Հարությունյանի հրաժարականին պետք է հաջորդի Փաշինյանի հրաժարականը
Փաշինյանը գիտակցում է իր վարկանիշի աղետալի անկման փաստը, բայց շարունակում է կառչած մնալ իշխանությունից: Համեմատենք 2018 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն այժմ ընթացող քարոզարշավի հետ: Այն ժամանակ Փաշինյանը բազմահազարանոց հավաքներ էր կազմակերպում, որտեղ հիմնական քարոզիչն ինքն էր, հայտարարում էր, որ եթե Մարությանին եք ձայն տալիս, նշանակում է՝ իրեն եք ձայն տալիս, աջակցում եք հեղափոխությանը: Հիմա Փաշինյանը քարոզարշավին ընդհանրապես չկա, իսկ եթե հայտարարի, որ Ավինյանին ձայն տալով դուք ինձ եք ձայն տալիս, Ավինյանը կարող է ոչ մի քվե էլ չստանալ: Ընդհակառակը՝ Ավինյանի քարոզարշավը կառուցված է նրա վրա, որ ինքը գրեթե կապ չունի այս իշխանության հետ, անհատական մակարդակում էլ խոսում են, որ Ավինյանին ձայն տալով՝ իրեն ուժեղացնելով, թուլացնելու ենք Փաշինյանի իշխանությունը: Փաշինյանի իշխանության կոլապսն ակնհայտ է, բայց դա ավելի ակնհայտ դարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականով:
Փաշինյանը, այսպես կոչված, ջայլամային քաղաքականություն է վարում. որպեսզի ցույց տա, որ ինքը խիստ զբաղված լինելու պատճառով է, որ չի մասնակցում քարոզարշավին, մարզային այցելություններ է կազմակերպում: Այդ այցերը որեւէ նպատակ կամ իմաստ չունեն, բացի նրանից, որ ցույց տան, որ Փաշինյանն ինչ-որ գործով, այնուամենայնիվ, զբաղվում է: Օրինակ, գյուղացիներին սովորեցնում է, թե ինչպես ոռոգեն իրենց դաշտերը, ինչ տնկիներ տնկեն եւ որքան ժամանակ հետո բերք ակնկալեն: Փաշինյանը երբեւէ զբաղվե՞լ է արդյունաբերական գյուղատնտեսությամբ. իհարկե՝ ոչ: Այդ դեպքում նրան որտեղի՞ց գիտելիք՝ ինչ-որ բան սովորեցնելու կամ խորհուրդ տալու համար: Ուղղակի նա գիտի, որ գյուղացիությունը հասարակության ամենախեղճ ու ամենաճնշված հատվածն է, որեւէ գյուղացի չի հակադարձի իրեն եւ չի ասի, թե ինչ իրավունքով է իր գործը` պետական կառավարումը ձախողած ու տապալած մեկն իրենց սովորեցնում մի բան, ինչով իրենք զբաղված են տասնյակ տարիներ: Ոչ մի գյուղացի չի ասի՝ եթե այդքան լավ հասկանում եք գյուղատնտեսությունից, գիտեք՝ ինչն ինչպես անել եկամուտ ստանալու համար, գուցե հրաժարակա՞ն տաք վարչապետի պաշտոնից եւ զբաղվեք այն գործով, ինչից հասկանում եք:
Ինչո՞ւ, օրինակ, Փաշինյանը չի մտնում որեւէ հիվանդանոց, բժիշկներին հավաքում եւ սովորեցնում, թե ինչպես ճիշտ ախտորոշում իրականացնեն, ինչպես վիրահատություն կատարեն կամ կազմակերպեն հետվիրահատական բուժումը: Ինչո՞ւ, օրինակ, նա չի մտնում որեւէ ավտովերանորոգման արհեստանոց եւ նորոգող վարպետներին սովորեցնում՝ ինչպես նորոգել մեքենայի շարժիչը կամ ինչպես ավելի արդյունավետ օգտագործել առկա տարածքը: Ոչ թե այն պատճառով, որ նա այդ մարդկանց չի կարող խորհուրդ տալ, հաստատ կարող է, քանի որ Փաշինյանը ներքուստ համոզված է, որ ինքը բոլորից ամեն ինչ ավելի լավ գիտի, բայց նա մտավախություն ունի, որ բժիշկը կամ ավտովերանորոգողն իր դեմքին կասի այն, ինչն իրականում մտածում են իր մասին: Բայց երբ հեռուստաէկրանի առաջ Փաշինյանը գյուղացիներին հող մշակել է սովորեցնում, հեռուստադիտողը չի տեսնում Փաշինյանի հետեւում կանգնած թիկնազորի ահռելի քանակը, որոնք սպառնալից հայացքով նայում են խեղճ ու ճնշված գյուղացիներին՝ հասկացնելով․ թողեք՝ ինչ ուզում է, խոսի, որովհետեւ դա պետք է հեռուստատեսությամբ ցուցադրվի, որ մարդիկ տեսնեն, թե ինչքան է Փաշինյանը մտածում գյուղացիների մասին: Մարդիկ պետք է տեսնեն, որ նա ընդհանրապես ինչ-որ բանով զբաղվում է:
