Հանուն իշխանության թքած ունեն մարդկային ու ազգային բոլոր արժեքների վրա

Հանուն իշխանության թքած ունեն մարդկային ու ազգային բոլոր արժեքների վրա

ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամին ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե երբ է, ի վերջո, Փաշինյան Նիկոլն այցելելու Արցախ, վերջինս պատասխանել է, թե դա տեղի կունենա ըստ նպատակահարմարության: Թե ինչ է նշանակում տվյալ պարագայում «ըստ նպատակահարմարության» արտահայտությունը, մնացել է անորոշ: Ինչպես պատգամավորն է հիշեցրել, Արցախ չի այցելել ոչ միայն ինքը, այլեւ երկրի այլ ղեկավար անձինք. միակ բացառությունը կաթողիկոսն էր՝ հոգեւոր ղեկավարը: Բայց Նիկոլն ասեր կամ չասեր, թե ինչու չի այցելում Արցախ, դրանից խուսափելու պատճառն ավելի քան պարզ է:

Դա Ադրբեջանի նախագահի հաթաթան է՝ ուղղված Հայաստանի իշխանությանը՝ այլեւս առանց իր հատուկ թույլտվության ոտք չդնել Ղարաբաղ (հենց Ղարաբաղ): Իլհամի հրահանգը, բնականաբար, օրենք է Նիկոլի համար, եւ վերջինս էլ շարժվում է ըստ դրա: Բայց մի օր, այնուամենայնիվ, Նիկոլը ստիպված կլինի այցելել Արցախ: Երեւի հենց այդ պահին էլ կառաջանա վերջինիս հիշատակած «նպատակահարմարությունը»: Բայց դրա նախօրեին՝ 2018-ի գարնանը Հայաստանում իշխանությունը զավթած «դուխով» Նիկոլը, ենթադրաբար, խնդրագրով կդիմի պարոն Իլհամ Ալիեւին, որպեսզի վերջինս թույլատրի իր այցը Լեռնային Ղարաբաղ: Իսկ Իլհամն էլ, ենթադրաբար, կթույլատրի այցը՝ ինչ-որ պայման առաջադրելով դրա համար: Նիկոլը կգնա Արցախ՝ այդ այցը մեր ժողովրդին ներկայացնելով որպես հերոսություն, իսկ Իլհամի պայմանի մասին հայաստանյան հասարակությունն էլ, բնականաբար, կիմանա շատ ավելի ուշ: Այն ժամանակ, երբ արդեն վաղուց այդ այցն ու դրա վճարն էլ կդադարեն լինել օրակարգային:

Ի դեպ, տիկին Խամոյանը չհարցրեց Նիկոլին, թե ինչու նա չի պատասխանում Իլհամի ստորացումներին՝ ուղղված անձամբ իրեն եւ մեր ժողովրդին: Այդ բացը լրացրեց տիկնոջ գործընկեր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը: Եվ հարցն էլ, բնականաբար, պատասխան չստացավ. ի՞նչ պատասխաներ ժամանակին «դուխով» գրությամբ գլխարկով Սերժ մերժող Նիկոլը: Թե՞, այնուամենայնիվ, ժողովրդի «փրկիչ» Նիկոլն ադրբեջանական նվաստացումները որպես այդպիսիք չի ընկալում: Եվ իր համար Իլհամի՝ «հայերի գլուխը ջարդելու» սպառնալիքներն ու մյուս նվաստացուցիչ խոսքերը ոչ թե ստորացումներ են, այլ իր հասցեին արված կոմպլիմենտներ: Ես, իհարկե, գիտակցում եմ, որ աննորմալ բան եմ ասում այս պահին: Բայց ի՞նչն է նորմալ Փաշինյան Նիկոլի դեպքում, որպեսզի ասվածը չլիներ աննորմալ: Եթե այդ անձը, իր խոստովանությամբ, վերջին տարիներին առաջնորդվել է «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» աննորմալ թեզով, ապա նրա վարքագիծն ըմբռնելու նպատակով մենք էլ պետք է առաջնորդվենք ոչ թե նորմալ եւ մեղսունակ մարդկանց, այլ հենց իր տրամաբանությամբ: Իհարկե, ինքներս էլ չվերածվելով նիկոլանման էակների: 

Ինչեւէ, ես, որ երեքուկես տարի առաջ ողջունել եմ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Փաշինյան Նիկոլի կողմից իրականացված իշխանափոխությունը, այսօր բացարձակ անտարբեր եմ, թե ինչ կասի Իլհամը կամ վերջին ադրբեջանցին նրա հասցեին: Նույնիսկ չմոռանալով հանդերձ, որ Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը ներկայացնում է մեր պետությունն ու մեր ժողովրդին: Բացի դրանից, ուղղակիորեն վերջինիս հետ միասին ծաղրի է արժանանում նաեւ մեր ողջ ժողովուրդը: Բայց ես վստահ եմ, որ Նիկոլից ազատվելուց հետո մենք կլուծենք նվաստացումների խնդիրը, եւ թե՛ Իլհամը եւ թե՛ վերջին ադրբեջանցին դեռ շատ կափսոսան, որ իրենց կոռեկտ չեն պահել: Բայց քանի որ դա դեռեւս կյանքի չի կոչվել, մի երկու խոսք էլ գործադիր մարմիններում եւ խորհրդարանում հարմար նստած նիկոլական ուսապարկերի մասին:

Ավելի քան օրինաչափ է, որ վերջիններս եւս պատկանում են խուլ ու համրերի շրջապատին (ներողություն եմ խնդրում իրապես խուլ ու համր անձանցից): Եթե նիկոլական ուսապարկերը չլինեին այդպիսիք, ապա չէին կարող չիմանալ թե՛ իրենց նախկին «դուխովի» եւ թե՛ հենց իրենց ու մնացած հայերի նկատմամբ Ադրբեջանում հնչող նվաստացումների մասին: Չէին կարող չիմանալ ու չարձագանքել դրանց: Զարմանալի է, սակայն հանուն իշխանական բարիքների երիտասարդ մարդիկ պատրաստ են վերածվել արժանապատվությունից զուրկ էակների: Զարմանալի է կրկնակի, որ երեքուկես տարի առաջ մենք իշխանության բերեցինք երիտասարդների, որոնք ձեւանում էին նվիրյալներ, սակայն պարզվեց, որ բացարձակ այդպիսիք չեն

: Պարզվեց, որ նրանք զուրկ են հայրենասիրությունից եւ արժանապատվությունից, որ հանուն իշխանության պատրաստ են թքած ունենալ մարդկային ու ազգային բոլոր արժեքների վրա: Զարմանալի է եւ ցավալի…