Այդ ճանապարհն առեւտրի առարկա են դարձնում՝ Զանգեզուրի միջանցք բացելու համար
Շաբաթ օրը քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ՝ բնապահպանական նպատակների կեղծ պատճառաբանությամբ, մի քանի ժամով փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին: Արցախում ապրող եւ ստեղծագործող արձակագիր Համլետ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր այս սադրանքի իրական պատճառը, Արցախում ի՞նչ են մտածում տեղի ունեցածի մասին։
«Իմ կարծիքով՝ ադրբեջանցիներին պետք էր ստուգել, ինչպես ասում են, մեր «բերանի գոլը», որ եթե ճանապարհի վրա անեն նման գործողություն, ինչպիսի՞ հետեւանքներ այն կունենա, եւ միջազգային կազմակերպություններն արդյո՞ք ճնշում կգործադրեն իր վրա, թե՞ ոչ։ Սա մի տեսակ հետախուզական քայլ էր, եւ մի ընթացք հետո ավելի երկար ժամանակով են փակելու, վերջնական նպատակը ճանապարհն ամբողջովին փակելն է, իսկ այն, որ բնապահպանական խնդիր են մեջտեղ բերել, դա միայն իրենց քայլն արդարացնելու համար է, հո զինվորականներով չէի՞ն մտնելու՝ ճանապարհը փակեին։ Ու որպեսզի այնպես չլինի, թե Ռուսաստանի դեմ իրենք ընդվզում են, դրա համար քաղաքացիական հագուստով էին հանդես եկել,- ասում է Հ․ Մարտիրոսյանն ու ընդգծում, որ այդ մարդիկ բնապահպաններ չէին, այլ, միանշանակ՝ զինվորականներ։- Որպեսզի, եթե հանկարծ ճնշում լինի իրենց վրա, արդարացնեն, որ իբրեւ թե քաղաքացիական անձինք էին, եւ կառավարությունը տեղյակ չէր։ Հազար ու մի արդարացուցիչ հանգամանքներ ունենալու համար այդ մարդկանց հագցրել էին այդ շորերը եւ ուղարկել։ Այստեղ կա նաեւ մի ուրիշ «բայց»․ Ադրբեջանը նաեւ բացատրում է, որ ինքը վաղօրոք խաղաղապահների ղեկավարության թույլտվությունը ստացել էր, որպեսզի այդ մոնիթորինգ կոչվածը կազմակերպի․․․, եթե իսկապես պայմանավորվել են, ուրեմն ճանապարհը չի էլ փակվել, եւ հանդիպման վայրը եղել է ճանապարհի այդ հատվածը։ Նաեւ այս տարբերակը կա»։
Համլետ Մարտիրոսյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ ադրբեջանցիներն ուզում են տիրանալ Արցախի Կաշենի ոսկու հանքին եւ դժգոհում են, թե ինչու են այդ հանքը շահագործում արցախցիները։ «Բայց խնդիրը միայն հանքը չէ, իրենց վերջնական խնդիրն այն է, որ այդ ճանապարհի վրա իրենք վերահսկողություն սահմանեն եւ այդ ճանապարհը դարձնեն առեւտրի առարկա՝ Զանգեզուրի միջանցք բացելու համար։ Իրենց նպատակը դա է։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը մի ընթացք առաջ ասել էր, որ ցանկություն ունի անմիջական կապի մեջ լինել արցախաբնակ տեղական իշխանությունների հետ։ Ու քանի որ նման հայտարարություն արել է, ես մտածում եմ, որ չի բացառվում, որ այս բնապահպան կոչվողները եղել են առաջին ծիծեռնակները՝ բանակցելու, որովհետեւ խաղաղապահների ղեկավարությունը դրանց բերել է Ստեփանակերտ՝ նստել զրուցել են։ Այսինքն՝ նաեւ այդ նպատակը կա, ու հաջորդ հանդիպման ժամանակ թուրքերը կհանդիպեն մեր տեղական իշխանությունների հետ՝ էլի իբրեւ թե բնապահպանական հարցերով, հանքի հետ կապված, բայց այդպես կամաց-կամաց կփորձեն շփումները ջերմացնել, մերձեցնել։ Այսինքն՝ միանգամից փորձելու են մի քանի խնդիր լուծել՝ միակ ճանապարհը փակելով։ Իսկ գերագույն խնդիրը ճանապարհը փակելով վերահսկողություն սահմանելն է ու այդ խաղաքարտով այնուհետեւ առեւտուր անել Զանգեզուրի միջանցքը բացելու համար։ Ցանկացած դեպքում մեզ շահեկան ոչ մի բան չկա այս իրավիճակում»,- արձանագրում է զրուցակիցս։
