Համարդ գրի հլը, դուխով տղա

Համարդ գրի հլը, դուխով տղա

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի «Արարատ»-«Փյունիկ»(4-2) հանդիպման ժամանակ «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը աչքի ընկավ ոչ մարզական պահվածքով։ Վարդանյանը  նախ հարված հասցրեց իր նկատմամբ կանոնները խախտած մրցակցին, այնուհետև հարձակվեց հանդիպման մրցավարի վրա, որից հետո կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ Միջադեպը սակայն այսքանով չավարտվեց։ «Փյունիկի» ֆուտբոլիստը կարմիր քարտ ստանալուց հետո հանդերձարանի ճանապարհին միջնամատ ցույց տվեց «Արարատի» երկրպագուներին, որոնք սուլում էին Վարդանյանի ցուցաբերած վարքի համար։ Այս ամենին զուգահեռ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաներից մեկում  բախում տեղի ունեցավ  Էրիկ Վարդանյանի հոր՝ Էմիլ Վարդանյանի և «Արարատ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջև։

Խաղի ավարտից հետո Էրիկ Վարդանյանն իր հաշիվները երկրպագուների հետ փորձեց պարզել նաև համացանցում։

«Փյունիկ» ֆուտբոլային  ակումբի պաշտոնական էջում խաղի արդյունքի մասին գրառման մեկնաբանություններում Վարդանյանը հեռախոսահամար էր պահանջել մի երկրպագուից, որը, ըստ էության, քննադատական մեկնաբանությամբ էր աչքի ընկել՝ կապված ֆուտբոլիստի ցուցաբերած ոչ մարզական պահվածքի հետ։

«Համարդ գրի հլը, դուխով տղա»,-  երկրպագուի մեկնաբանությանը այսկերպ անդրադարձել էր ֆուտբոլիստը։

Այսքանից հետո էլ ֆուտբոլիստը նույն ինստագրամի արդեն սթորի բաժնում թողնում է իր հեռախոսահամարը և հայհոյանքներ հնչեցնում։

Այս պահին համացանցից հեռացվել են թե ֆուտբոլիստի ինստագրամյան սթորին, թե «Փյունիկի» ինստագրամյան էջի խաղի արդյունքի մասին գրառման մեկնաբանությունները։

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապվել չհաջողվեց։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի PR և մեդիա բաժնի ղեկավար Վերա Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց․ «Ֆեդերացիան երբեք տեղում պատժամիջոց չի կիրառում, մի քանի օրից կլինի կարգապահական կոմիտեի նիստը»։


Հիշեցնենք, որ «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանն արդեն սկսել է հրավիրվել Հայաստանի հավաքական և համարվում է հայկական ֆուտբոլի ամենախոստումնալից խաղացողներից մեկը։ Ինչպես հայտնի է, Վարդանյանը 2009-ից մինչև 2014 թվականը մարզվել է կատալոնական «Բարսելոնայի» ակադեմիայում: