Ով կկասեցնի Նիկոլ Փաշինյանի ծրագրի իրականացումը

Ով կկասեցնի Նիկոլ Փաշինյանի ծրագրի իրականացումը

Պարզ է, որ յուրաքանչյուր իշխանություն ունի իր ընտրազանգվածը։ Միայն ադմինիստրատիվ ռեսուրսը՝ իրենց ազգուտակերով, առնվազն մի 25 տոկոս ձայն են կազմում։ Այսինքն, մոտ 300 հազարի կարգի մարդ իշխանության կողքին են՝ ամեն պարագայում, անգամ եթե այդ իշխանությունը հանցագործ է, դավաճան եւ անմեղսունակ։ Այս մարդիկ, իրականում, ոչ թե կոնկրետ անձի են պաշտպանում, այլ իրենց բարեկեցությունը, աշխատանքը, կարգավիճակը։ 
Ցանկացած պահի՝ իրենց բարեկեցությանն ու ապագային միտված  վտանգ զգալու դեպքում, պատրաստ են դուրս գալ փողոց եւ պաշտպանել իրենց ապրուստն ու կարգավիճակը։ Եվ բոլոր այն դեպքերում ու բոլոր երկրներում, որտեղ իշխանությունն ահազանգի, որ իրենց ուզում են հեռացնել, իմա՝ դուք կարող եք զրկվել ձեր բարեկեցությունից, եւ կոչ անի դուրս գալ փողոց, այդ 300 հազարի մի 10 տոկոսը, այսինքն՝ մոտ 30 հազար մարդ, անմիջապես դուրս կգա փողոց։ 

Նման մի փորձ արեց ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը, եւ եղավ Կապիտոլիումի գրոհն ու բախումը՝ մարդկային զոհով։ Սակայն ամերիկյան պետական ինստիտուտները կասեցրին պրոցեսը եւ թույլ չտվեցին, որ 70 միլիոն ձայն ունեցող մարդը երկիրը տանի ցնցումների։
Նման փորձ չարեց 2018 թվականին, օրինակ, Սերժ Սարգսյանը՝ խուսափելով իր կողմնակիցներին հարվածի տակ դնելուց եւ բախումներ հրահրելուց։ 

Բայց նման փորձ անում է Նիկոլ Փաշինյանը՝ չմտահոգվելով հետեւանքների մասին։ Ինչպես չէր մտահոգվում իր անմիտ հայտարարություններն անելիս՝ ուղղված Ռուսաստանի դեմ, թեեւ դրանով վտանգում էր Արցախը եւ պատերազմի էր տանում երկիրը։ Իսկ նախօրեին էլ նման մի հայտարարությամբ ռուսական զենքն անպիտան որակեց եւ արժանացավ ռուսական կողմի զայրացած արձագանքներին, ու, ի վերջո՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ երեկվա հայտարարությանն ու բանակի ղեկավարության՝ իրեն անհնազանդություն հայտնելուն։ 

Ամեն անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման իրավիճակներ է ստեղծում, շիկացնում մթնոլորտը, ապա սեւերի ու սպիտակների թեման արծարծելով՝ հասարակությունը պառակտում, մարդկանց հանում իրար դեմ, ատելություն հրահրում, սլաքներն ուղղում նախկինների դեմ եւ խաղում պողոսների՝ վրեժի ու նախանձի զգացումների վրա։  

Պարզ է, որ աթոռն ու իշխանությունը նրա համար երկրից թանկ են, եւ նա խաղաղ չի հեռանա։ Այլ հեռանալու է՝ իր հետ «տանելով» շատ մարդկանց եւ հերթական անգամ ցնցումների մեջ գցելով երկիրը։