Իշխանությունը բոլոր «կարմիր գծերն» անցել ու անընդհատ տապալել է սահմանադրական կարգը

Իշխանությունը բոլոր «կարմիր գծերն» անցել ու անընդհատ տապալել է սահմանադրական կարգը

Հանրապետության հրապարակում իր կողմնակիցների հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը դիմեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչ անելով ստորագրել Օնիկ Գասպարյանի ու կորպուսի հրամանատարների ազատման հրամանագրերը։ Թեեւ հայտնի չէ, թե ումով է փոխարինելու այդքան պատասխանատուներին, երբ անգամ ոլորտային փոխնախարարներ չեն կարողանում ամիսներ շարունակ գտնել։

Չնայած դրան, Արմեն Սարգսյանը մինչ ուշ գիշեր դեռ չէր ստորագրել հրամանագիրը։ Ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը նման դեպքերում։ Ինչպես տեղեկանում ենք մայր օրենքից՝ Սահմանադրությունից, թե՛ ԳՇ պետը եւ թե՛ մյուսները նշանակվում ու ազատվում են վարչապետի առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի կողմից։  

Եթե Արմեն Սարգսյանը չստորագրի, ի՞նչ է լինելու այդ պարագայում։ Հարցն ուղղեցինք ԵՊՀ իրավագիտության ամբիոնի դասախոս, սահմանադրագետ Վարդան Այվազյանին։

- Պարոն Այվազյան, ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունն այն դեպքում, եթե, ասենք, Արմեն Սարգսյանը չստորագրի Օնիկ Գասպարյանի եւ մյուսների ազատման հրամանները։

- Չստորագրելու ընթացակարգ չկա։ Նախատեսված չէ, թե այդ դեպքում ինչ է լինում։ Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում այնպես է, որ  նախագահը պետք է ստորագրի։ Ավելի ճիշտ՝ ընթացակարգը նախատեսված է նշանակելու դեպքում։ Իսկ եթե նախագահը չի նշանակում, ապա վիճարկում նախատեսված է միայն այն առումով, թե Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Ասենք՝ քաղաքացիության եւ այլ հանգամանքների դեպքում Սահմանադրության համապատասխանության համար դիմում է ՍԴ, բայց աշխատանքից ազատման պարագայում, նորից եմ ասում՝ նման իրավակարգավորում չկա։ Հիմա, սենց ասեմ, ինչքան նախագահը տղամարդկություն ունենա, չստորագրի, օդի մեջ առկախված մնա, էդքան համարվում է, որ Գլխավոր շտաբի պետը պաշտոնից ազատված չէ։ Եվ Գլխավոր շտաբի պետը՝ իր ողջ շտաբով հանդերձ, պետք է իրենք էլ քաջ գիտակցեն, որ ամեն ինչ անեն այս 3 օրվա ընթացքում, որ էդ խնդիրը չլինի, որ իրենց ամեն ինչը լեգիտիմ լինի։

- Ինչո՞ւ 3 օր։

- Որ այդ ընթացքում նախագահի վրա ճնշում չգործադրեն, չստորագրի։ Բայց նաեւ, հիշողությունս եթե չի դավաճանում, կա ընթացակարգ, որ եթե նախագահը չի ստորագրում, վարչապետը հաղթահարի դա։

- Իսկ կա՞ ընթացակարգ, ըստ որի՝ ռազմական իշխանությունը կարող է քաղաքական իշխանությունից վերցնել իշխանության ֆունկցիաները։

- Իհարկե, դա նախատեսված չէ Սահմանադրությամբ, բայց տեսեք՝ խնդիրը ոնց է։ Ունենք քաղաքական իշխանություն, որը մեղադրվում է իշխանության բռնազավթման մեջ։ Ժողովրդից բռնազավթել է իշխանությունը։ Եվ 3 տարի, մինչեւ պատերազմի սկսվելն էլ անընդհատ ոտնահարել է Սահմանադրությունը, սահմանադրական կարգը։ Եվ հիմա, քանի զինված ուժերը պատասխանատվություն են կրում պետության անվտանգության ու տարածքային ամբողջականության համար, իր այս պատասխանատվության շրջանակներում էլ ինքը հեռացնում է իշխանությունից սահմանադրական կարգը տապալած քաղաքական իշխանություններին եւ ձեւավորում է ժամանակավոր կառավարություն, որն էլ նախապատրաստում է նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ ամեն ինչ բերում-գցում են իրենց տեղը։ Դա շատ տարածված պրակտիկա է, եւ հենց դա է ողջ իմաստը, որ ասում ենք՝ «ժողովուրդ, բանակ» միասնություն։ Հիմա, ըստ էության, զինված ուժերը փորձում է իրականացնել իր իրական առաքելությունը՝ ժողովրդի պաշտպանությունը։

- Իսկ երբ նշում եք՝ «հեռացնում է», այդ գործընթացը ո՞նց կարող է լինել, ի՞նչ գործողություններ պիտի անեն․ ռազմաքաղաքական իշխանությունը պառլամե՞նտ մտնի, նախագահի՞ն դիմի․․․

- Շատ լավ է, որ ռազմական դրությունը դեռեւս պահպանվում է։ Իսկ ռազմական դրության ժամանակ թելադրողը հենց Գլխավոր շտաբն է։ Հիմա, այս պարագայում, քանի որ իշխանությունը բոլոր «կարմիր գծերն» անցել ու անընդհատ տապալել է սահմանադրական կարգը, ԳՇ-ի խնդիրը հետեւյալն է․ որ, ինչպես լրագրողներդ սիրում եք ասել՝ ուժային կառույց մտնել, առանց խոչընդոտների ձերբակալել վարչապետին եւ նրան հանձնել իրավապահ մարմիններին։

- Գլխավոր շտաբը նման հնարավորություն ունի՞, մեզ թվում էր՝ միայն  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ունի։

- Եթե հրաժարվի այդ գործառույթն իրականացնել, Գենշտաբն այն կվերապահի իրեն, կձերբակալի, մինչեւ նոր, ժամանակավոր կառավարություն կձեւավորվի, մինչեւ որ դավաճան ու անգրագետ իրավապահ համակարգը կփոխվի, կգնա օրինական դատավարություն, կորոշեն՝ մեղավոր է, մեղավոր չէ։