Ոչ մի զիջում չի կարող կանխել կամ սանձազերծել նոր պատերազմ

Ոչ մի զիջում չի կարող կանխել կամ սանձազերծել նոր պատերազմ

Հարցազրույց «Կարին» ազգագրական երգի եւ պարի համույթի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի հետ

- Պարոն Գինոսյան, նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման, ասել է թե՝ «երթուղու փոփոխության դեպքում» այն տարածքները (Արցախի Բերձորի շրջանը եւ Աղավնո գյուղը), «որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, պետք է պատրաստ լինենք նո՞ր զիջումների։

- Կարծում եմ՝ դրանք ապաշնորհ դիվանագիտության հետեւանքներն են։ Դա նոր չի սկսվել, դրա հիմքը դրել է, եւ դրա հայրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է ու մյուս բոլոր նախագահները։   Նույն մոտեցումը եղել է բոլորի ժամանակ, բայց անհասկանալի է՝ եթե Սովետական Միությունը քանդվել է, եւ մեր սահմանները գծվել են Սովետական Միության օրոք, որին աշխարհի ոչ մի երկիր չի ընդունել, ինչո՞ւ մենք հարց չենք բարձրացրել՝ վերանայելու Հայաստանի սահմանները, որոնք ապօրինի՝ ռուս-թուրքական պայմանագրով են սահմանված։ Եվ ինչո՞ւ հիմա ընդդիմությունը կամ որեւէ մեկը, որ խոսում է այս ամենի դեմ, չի բարձրաձայնում սրա մասին։ Ադրբեջանը ոչ մի կերպ չպետք է տիրանա այդ տարածքներին։ Դա հայկական հայրենիքի անբաժանելի մասն է։ Սովետական Միությունն այդ տարածքում արհեստական ու արհեստածին միավոր էր ստեղծել՝ «Կրասնի Կուրդիստան»։ Սրա մասին ոչ մեկը չի խոսում, որովհետեւ ոչ մի ադրբեջանցի չի էլ եղել։ Ինչո՞ւ այս ամենի մասին չենք խոսում եւ միայն քմահաճ ասում ենք, որ դա մերն է եւ մերը պետք է լինի։ Չէ՞ որ կա նաեւ պատմական հենք, ռուս-թուրքական պայմանագիր է եղել, որն աշխարհի ոչ մի երկրի կողմից, ոչ էլ ՄԱԿ-ի կողմից վավերացված չի եղել եւ ընդունված չէ։ Եվ Հայաստանի Հանրապետության այս ապօրինի սահմանները գծվել են սովետական քամահրանքով՝ թուրքաբարո Լենինի կողմից, նրա եւ Աթաթուրքի ներքին համաձայնությամբ։ Սրա դեմ ոչ ոք չի խոսում, ու անընդհատ ասում են՝ Աղավնոն․․․, բայց ոչ միայն Աղավնոն, ոչ միայն Բերձորը, այլեւ հայոց սահմանները վերանայել է պետք, առավել եւս, որ Ադրբեջանն իր անկախությունը հռչակելիս ինքն իրեն հռչակել է առաջին հանրապետության իրավահաջորդ, որի մեջ երբեք Արցախը չի եղել։ Ինչո՞ւ մենք սրա մասին չենք խոսում։

- Սրա մասին չենք խոսում, որովհետեւ չունենք դիվանագիտությո՞ւն, թե՞ քաղաքական կամք։

- Մենք երբեւէ ո՛չ ազգային կառավարություն ենք ունեցել, ո՛չ դիվանագիտություն, ո՛չ էլ արտաքին քաղաքականություն, միայն դրա համար է, որ ոչ մեկը չի խոսում, բայց գոնե իրենց ազգային համարող եւ զգացող գործիչները պետք է բարձրաձայնեն։ Երբ խոսում ենք՝ Բերձորը, Աղավնոն չպետք է լինեն Ադրբեջանի կազմում, կարո՞ղ ենք խոսել նաեւ դրա մասին․․․ ես էլ կարող եմ ասել՝ Սախալինը չպետք է լինի Ռուսաստանի մարզ, բայց, ի վերջո, պետք է հիմնավորեմ, թե ինչու։ Այդ հիմնավորումն ինչ-որ մեկը տալի՞ս է, ինչ-որ մեկն ասո՞ւմ է, որ սա այսպես է եղել, եւ 21 թվականին ռուս-թուրքական պայմանագրով սկզբում՝ Կարսում, հետո՝ Մոսկվայում Հայաստանից ապօրինի խլվել են իր պատմական տարածքները, որը բոլոր տարբերակներով որոշված էր, որ Հայաստանինն է։ Եվ ինչո՞ւ մենք չենք բարձրաձայնում, որ Ադրբեջանի, այսպես կոչված, առաջին հանրապետությունը, որը 1918-ին հռչակվել է, կոչվել է ոչ թե Ադրբեջանի հանրապետություն, այլ՝ Արեւելյան Կովկասի մուսուլմանական հանրապետություն։ Եվ ո՞նց կարող էր այն ժամանակ իրենց տարածքում, իրենց սահմանների մեջ չգտնվող քրիստոնյա Արցախը լինել իրենց առաջին հանրապետության իրավահաջորդ կոչող Ալիեւի տարածքում, որն ի սկզբանե կրել է «Արեւելյան Կովկասի մուսուլմանական հանրապետություն» անվանումը։ 

