Չի կարող ընդունելի լինել, որ Արցախից ներկայացվածություն չի եղել․ Լիլիթ Մակունց

Չի կարող ընդունելի լինել, որ Արցախից ներկայացվածություն չի եղել․ Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել՝ ինչու երեկ Արցախի ղեկավարությունը ներկա չէր Սարդարապատում Մայիսի 28-ին նվիրված միջոցառումներին։

Նրա խոսքով՝ այդ հարցով Պետական արարողակարգի ծառայությանը պետք է դիմել։
«Ձեզ գաղտնիք ասած չեմ լինի, որ Ազգային ժողովը արարողակարգի հետ կապ չունի, բայց ես հույս ունեմ և կարծում եմ, որ պետական արարողակարգը պարզաբանում կներկայացնի, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց տիկին Մակունցը։

-Արդյոք սրանով նորից տարանջատում չի՞ մտնում Արցախի և Հայաստանի միջև։

-Գիտե՞ք, իմ գնահատականն այն է, որ չի կարող ընդունելի լինել, որ Արցախից ներկայացվածություն չի եղել Հայաստանում, իսկ թե ինչու չի եղել, դրա պատասխանը կարող է տալ միայն պետական արարողակարգը, որովհետև գիտեմ՝ այդ հատվածով պատասխանատուն իրենք են եղել։

-Կարծես ԱԺ-ն պատասխանատվությունը գցում է արարողակարգի վրա, մինչդեռ այստեղ նաև թիմային պատասխանատվության հարց կա։

-Ես նոր գնահատական արդեն հնչեցրի, որ ընդունելի չեմ համարում։

-Դուք փորձե՞լ եք պարզել՝ որն է պատճառը եղել, որ չեն հրավիրել։

-Ես կապ եմ հաստատել պաշտպանության նախարարության հետ և խոսել եմ թե՛ փոխնախարարի, թե՛ խոսնակի հետ, թե՛ արարողակարգի հետ այնտեղի, և ինձ պարզաբանել են, որ պետական արարողակարգն է զբաղվել այդ հարցերով, և իրենք պատասխանատվություն են կրել միայն բովանդակային հարցերով միջոցառումը կազմակերպելու հարցում։ Բայց հետաքրքրվել եմ, և ինձ նույնպես անհանգստացրել է։