Կապիտոլիումի գրոհի գործով առաջին դատավճիռն է արձակվել

Կապիտոլիումի գրոհի գործով առաջին դատավճիռն է արձակվել

Միացյալ Նահանգներում դատարանը առաջին դատավճիռն է կայացրել կապված հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի գործով։ 49-ամյա կինը դատապարտվել է երեք տարվա բանտարկության, որը սակայն կկիրառվի պայմանական կերպով։ Այս մասին հայտնում է Huffington Post պարբերականը։ Ըստ հրապարակման, Աննա Մորգան-Լլոյգը, ով Ինդիանա նահանգի բնակչուհի է, դատապարտվել է երեք տարվա պայմանական բանտարկության եւ այդ երեք տարիների ընթացքում նրան արգելվում է զենք կրել։

Միաժամանակ՝ 120 ժամ հանրային աշխատանք է կատարելու եւ 500 դոլարի չափով տուգանք է վճարելու։ Կինն իր հերթին զղջացել է, հայտարարել, որ այնտեղ է գնացել խաղաղ կերպով բողոք արտահայտելու եւ այն ժամանակվա նախագահին աջակցելու համար ու խորապես ափսոսում է, որ ամեն ինչ վերաճել է բռնության։ Նա նաեւ ներողություն է խնդրել եւ ասել, որ եթե իմանար, թե ինչով է այդ բողոքի ակցիան ավարտվելու, երբեք չէր գնա այնտեղ։