Ավագանու իմքայլական անդամը մտահոգված է

Ավագանու իմքայլական անդամը մտահոգված է

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Հարգելի ընկերներ Vahe Danielyan, Rafik Grigoryan, 
այսօր ԱԺ-ում քննարկվող՝ «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի հետ կապված հնչում են տարբեր կարծիքներ՝ դեմ և կողմ փաստարկներով, սակայն կուզեմ ներկայացնել մի իրավիճակային սցենար, որը հատուկ է գոնե թե Երևանի ավագանու մի քանի անդամների համար և, ըստ էության, կազուսային իրավիճակի առաջ կարող է կանգնեցնել շատերիս։
Ավագանու անդամներից շատերն աշխատում են մասնավոր հատվածում, որտեղ շատ ընկերություններ, որպես գործարար սովորույթ, աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրով կամ  չբացահայտման համաձայնագրով (NDA) ամրագրել են մի պարտավորություն, որը թույլ չի տալիս բացահայտել ընկերությունում ստացած աշխատավարձի և դրան հավասարեցված այլ միջոցների մասին տեղեկությունները, համարելով այն առևտրային գաղտնիք, իսկ, օրինակ ճյուղային արհմիության նախագահի դեպքում չհրապարակել աշխատավարձը՝ որպես արհմիության անկախության երաշխիք (ունենք նաև այդ պաշտոնը զբաղեցնող ավագանու անդամ)։
Խնդրում եմ պարզաբանել՝ օրենքի նախագծի ընդունման դեպքում վերոնշյալ իրավիճակում հայտված ավագանու անդամների գործողություններն ինչպիսի՞ն պետք է լինեն, որպեսզի ապահովեն օրենքի պահանջը՝ միևնույն ժամանակ չխախտելով գործատուի առջև ստանձնած պարտավորությունը։ Խելամիտ լուծում չլինելու դեպքում ավագանու որոշ անդամներ կարող են ստիպված լինել հրաժարվել մանդատից՝ հիմնական աշխատանքի հետ կապված խնդիրներ չունենալու և ընդհուպ մինչև աշխատանքը չկորցնելու համար։ Արդյոք նախագծի մշակման փուլում քննարկվել է այս իրավիճակային հարցը և ինչ եզրահանգումներ են արվել։
Հ.Գ. Օրենքի նախագիծը չի ուղարկվել պաշտոնական կարծիքի ՀՀ-ի ամենամեծ համայնքի ավագանուն, և, իմ տեղեկություններով՝ նաև համայնքի ղեկավարին։ Արդյոք չեք գտնում, որ սույն նախագիծը պետք է ստանար նաև առնվազն Երևանի ավագանու կարծիքն ու առաջարկները։
Հ.Հ.Գ. Vahe ջան, Rafik ջան, քանի որ չգիտեմ, թե ում ոլորտային համակարգման տիրությում է հարցը՝ նշել եմ երկուսիդ էլ»։