- Հիմա փաստ է, որ իշխանությունները՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր, չեն բարձրաձայնում դրա մասին, փոխարենը զիջումների, նոր պատերազմի հավանականության մասին է խոսվում, մինչդեռ Արցախից էլ ահազանգում են, որ Բերձորն ու Աղավնոն Արցախի պորտալարն են, որը եթե կտրվի, Արցախը կհայաթափվի։ Ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում։

- Նման իշխանությունների օրոք շատ դժվար է ինչ-որ լուծումներ պատկերացնելը, բայց այս պարագայում կարծես հակադրության խնդիր է առաջանում, եւ ինչպես որ մենք լսում էինք՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սրա նման անհստակ ձեւակերպումներ չպետք է լինեն։ Արցախը Հայաստան է, իսկ Բերձորը կամ Աղավնոն Արցախի անբաժանելի մասն են, ոչ թե՝ դա չի կարող լինել Ադրբեջանինը, ինչի ո՞ւմը կարող է լինել։ Մի քիչ տղամարդավարի ասեք, որ դա Արցախի անբաժանելի մասն է, ոչ թե՝ չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մենք կարո՞ղ ենք մեր տեսլականը հստակեցնել, թե էլի օդի մեջ պետք է խոսենք։ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, որն ապօրինի խլվել է Լենին-Աթաթուրք պայմանագրով՝ Կարսի, ապա նաեւ՝ Մոսկվայի պայմանագրով, եւ պետք է ՄԱԿ-ի, Մինսկի համանախագահների, աշխարհի առջեւ դրվի այդ փաստը, որովհետեւ որեւէ մեկի կողմից Սովետական Միությունը լիարժեք չի ճանաչվել, եւ այդ պայմանագիրն էլ որեւէ մեկի կողմից չի ընդունվել։ Ուստի այդ պայմանագրի հիման վրա այդ հողը մեզնից խլել՝ դա առնվազն սրիկայություն է թե՛ աշխարհի, թե՛ առավել եւս բոլոր ժամանակների հայոց իշխանությունների կողմից։ Եվ առաջին նախագահը, որ նստում եւ եթերում ասում է՝ ես ձեզ ասում էի, որ, մեկ է, տալու էինք այդ հողերը, շատ ճիշտ էլ ասում է, որովհետեւ 1994-ին իր օրոք կնքված հրադադարի պայմանագրում ինքը գրել է դա։ Ինքն է այսօրվա պարտությունը հեղինակել, որովհետեւ ինքն այդտեղ ամրագրել էր, որ Արցախի հարցի կարգավորմանը զուգընթաց, այդ տարածքները պետք է վերադարձվեն։ Այսինքն՝ հաղթող կողմն իր դիմացից փախչող, ջախջախված, կապիտուլացված բանակի հետ նման պայմանագիր է կնքում։ Նա 94-ին դրել էր այսօրվա հիմքը, դրա համար շատ լավ գիտեր, որ այսօրը լինելու է։ Դրա համար մենք ազգովի պետք է հասկանանք՝ ով է մեր բարեկամը, մեր թշնամին, եւ մեր իրավունքներին տեր կանգնենք, որովհետեւ այդ բոլորը՝ Կարսի, Մոսկվայի եւ 2020թ․ նոյեմբերի 9-ի պայմանագրերն ապօրինի են, որովհետեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը չի ընդունում Արցախն իր կազմի մեջ լինելու փաստը, պայմանագիր է ստորագրում Արցախի հարցի շուրջ։ Ո՞վ է տվել նրան այդ իրավունքը, ընդ որում՝ միջազգային իրավունքով ինքն ի՞նչ իրավունք ունի ուրիշ պետության ճակատագիրը տնօրինելու։ Պետք է սկսել դրանից, որ որեւէ մեկն իրեն չի լիազորել՝ լուծել Արցախի Հանրապետության ճակատագիրը, երբ ինքը չի ընդունում նրա լինելիությունը կամ իր կազմում լինելը։ 

- Իշխանությունները, վարչապետը ցանկացած զիջում ներկայացնում եւ հիմնավորում են նոր պատերազմի հավանական վտանգով։ Ըստ Ձեզ՝ ռեա՞լ է նոր պատերազմի հավանականությունը, թե՞ այս տեսակ հայտարարությունները մանիպուլյացիաներ են՝ զիջումները, սահմանազատումներն արագ կյանքի կոչելու համար։

