաշինյանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզ հայտարարել է․ «Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել, և այն պնդումը, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը գտնվում են սահմանի չսահմանազատված հատվածում, պատկանում են Հայաստանին, հակասում է որևէ տրամաբանությանը»։

Ինչու՞ մի անգամ նման հայտարարություններին Փաշինյանը չի արձագանքում, հակադարձումը հասկացանք, չի կարող։ Կոնկրետ այս հայտարարությունը վկայություն է, որ Ադրբեջանը ուժով վերցնելու է այն, ինչ խոստացել է Փաշինյանը։ Դա կոչվում է օգնություն Փաշինյանին, որովհետև մարդը չի կարող Արցախից հետո երկրորդ ծանր բեռը իր ուսերին վերցնի։ Պետրոսի մոտի թատրոնը ներսի մոլորյալների համար էր։