Խայտառակ եղաք նաեւ Դուք. Անի Սամսոնյանի կոշտ ելույթը՝ ուղղված Հայկ Մարությանին (տեսանյութ)

Խայտառակ եղաք նաեւ Դուք. Անի Սամսոնյանի կոշտ ելույթը՝ ուղղված Հայկ Մարությանին (տեսանյութ)

Եկել եմ ձեզ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանը:

Նա իր խոսքը ուղղեց հիմնականում քաղաքապետ Հայկ Մարությանին` ասելով, թե այս աշխատանքային երեք ամիսներից ակնկալիքներն ավելի մեծ էին. «Ես իլյուզիաներ չեմ ունեցել, որ Դուք կախարդական փայտիկով լուծելու եք միանգամից այդ խնդիրները: Բայց այս ընթացքում ծագել են սկզբունքային հարցեր, որոնց Դուք լուծում չեք տվել: Ես երկու նամակ եմ գրել ու ստացել անհասկանալի պատասխաններ: Ավելի լավ է չպատասխանեիք, պարոն քաղաքապետ: Առաջին նամակով խնդրել էի հանդիպում Ձեր ԿԳ նախարարի, իմ եւ այն ուսուցիչների միջեւ, որոնք անարդարաբար եւ նվաստացուցիչ կերպով վիրավորված էին ձեր հանրակրթության վարչության պետից: Ես բերել էի փաստարկներ, կային վկայություններ: Կային ինչ-որ ձայնագրություններ կիսատ-պռատ, նախարարությունն ասաց՝ եկեք, վերցրեք: Կգանք, բա չենք գա: Այս հարցի շուրջ խայտառակ եղավ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, տիկին փոխնախարարը, խայտառակ եղաք նաեւ Դուք, պարոն քաղաքապետ:

Ես պահանջեցի, որ Դուք պետք է հեռացնեք այդ անէթիկա պաշտոնյային: Ես նաեւ կոչով դիմեցի «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Ձեզնից որեւէ մեկը հարց չուղղեց քաղաքապետին, թե ինչու չեք հեռացնում Աննա Ստեփանյանին: Ինձ չի պատասխանում:

Դուք ասում էիք, մենք ենք ավագանիում լինելու ընդդիմություն: Ընդդիմություն նշանակում է հանրային ճնշում, ուր մնաց Ձեր հաշվետվողականությունը հանրության առջեւ: Ես էլ կարող եմ իմ խմբակցության ներսում ինչ-որ բանի հետ չհամաձայնել, բայց դա չեղավ ընդդիմություն»։

Նշենք, որ Սամսոնյանի ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ավագանու մի քանի անդամներ քմծիծաղով եւ հեգնանքով վերաբերվեցին նրա խոսքերին, նրանցից մեկն էլ ասաց. «Վերջին սեզոնն ա»։

Սամսոնյանի ելույթից հետո Հայկ Մարությանը պատասխանեց հնչեցրած այն խոսքերին, թե քաղաքապետը չի կատարում խոստումները և քայլեր չի անում մայրաքաղաքում աղբահանության երկրորդ օպերատոր բերելու առումով: Նա նաեւ անդրադարձավ Սամսոնյանի այն հարցին, թե միգուցե վախենո՞ւմ է. «Այս աշխարհում ոչ ոք չկա, որ կարող է իմ որոշումների վրա ազդել։ Որեւիցե մեկից չեմ վախենում, ոչ ոք ինձ չի սպառնում և ինձ համար ստեղծված են ազատ աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություններ»։

Նշենք, որ Անի Սամսոնյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունով պատգամավոր է ընտրվել և այլեւս չի հանդիսանալու ավագանու անդամ։