Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
Ակադեմիական քաղաքի շրջանակներում միավորվող եւ խոշորացվող բուհերի ու գիտական կազմակերպությունների ցանկը մեծապես քննարկվեց ու քննադատվեց վերջին շրջանում: Ինչպես հայտնի է, ցանկում ներկայացված են այն 5 հիմնական ուղղությունները, որոնց ուղղությամբ տարվելու է գործընթացը, դրանք են՝ արվեստների, կրթական, բժշկական, տեխնոլոգիական եւ դասական ուղղությունները։ Դասական ուղղության մեջ ներկայացված են Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան եւ ԳԱԱ համակարգում գործող 8 գիտական ինստիտուտներ, որոնց թվում՝ նաեւ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը։
Ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն ասում է՝ նախօրոք ինստիտուտներից ներկայացուցիչներ են խնդրել` քննարկելու ակադեմիական քաղաքի հետ կապված հարցեր, այդ թվում` Լեզվի ինստիտուտից, բայց մինչ այս պահը բազմաթիվ հարցեր անորոշ են նաեւ իրենց համար, մասնավորապես՝ թե ինչպես, ինչ ձեւաչափով, ինչ ժամանակացույցով է իրականացվելու այդ գործընթացը։ Ավելին․ այսպես կոչված՝ «ինտեգրումն» իրենց համար ընդունելի է համագործակցության, փոխգործակցության, միասնական ջանքերի ներդրման տեսանկյունից, եւ բոլորովին ընդունելի չէ միավորման տարբերակը։
«Մեզ համար միավորումն ընդունելի չէ, եւ մենք կարծում ենք, որ Գիտությունների ազգային ակադեմիան պետք է մնա իբրեւ շատ կարեւոր գիտական կազմակերպություն, որը տասնամյակների ընթացքում իրեն արդարացրել է, եւ որը ներկայիս պայմաններում, իբրեւ կառույց, շատ հարմար է մեր գիտությունը զարգացնելու համար: Եվ այդ կառույցի շրջանակում մեր լեզվաբանական եւ հարակից գիտությունները կարող են շատ լավ զարգանալ, ընդ որում՝ մենք հաճախ պահպանում ենք միջգիտակարգային հարաբերությունները, եւ այդ հայրենագիտական ճյուղերը միասնաբար կարողանում են իրենց խնդիրները կարգավորել գիտական առումով: Մենք շատ կարեւորում ենք, որ լեզվի ուսումնասիրության բոլոր ոլորտները մեկ հաստատության մեջ լինեն․ դա շատ կարեւոր է մեր գիտության համաչափ զարգացման համար: Լեզվի ինստիտուտում լեզուն այսօր ուսումնասիրվում է իր բոլոր կողմերով, սա միասնական գիտաճյուղ է, եւ այս միասնական գիտաճյուղը պետք է միասնաբար զարգանա, չի կարելի տրոհել, անջատել, բաժանել, եւ մենք այս իմաստով կարեւորում ենք մեր գործակցությունը մյուս հայագիտական հաստատությունների հետ` միջգիտաճյուղային հարաբերությունները զարգացնելու համար: Այսօր պետք է ընդամենը այս վիճակը բարելավել, հնարավորություն ստեղծել, որ Գիտությունների ազգային ակադեմիան ավելի լավ աշխատի, ավելի լավ կարողանա ինտեգրվել ե՛ւ տնտեսության, ե՛ւ կրթության հետ: ԳԱԱ-ն միայն գիտության հարցերով չի զբաղվում, հետո՝ գիտության առաջնահերթ խնդիրը կրթությունը չէ, այլ երկրի զարգացումը, բոլոր ոլորտների վերաբերյալ գիտական հիմքերի ստեղծումը: Միայն մտածել, որ կրթության ոլորտը պետք է սպասարկի գիտությունը՝ շատ սխալ է»,- ընդգծում է ինստիտուտի տնօրենը:
