Վարչապետը մասնակցում է տնտեսական համաժողովին․տեսանյութ

Վարչապետը մասնակցում է տնտեսական համաժողովին․տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է  «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովին: Բացման խոսքում վարչապետն ասաց, որ նման հանդիպումներն արդեն կրում են հաճախակի բնույթ, նաև կարևորելով նման քննորկումները՝ մտագրոհի տեսանկյունից:

«Տնտեսագիտության առումով շատ կարևոր է վերջին շրջանում ավելի հաճախ ու բարձրաձայն հնչող այն տեսակետը, որ տնտեսության մեջ կարևոր գործոն են դառնում հոգեբանությունը և տրամադրությունը: Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում առավել մեծ շեշտադրում է դրվում այս իրողությունների վրա, որ հանրային տրամադրությունները, սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան չոր թվերը և թվերի համադրությունը»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա, Հայաստանի տնտեսության զարգացման հիմքում տեսանելի է անհատական ջանքը, անհատի տրամադրությունն ու ընկալումը:Ուստի  2019  թվականը, և ընթացիկ տնտեսական վիճակը, և ցուցանիշները, որոնք կան, գալիս են ապացուցելու տվյալ թեզի ճշմարտացիությունը:

«Կարծում եմ՝ Հայաստանում տնտեսական գործունեության համար շատ լավ տրամադրություն է ստեղծվել և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրության պահպանումը: Իհարկե, կան բազմաթիվ կանոնակարգումների, տնտեսական գործունեության հնարավորություններն ավելի ընդլայնելու հարցեր, որոնք մեզ համար առաջնահերթություններ են: Նման քննարկումների ժամանակ, մենք պետք է հասկանանք, թե որ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի ամեն ինչ լինի առավել արդյունավետ»։