Փաշինյանի մարզային այցերը ցույց են տալիս այլ բան. նա ինքն էլ գիտի, որ իր միակ լսարանը մնացել են վախից խեղճացած, մի քանի հազար դրամով կաշառված, անգործությունից ամեն գյուղ եկողի հետ պարապ ու անիմաստ զրույցի բռնվելու պատրաստ մարդիկ: Փաշինյանը գիտի, որ երբ Երեւանում Ավինյանի առաջ դուռ են փակում, երբ հրաժարվում են նրա հետ խոսել եւ անգամ նրան մեղադրում են Արցախը հանձնելու, թուրքի պահանջները անվերապահ կատարելու մեջ, դրանով իրենց վերաբերմունքն են արտահայտում առաջին հերթին իր, այլ ոչ թե Ավինյանի նկատմամբ, ով այդ իշխանության ընդամենը շարքային դերակատարներից է:
Զարհուրելին այն է, որ Փաշինյանը, հասկանալով եւ գիտակցելով, թե իրականում ինչ վերաբերմունք ունի հայ հասարակությունն իր եւ իր իշխանության նկատմամբ, շարունակում է կառչած մնալ իշխանությունից՝ գիտակցելով, որ իր նկատմամբ բացի ատելությունից ու նողկանքից, մարդիկ որեւէ այլ զգացում չունեն, նա կարգադրում է, որ մարզպետներն ու քաղաքապետերը մի քանի հազար դրամ ծախսեն ու իր համար ջերմ ընդունելություն բեմականացնեն։ Նա, մերժված լինելով հասարակության արժանապատիվ եւ գիտակից հատվածի կողմից, կարող է ուրախանալ, որ ապադասակարգային լյումպենն իրեն դեռ փրկիչ է հռչակում, որովհետեւ իր՝ գյուղ գալով այդ մարդիկ մի քանի հազար դրամ են աշխատել, մի քանի օր փրկվել են սովամահության վտանգից, հայտնվել են Հ1-ի եթերում եւ մի քիչ իրենց մարդ են զգացել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ում պատասխանատվությունը 44-օրյա պատերազմի եւ պարտության մեջ անհամեմատելի է Փաշինյանի պատասխանատվության հետ, քանի որ Ադրբեջանի դեմ պատերազմում պարտվեց Հայաստանը՝ կորցնելով Արցախը, հայտարարեց հրաժարական տալու մասին: Որքան էլ շատերն անընդունելի համարեն այդ քայլը, Արայիկ Հարությունյանը հասկացավ, որ ինքը կորցրել է հանրային վստահությունը, որ արցախցիներն այլեւս իրեն չեն հավատում եւ չեն վստահում, իսկ այդ պայմաններում հնարավոր չէ կառավարել: Փաշինյանի հանրային վստահության մակարդակն անհամեմատ ցածր է, քան Հարությունյանինը, նրա նկատմամբ հանրային ատելությունն անչափելի է, որովհետեւ եթե Հարությունյանին մեղադրում են իրավիճակից ելքեր գտնելու անկարողության մեջ, ապա Փաշինյանն ընդհանրապես հանձնում է Հայաստանի պետական շահերը, Հայաստանը վերածում թուրքական աշխարհի մի մասնիկի:
Հարությունյանն իր հրաժարականի անհրաժեշտությունը հիմնավորելիս ասաց, որ Արցախում անհրաժեշտ է «մոտեցումների եւ քայլերի փոփոխություն, ճկունություն դրսեւորելու անհրաժեշտություն, հիմնական դերակատարների փոփոխություն», մի բան, որ առավել քան անհրաժեշտ է Հայաստանին: Արայիկ Հարությունյանի հրաժարականին պետք է հաջորդի Փաշինյանի հրաժարականը կամ պաշտոնազրկումը:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