Այդուհանդերձ, եթե ծրագիրն իրագործվի, եւ կառավարությունը գնա բուհերի ու գիտական կազմակեպությունների խոշորացման ճանապարհով, դա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ գիտական համակարգի վրա, ի՞նչ վտանգներ ու ռիսկեր կան: «Մենք կարծում ենք, որ այս պահին այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը: Եթե որոշ հաստատություններ նպատակահարմար է տանել ակադեմիական քաղաք, որովհետեւ գուցե համատեղ լաբորատորիաներ են ստեղծելու եւ այլն, ապա կարող է այդ տարբերակը դիտարկվել։ Բայց մեր պարագայում մենք գիտություն ենք ստեղծում, եւ մեր հիմնական խնդիրը կրթությունը չէ, ու հիմա եթե տրոհեն ակադեմիական համակարգը, ապա դա մեծ վնաս կհասցնի մեր գիտությանը, որովհետեւ սա միասնական մի համակարգ է, որտեղ, ձեռք-ձեռքի տված, գիտությունն առաջ է գնում։ Միջգիտակարգային կապեր, գիտական ընդհանուր իրողություններ կան, որոնք պետք է քննարկվեն միասնական գիտության ոլորտում: Իսկ եթե տարանջատվում է այս միասնական համակարգը, եւ այն ճյուղերի ենք բաժանում, ապա այդ միասնականությունն էլ կվերանա, իսկ դա շատ կարեւոր բան է` գիտական մտքի միասնական զարգացումն ու համակարգումը: Որպես կառույց՝ ակադեմիան հանդես է գալիս նաեւ կառավարության խորհրդատու, եւ կառավարությունն իր թիկունքում կարող է զգալ Գիտությունների ակադեմիան՝ իբրեւ գիտական հենք, որովհետեւ շատ դեպքերում հարցումներ են անում՝ կապված գիտության ոլորտի հետ, եւ մենք նրանց պատասխան ենք տալիս որպես հեղինակավոր գիտական կառույց: Ենթադրենք, այս ինստիտուտը չկա, եւ դրա տեղը մի բաժին է, ումի՞ց պետք է իրենց հարցումներն անեն` վստահ ու ճշգրիտ եղանակով: Բացի այդ, տարբեր երկրներ ունեն գիտական ակադեմիաներ, կառույցներ, եւ մեր ակադեմիան հենց նրանց հետ է աշխատում: Եթե ինչ-որ թերություններ կան, պետք է դրանք վերացնելու ուղղությամբ աշխատել, ոչ թե ողջ համակարգը վերացնել»,-ասում է Վ․ Կատվալյանը:
Զրուցակիցս նկատում է՝ գուցե շատ լավ գաղափար է ակադեմիական քաղաքի գաղափարը, բայց սկզբում պետք է ստեղծել այդ ակադեմիական քաղաքը, նոր անցնել օպտիմալացմանը․ «Թող ազատ մրցակցություն լինի, եթե ակադեմիական քաղաքն իրեն արդարացնի, ապա տարիների ընթացքում յուրաքանչյուր կառույց, եթե իրեն չարդարացնի ու նորաստեղծ ակադեմիական քաղաքի հանդեպ ավելի թույլ գտնվի, ինքնաբերաբար դուրս կմղվի: Կարիք չկա ի սկզբանե վերացնել տասնամյակների ընթացքում իրեն արդարացրած կառույցը՝ մեկ նոր կառույց ստեղծելու համար, որը հայտնի չէ, թե ինչ զարգացում կունենա, ինչպես կընթանան դրա աշխատանքները: Այն, ինչ ասում եմ, միայն իմ կարծիքը չէ, այլ մեր ողջ ինստիտուտի գիտաշխատողների տեսակետը: Այդ կարծիքը ձեւավորվել է գիտխորհրդի ընդհանուր ժողովի ընթացքում, մենք կոլեկտիվով քննարկել ենք այդ հարցը եւ եկել ենք այն եզրահանգման, որ Լեզվի ինստիտուտը ԳԱԱ համակարգում շատ լավ պայմաններում է աշխատում, եւ շատ լավ հեռանկարներ կան, մնում է ուղղակի ավելի նպաստել զարգացմանը։ Իմիջիայլոց, ԳԱԱ-ում վերջին ժամանակներս ակադեմիական բարեփոխումների մեծ ծավալի աշխատանքներ են ընթանում` գիտությունը կյանքին, տնտեսությանը, կրթությանն ավելի մերձեցնելու համար»:
Կարծիքներ