300 խախտում, 38 նախազգուշացում, կազմվել է 122 արձանագրություն 

300 խախտում, 38 նախազգուշացում, կազմվել է 122 արձանագրություն 

Ի կատարումն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, հոկտեմբերի 14-ից սկսած՝ ԱԱՏՄ-ն հանրապետությունով մեկ մասնավոր եւ պետական հաստատություններում պետք է ստուգայցեր կատարեր՝ պարզելու, թե արդյոք բոլոր աշխատողները ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման մասին վկայող տեղեկանք ունե՞ն։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը երեկ մեզ ներկայացրեց հոկտեմբերի 14-ից հետո տասնօրյա կտրվածքով ԱԱՏՄ տեսչական այցերի արդյունքում արձանագրված խախտումները, որոնք վերաբերում են թե՛  ՊՇՌ թեստ-պատվաստում պահանջին եւ թե՛ համավարակից հետո ընդունված համաճարակային նորմերի պահպանմանն ու սանիտարահիգիենիկ այլ պահանջներին։ ԱԱՏՄ-ում առանձին պահանջների մասով հաշվետվություններն առանձնացված չեն։

«Իրականացվել է 3 հազար 689 ստուգայց ողջ հանրապետությունով մեկ։ Արձանագրվել է 300 խախտում, տրվել է 38 նախազգուշացում, եւ կազմվել է արձանագրությունների 122 որոշում»,-ասաց  Գայանե Խաչատրյանը։

Մյուս համաճարակային պահանջներն են, հիշեցնենք, դիմակների առկայությունը փակ տարածքներում, ախտահանիչ նյութերի եւ ջերմաչափերի առկայությունը, սոցիալական հեռավորության պահպանումը, տարածքի եւ մակերեսների ախտահանումը։

Հարցրինք՝ իսկ հիմնարկներում դիմակ կրելու պարտադիր պահանջ կա՞։ Գայանե Խաչատրյանն ասաց․ «Փակ տարածքներում դիմակ կրելու պահանջն ուժի մեջ է եւ չի վերացվել»։

Հիշեցնենք, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը երեկ հրապարակել էր առողջապահության նախարարի հրամանը, որում ներկայացված են փակ տարածքներում դիմակ կրելու պայմանները, եւ մի կետով նշված է, որ «Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ եւ ուղերձ ունեցողների եւ միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների եւ սպասարկող անձնակազմի)»:

Մնում է մի հրաման էլ լիներ, որ Հայաստանում ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են ու հպարտ, բայց կան պաշտոնատար անձինք, որոնք ավելի հավասար են ու ավելի հպարտ։