Այս օրերին դրան հաջորդեց մի միջադեպ եւս․ Գետավանի մոտ ադրբեջանցիները հայ երիտասարդների էին ծեծել։ Արդյո՞ք սա նշանակում է, որ լարվածությունը վերջին օրերին մեծացել է Արցախում, եւ իրավիճակը խաղաղապահների վերահսկողությունից դուրս է գալիս։ «Ես չէի ասի, որ լարվածության աճ կա մեզ մոտ, եթե նույնիսկ կա, դա տեսանելի չէ, որովհետեւ ամեն ինչ արտաքուստ խաղաղ է, հանգիստ է, բայց որ իրենք իրենց լկտի են պահում, դա ամեն օր տեսանելի է, մեքենայով անցնում են՝ մատ են ցույց տալիս, հայհոյում են։ Դա սովորական երեւույթ է մեզ համար, ուղղակի քանի որ Գետավանում կանգնել է մեքենան, եւ լեզվակռիվ է եղել, ու այդ ամեն ինչը սկսվել է, ճանապարհը փակելու հետ կապ չունի, ուղղակի զուգադիպել է։ Բայց այն փաստը, որ ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որպեսզի խաղաղապահներն այստեղից թողնեն գնան՝ սա միանշանակ է։ Դա էլ նմանատիպ մի պրովոկացիա էր, ավելի շատ խաղաղապահների հասցեին ուղղված»։
Եթե այստեսակ սադրանքները մեծանան, եւ մի քանի ժամի փոխարեն մի քանի օրով փակեն ճանապարհները կամ, ինչպես անցած տարի եղավ, գազատարը վնասեն, սա կնշանակի՞, որ առաջիկայում հումանիտար աղետի առաջ կկանգնեն Արցախն ու արցախցին։ «Աղետի առաջ չենք կանգնի, որովհետեւ ճանապարհը կարող են փակել մեկ օրով, երկու օրով, ինչպես այդ գազի խնդիրը եղավ անցած տարի, բայց ինձ թվում է՝ խաղաղապահների համբերությունն էլ կարող է սպառվել։ Նրանք հիմա ամեն ինչ անում են, որ լարվածությունն այստեղ քիչ լինի եւ չմեծանա, բայց եթե բանը հասնի ճանապարհ փակելուն, ինձ թվում է՝ ռուսները շատ արագ կերպով բացել են տալու։ Ուրիշ ելք չկա, որովհետեւ, առաջինը՝ դա իրենց պատասխանատվության գոտին է, երկրորդ՝ նրանք աշխարհի առաջ խայտառակ են լինելու վերջնականապես, եթե չկարողանան այդ ճանապարհը բաց պահել։ Դրա համար կարծում եմ՝ երկար չի տեւի փակվելու դեպքում։ Ներկա դրությամբ, կարծում եմ, խաղաղապահները տիրապետում են իրավիճակին, ամեն դեպքում, եթե իրենց բացակայությունը լինի, հավատացեք՝ տասը րոպե հետո ամեն ինչ խառնվելու է իրար։ Բայց մտածել, որ ռուս խաղաղապահները կարող են բարձիթողի վիճակ ստեղծել՝ չեն անի, ու դա ոչ թե հանուն մեզ, այլ իրենց եւ հանուն իրենց հեղինակության նրանք կդիմեն ամեն քայլի, բայց ճանապարհը բաց կպահեն, չեն թողնի, որ փակվի, որովհետեւ դա իրենց անմիջական անելիքն է՝ ճանապարհը բաց պահելը։ Դրա համար այստեղ մերոնք շատ հանգիստ են այդ ամեն ինչին նայում, խուճապ, հուսահատություն չկա, մարդիկ հանգիստ են ու նաեւ գիտեն, որ ամեն ինչ լավ է լինելու»։
Կարծիքներ