Պետություն՝ թղթի վրա

Պետություն՝ թղթի վրա

Ամեն օր՝ սկսած 2020 թվից, անզորության, անճարության զգացում է ունենում հայ մարդը։ Անուժ ու անզոր եղանք պահելու-պահպանելու Շուշին ու Հադրութը, որոշ հայկական տարածքներ՝ բավական չէ, շարունակում ենք ամեն օր նոր կորուստներ ունենալ։ Ոչ միայն մարդկային զոհերի ու տարածքների տեսքով, այլեւ մարդկային ու ազգային արժանապատվության, պետության, քաղաքացու, 21-րդ դարի մարդու տեսանկյունից։ Հանգիստ ապրել՝ հետեւելով, թե ինչպես են քո հայրենակիցները մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա սովամահ լինում, քայքայվում, տարատեսակ անմարդկային ճնշումների ենթարկվում, շատ բարդ է՝ մարդկային տարրական արժանապատվությանը, ինքնասիրությանը ծանր հարված հասցնող։ Չկարողանալ պարզ աջակցություն ցուցաբերել քո ազգակիցներին՝ որպես պետություն, որպես ազգ, սատար կանգնել, որ նրանք հաղթահարեն այս փուլը եւ հասնեն իրենց արդար պահանջի իրագործմանը, շատ նվաստացուցիչ է։

Փաստորեն՝ մենք միայն թղթի վրա, ձեւական պետություն ենք, որը կորցրել է սուվերենության բոլոր ատրիբուտները եւ պահպանել է միայն սնվելու, բազմանալու, գոյատեւելու կենդանական բնազդը։ Հակառակ դեպքում, այդքան չէինք հպարտանա տնտեսական աճով ու եկամուտների հավաքագրմամբ, երբ մեր ազգի մի մեծ հատված 21-րդ դարում սովամահության է մատնված, վառելիք չունի, որ հաց հասցնի խանութներ, հիվանդանոցները չեն գործում, եւ տարրական բուժօգնություն չի տրամադրվում մարդկանց, երեխաներն ու հղիները թերսնումից ուշաթափվում են եւ այլն։ Իբրեւ թե ՄԱԿ-ի անդամ պետության քաղաքացիներ ենք, անկախությանն «այո» ենք ասել, ընտրությունների միջոցով իշխանություն ենք ձեւավորում, բայց ողորմելի ու անօգնական վիճակում, վիզներս ծռած՝ միայն ուղերձներ ենք հղում համաշխարհային հանրությանը եւ հրաշքների սպասում։