- Ես վստահ եմ, որ ոչ մի զիջում չի կարող կանխել կամ սանձազերծել նոր պատերազմ, ինչպեսեւ 2020թ․ սեպտեմբերին։ Այսինքն՝ այդ ամեն ինչն ընդամենը խաղ է, եւ այն, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը ստորագրվեց, որովհետեւ 30 հազար հայ շրջափակման մեջ կմնար, ծիծաղելի է նման արտահայտություններ անելը, որովհետեւ, եթե այնտեղ 30 հազար զորք կար, բայց ռազմաճակատը կանգնել էր, ու ոչ մի առաջընթաց լիարժեք չէր լինում, դա շատ մեծ հարցական է, եւ պատմաբանները դեռ պետք է պարզեն, թե ինչպես ընկավ Շուշին։ Իսկ եթե Ադրբեջանն ուզում է կռիվ սանձազերծել եւ ինչ-որ բան անել, ինքը ո՛չ մեր՝ հողը տալուն է նայելու, ո՛չ քո հողի քանակին է նայելու, ո՛չ էլ մեր կրավորական, ոչ առնական եւ ոչ ասպետական իշխանության պահվածքին է նայելու։ Եթե Ադրբեջանն իմանա, որ համաշխարհային հանրության տեսանկյունից ինքը մարսելու է այդ կռիվը եւ ստանալու է դրական արձագանք, իսկ աշխարհը հերթական անգամ աչք է փակելու այդ ապօրինության նկատմամբ, ինքը հենց մեկ ժամ հետո կռիվը սկսելու է եւ մեզանից ոչ մեկի «սիրուն» աչքերին չի նայելու, ոչ էլ վարչապետի քամահրանքին, որ ամաչեց «Բերձոր» բառից եւ ինքն իրեն ուղղելով՝ ասաց «Լաչին»։ Ամոթ է, ամաչենք ինքներս մեզնից, մեր այս պարտվողական տեսակից։

- Մեր ներսում՝ լինի ընդդիմության, թե հասարակության շրջանում, տեսնո՞ւմ եք այդ պարտվողական կեցվածքին դիմադրելու փորձ, թե՞ արդեն հաշտ ենք նոր զիջումների հետ։

- Հայաստանը բազմաշերտ հասարակություն է, եւ այս տեսանկյունից շատ հարաբերական է, ու չի կարելի միանշանակ ասել՝ կա ե՛ւ այս տեսակը, ե՛ւ այն։ Պատերազմական ամենավատ վիճակում էլ կային մարդիկ, որոնց համար միեւնույն էր, թե ինչ է կատարվում, եւ ինչքան արյուն է հեղվել։ Դրա համար նախեւառաջ պետք է լինի այն ուժը, որ կկարողանա գեներացնել այդ հզոր ներուժը եւ ոչ թե տրոհել մեր ինքնապաշտպանական ոգու ամբողջությունը։ Նույնը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր, երբ Ֆրանսիան հանձնվեց, այդտեղ նույնպես խնջույք անողներ կային, գերմանացիների սեղաններին հացկատակ անող ֆրանսիացիներ կային, բայց դրա հետ մեկտեղ կար դիմադրություն, դիմադիր շարժում, որի մեջ էին Միսաք Մանուշյանը, իրենց ապագա նախագահ Շառլ Դը Գոլը։ Այսինքն՝ հասարակությունը բազմաշերտ է, եւ, ցավոք, զուտ ազգային դիրքորոշում ունեցող մարդկանց ձայնն ամբիոնից լսելի չէ։ Գերհզոր լրատվամիջոցները, որ պատկանում են ներկա իշխանություններին, հիմնականում չեն հնչեցնում ազգային դիրքորոշումներ, իսկ պետական ալիքը հայտարարում է վարչապետի տեսլականը՝ մենք խաղաղություն ենք քարոզում, եւ մեր խնդիրն անվտանգությունն է։ Եվ ոչ մեկը չի ասում, որ անվտանգությունը շատ վտանգավոր է, որովհետեւ անվտանգ է նաեւ ստրուկը։ Պետք է ազգին մղել ոչ թե անվտանգության, այլ պատրաստել ինքնապաշտպանության, ինչից որ ամեն կերպ մեզ զրկում են, այսինքն՝ հասարակությունը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների կողմից ամլացվում է որպես պայքարող տեսակ, ու դա՝ ամեն օր, բոլոր տեսակի հայտարարություններով, եւ ազգին չի տարվում ազգային ինքնաճանաչման, հակառակը՝ նպաստում են նրան, որ ազգը՝ որպես ինքնապաշտպանվող տեսակ, ամլանա։ Իսկ Նժդեհն ասում էր՝ նույնիսկ եկեղեցու կրոնը պետք է դառնա ինքնապաշտպանություն։