Մենք, իսկապես, ցանկանու՞մ ենք ունենալ մեր «Տոյոտան»

Մենք, իսկապես, ցանկանու՞մ ենք ունենալ մեր «Տոյոտան»

Այս լուսանկարն արված է Տոկիոյում, 2002 թվականին: Աջից Իբինա-սանն է, JICA-ի ծրագրով, ԽՍՀՄ նախկին 8 հանրապետություններից, որակավորման բարձրացման նպատակով Ճապոնիա ժամանած, այդ երկրների պետական կառավարման տարբեր մարմինների աշխատակիցների խմբի կուրատորը: Այս ճապոնուհիների դեմքի հանգիստ արտահայտությունը նրանց հոգու հանգստության արտա­ցո­լումն է, նրանց կիմանոները՝ ազգային արժանապատվության: 
Իրականում ճապոնական հագուստն անվանվում է վաֆուկու: Ժամանակա­կից ճապոներենում «կիմոնո» բառը ստացել է երկու նշանակություն։ Լայն իմաս­տով, դա նշանակում է ցանկացած հագուստ, իսկ նեղ իմաս­տով՝ վաֆուկու: Ամեն դեպքում, ազգային հոգուստով ճապոնացին կերպարանափոխվում է, կարծես, էլ ավելի հպարտ դառնում, որ ճապոնացի է:
Ճապոնական ալկոհոլային խմիչքներից է սակեն, որը պատրաստվում է բրնձից և ածիկից։ Օտարերկրացիները սակեն հաճախ անվանում են բրնձի օղի, ինչը սխալ է, ինչպես որ սխալ է, երբ այն ավանում են բրինձի գինի: «Սխալ է» մեղմ է ասված. վիրավորական է ճապոնացու համար: Դա հասկացա, երբ Տոկիոյում, ալկոհոլային խմիչքների խանութում հարցրի, թե սակեն ինչի հետ կարելի է համե­մատել՝ գինու՞, թե՞ օղում (օղու համեմատ բավական թույլ խմիչք է, իսկ գինու համե­մատ՝ մի փոքր ուժեղ): Վաճառողը, վիրավորված, ետ գցեց գլուխն ու հպար­տութ­յամբ ասաց, սա սակե է: Իմ թուրքմեն ընկերոջ հետ անհարմար դրության մեջ հայտնվեցինք. բավական տպավորիչ խոնհարվեցինք (ճապոնացին ասում է, եթե ցանկանում ես բարձրանալ, պետք է խոնարվես. խոսքն անարժանապատիվ կեց­վածքի մասին չէ, ամենևին), հետո գնեցինք սակե և հրաժեշտ տվեցինք այդ հպարտ ճապո­նացուն՝ միմյանց ժպիտներ փոխանակելով:
Ահա, ազգային արժանապատվության այսպիսի զգացողություն ունեցող ժողովուրդը միայն կարող է զարգանալ, այդ թվում, արտադրել մեզանում մեծ մասսայականություն վայելող «Տոյոտա»:

Հ.Գ. Կարծես, հայկական կոնյակ այլևս չի լինելու: Եկեք մտածենք անվանում, որով կկարողանանք ճապոնացու նման հպարտությամբ ասել, որ սա կոնյակ չէ, այլ խմիչք է, որը Չերչիլը գերադասել է ֆրանսիական կոնյակին: Ի դեպ մեր «Սիգարոնը» հիացրեց ճապոնացիներին, իսկ դրանից առաջ, 2001 թվականին, զարմացրել ու հիացրել էր չինացիներին: Պետք է մի բան լավ գիտակցել, բարձրորակ և մրցունակ արտադրանք հնարավոր է թողարկել բացառապես մշակութային և ազգային արժանա­պատվութ­յան զգացողության բարձր մակարդակի առկայության պայմաններում: Տեխնոլո­գիաներն ամենուր նույնն են, դրանց պետք է ավելացնել տեղական գիտելիքները, մշակույթը և ազգային արժանապատվությունը: Հիմա, ի՞նչ ազգային արժանապատ­վության կամ մշակութային պատշաճ մակարդակի մասին կարող է խոսք լինել, եթե «Տոյոտա» – ներում, «Լեքսուզ» - ներում երիտասարդները լսում են մուղամ՝ հայե­րենով: Թուրքերը կարող են արտադրել «Տոյոտա» և արտադրում են, որովհետև բարձր են պահում իրենց արժանապատվությունը և այդ «Տոյոտա»-ների մեջ լսում են թուրքա­կան մուղամներ՝ թուրքերենով:

Գագիկ Վարդանյան