Քրեական հետապնդումը՝ որպես քաղաքական հարցեր լուծելու միջոց

Քրեական հետապնդումը՝ որպես քաղաքական հարցեր լուծելու միջոց

Երկու տարի շարունակ մեզ հանդիմանում են՝ «բա Սերժի վախտ խի՞ չէիք քննադատում»։ Ներկայացնում ենք հերթական հոդվածը՝ «Հրապարակի» արխիվից։

Հայաստանի իշխանությունները կարծես թե որոշել են մինչեւ վերջ հետեւողական լինել Լեւոն Զուրաբյանի աղմկոտ հայտարարության հարցում ու ստիպել նրան պատասխան տալ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին հասցեագրված «մեղադրանքի» համար:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը ՍԴ նախագահին մեղադրել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահին կաշառելու մեջ՝ այդկերպ բացատրելով հանձնաժողովի դրական վերաբերմունքն իշխանությունների կողմից իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի նկատմամբ:

Խոսակցություններ կան, որ ընդդիմադիր պատգամավորին փորձելու են պատասխանատվության ենթարկել «սուտ մատնություն-զրպարտություն» հիմքով. զրպարտությունը կամ հանցագործության մասին կեղծ հաղորդումը քրեորեն դատապարտելի արարք է, եւ եթե Լեւոն Զուրաբյանը չկարողանա ապացուցել, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Ջիանի Բուքիքիոյին, ապա նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Իշխանությունները Լեւոն Զուրաբյանին այլընտրանք են թողել եւ առաջարկել են, որ նա ներողություն խնդրի Գագիկ Հարությունյանից՝ նրան զրպարտելու եւ կեղծ մատնության համար: Այդ դեպքում քրեական հետապնդումը կդադարեցվի:

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է հետաքննել Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը: Հետո էլ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Զուրաբյանին գրություն է ուղարկել՝ առաջարկելով ներկայացնել փաստեր: ՀԱԿ խմբակցության ղեկավարը հրաժարվել է որեւէ փաստ տրամադրել, ներկայացնելով տասնյակ աղմկահարույց չբացահայտված գործերի օրինակներ` որպես անվստահության առհավատչյա: Զուրաբյանին ոստիկանությունից երկրորդ գրությունն են ուղարկել, ու եթե ընդդիմադիր պատգամավորը կրկին չներկայանա, այդ ժամանակ գլխավոր դատախազը կորոշի ինչպես վարվել նրա հետ: Մեզ չհաջողվեց պարզել Զուրաբյանի մտադրությունները, բայց ակնհայտ է, որ այս տրամաբանությամբ կարելի է ցանկացած մարդու մեղադրել։ Ավելին, հաշվի առնելով անցյալի նմանատիպ պատմությունները, դատախազությունը, մեղմ ասած, քիչ հնարավորություններ ունի ընդդիմադիր պատգամավորին վերոնշյալ հիմքերով պատասխանատվության ենթարկելու հարցում:

2007-ին, երբ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը պատվիրել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի սպանությունը, նրան չկարողացան պատասխանատվության ենթարկել, քանի որ Գեղամյանը բացատրություն տալիս հայտարարել էր, թե սպանության նախապատրաստման մասին լսել է սրճարանում` կողքի սեղանին նստած անծանոթ անձանց խոսակցությունից։ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր իշխանությունների կողմից իր նկատմամբ նախապատրաստվող մահափորձի մասին` խոստանալով իրավապահներին հայտնել պատվիրատուների անունները, ինչո՞ւ այդ ժամանակ նրա նկատմամբ քրեական գործ չհարուցվեց, եւ նա սուտ մատնության մեջ չմեղադրվեց:

Ի դեպ, այս գործի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ավելի ուշագրավ են, ըստ որոնց՝ ոստիկանության քննիչներից մեկը «սուտ մատնության» մեջ մեղադրվող Սարգիս Հացպանյանին բացատրել է. «Արթուր Բաղդասարյանը եւս Արտաշես Գեղամյանի նման «հաճախորդ» է»։ Այլ հարց է, որ Լեւոն Զուրաբյանի նկատմամբ «հետեւողականությունը», թեկուզ առանց իրավական հետեւանքների, կարելի կլինի մի շարք նպատակներով օգտագործել:

Օրինակ, 2013 թվականը ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի համար, կարելի է ասել, ճակատագրական դեր ունեցավ: Իր նկատմամբ իշխանությունների հետապնդումներից եւ հարուցված քրեական գործից հետո երբեմնի ակտիվ քաղաքական գործիչն ընդհատակ անցավ։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ գործը կարճվեց, նա այլեւս նախկին ակտիվությունը չունեցավ, քանի որ չկար ոչ մի երաշխիք, որ իշխանությունների համար նրա ցանկացած տհաճ քայլի արդյունքում նորից գզրոցներից չեն հանի կոմպրոմատների փաթեթը: Թերեւս նաեւ այս պատճառով է Օսկանյանը հապաղում կուսակցություն ձեւավորելու հարցում: Այնպես որ, քրեական հետապնդումները, որպես քաղաքական պայքարի միջոց եւ ընդդիմադիրներին զսպելու ձեւ, իշխանությունը միշտ է կիրառել։ Սա, անշուշտ, չի նշանակում, որ քաղաքական գործիչները պետք է անպատասխանատու հայտարարություններ անեն՝ առանց իրենց ասածի համար պատասխան տալու։ Իհարկե, խոսքը քաղաքական պատասխանի, հանրության առջեւ պատասխանատվության մասին է, այլ ոչ թե քրեական հաշվեհարդարի։

Ի վերջո, իշխանությունը Լեւոն Զուրաբյանի գործին եթե ընթացք տա եւ անգամ գնա ծայրահեղ քայլի՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի, ապա դա միայն վնասելու է երկրի իմիջին եւ իրենց առանց այն էլ ցանկալիից ցածր միջազգային հեղինակությանը:


Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2015թ․ հոկտեմբերի 16