Իմ պաշտպանյալը նույնիսկ չի հարցաքննվել, ինչպես կարող էր «Պատրոն Դավիթն» ազդեր նրա վրա. փաստաբան

Իմ պաշտպանյալը նույնիսկ չի հարցաքննվել, ինչպես կարող էր «Պատրոն Դավիթն» ազդեր նրա վրա. փաստաբան

Գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթը» 2011թ. մատակարարված զենքի գործով այս տարի 5 ամիս կալանքի տակ էր և գրավի դիմաց ազատ արձակվեց։ Սակայն նախօրեին կրկին կալանավորվեց։ Որոշումը կայացրել է վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը։ Նա, որ հունիսի 28-ին արձանագրել էր, որ դատարանը 1 ամիս անհիմն է կալանքի տակ պահել Դավիթ Գալստյանին, երեկ բավարարել է գրավի դեմ դատախազության բողոքը՝ համարելով, որ դատարանը Դավիթ Գալստյանին չպետք է գրավի դիմաց ազատ արձակեր, քանի որ Գալստյանը կարող է ճնշում գործադրել երկու վկայի վրա։

Ուշագրավ է, որ ըստ մամուլում տարածված լուրերի՝ այդ որոշման կայացման մեջ ներգրավված են եղել նաև իրավապահ մարմինները, եւ ԱԱԾ աշխատակիցը, հավանաբար դատախազության պատվերով, կազմել է կեղծ տեղեկանք, ըստ որի իբր Դավիթ Գալստյանը հայտնվելով ազատության մեջ, միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ներազդի քրեական վարույթով իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ապացուցողական ցուցմունքներ տված անձանց վրա։

Այդ երկու անձինք են ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը եւ փորձագետ Արտակ Սուքիասյանը։ Նկատենք սակայն, որ այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ վերոնշյալ անձինք ներգրավված են և ցուցմունք են տվել 2018 թվականի մատակարարումների մասով քննվող քրեական գործով, այլ ոչ թե 2011 թվականի մատակարարումների գործով, որով Դավիթ Գալստյանը ապահովել էր ենթադրյալ վնասի փոխհատուցումը ամբողջությամբ։

ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանի փաստաբան Արթուր Պիվազյանից hraparak.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Դավիթ Գալստյանը կալանքից ազատվելուց հետո 40 միլիոն գրավի դիմաց հայտնվելով ազատության մեջ` միջոցներ է ձեռնարկել ազդել գործով վկաներից Վլադիմիր Բաբայանի վրա` իր օգտին դատաքննության ժամանակ ցուցմունք տալու համար, արդյո՞ք Բաբայանի վրա Դավիթ Գալստյանի կամ վերջինիս անունից որևէ անձի կողմից որևէ տեսակի ազդեցության փորձ է կատարվել։

«Իհարկե, նյութերին ծանոթ չեմ, բայց լսել ենք, որ խնդիրը դա է, որ Դավիթ Գալստյանին կրկին կալանքի տակ են պահում, որ իբր փորձ է արել ազդել վկաների վրա։ Եթե խոսքը գնում է իմ պաշտպանյալ Վլադիմիր Բաբայանի մասին, ապա ասեմ, որ նա որպես վկա նույնիսկ չի էլ հարցաքննվել։ Ուրիշ բան էլ ասեմ․ ես իրեն ասել եմ, որ մեղադրյալներից որևէ մեկի հետ կապի մեջ չլինի, իհարկե մեղադրյալներից բոլորն անազատության մեջ են, բացի մեկից։

Զգուշացրել եմ, որ նրանց հետ շփումը կարող է հետևանքներ ունենալ, հեռախոսազրույց լսեն եւ այլն։ Որևէ մեկը նրան ոչ մի բան չի ասել, որևէ մեկը չի կապվել հետը։ Եթե, իրոք, խոսքն իմ պաշտպանյալի մասին է, էդ մարդն ասում է ՝ եթե խնդիր է եղել, որ ինքը ցուցմունք տա, որպեսզի պարոն Գալստյանի համար լավ լինի, ապա նա ի սկզբանե ցուցմունք չի տվել»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործերով մեղադրյալի կարգավիճակ ունի Պն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով, որը վերաբերվում է 2018 թվականի մատակարարումներին, ինչպես նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՊՆ նախկին կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործին միացրած դատական գործով, որը արդեն վերաբերվում է 2011 թվականի մատակարարումներին։ 2011 թվականի մատակարարումներին վերաբերող քրեական գործով Դավիթ Գալստյանը այս տարվա հունվարի 30֊ից կալանավորվել էր, գործը դատարան ուղարկելուց հետո 1 ամսով կալանքի ժամկետը ապօրինի երկարացվել էր, սակայն արդեն հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Գալստյանին 40 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակել՝ մերժելով կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: