Գոյապայքար

Գոյապայքար

Հին ու նոր ճշմարտություն է, որ մարդն իր կյանքի և գոյության գաղտնիքն ու իմաստը հայտնաբերելու մեջ, երբ հայտնվում է հանելուկային իրավիճակում՝ դիմում է կրոնին: Եւ այնքան ժամանակ, քանի դեռ չի գտել իր տիեզերական հարցերի համոզիչ պատասխանը, կրոնն ու կրոնական հավատամքը՝ իր յուրովի ընկալումով հանդերձ, նրա կյանքում մեծ նշանակություն կունենան: Այս դիտանկյունից մեծ դեր է վերապահված մեր գիտակից հոգևորականներին:  

Գիտական նվաճումների հաշվին մարդն օրավուր հասնում է նոր հորիզոնների և գտնում իր առեղծվածային հարցերից շատերի պատասխանները: Եթե դեռ մեզ համար պարզ չէ, թե որտեղից ենք եկել՝ առանց հապաղելու և առանց ընկրկելու պիտի առաջ շարժվենք և պարզենք, թե ուր ենք գնալու: Սա գոյության համար պայքարի իսկական իմաստն է, որն ի վերուստ տրված է բոլորին: Առողջ բնազդն ու բանականությունն են մարդուն դնում շիտակ ճանապարհի վրա և նրան մղում անզիջում պայքարի: Նայելով մեր ներկա իրականությանը, հարց է առաջանում, թե արդյո՞ք մենք բոլորս օժտված ենք աստվածատուր այդ առողջ բնազով ու բանականությամբ. Ես կասեի՝ ո´չ …

Ի՞նչ է պատահել, որ մենք ազգովի կորցրել ենք գոյության պայքարի իրական զենքը և փարվել ենք պատրանքներին ու երևակայությանը: Միամտաբար արտասանում ենք բանաստեղծի հետևյալ տողերն ու ընկնում հուզական ապրումների և պարտվողական համոզմունքների գիրկը.
Ու տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա'ս...

Այսինքն, ո՞վ կարող է ավելի համոզիչ պատասխան տալ այս անմիտ երևակայությանը, քան մենք՝ հայերս: Միթե չենք տեսել ու մեր կաշվի վրա չենք ճաշակել «ուր էլ լինես, ուր էլ գնաս»-ի դառը վերջավորությունը: Ինչու ենք ուզում սրտաճմլիկ խոսքերով պատրանք ստեղծել և այդ պատրանքի անպտուղ հույսերով ապրել, երբ հազար անգամ փորձել ենք ու դրա վախճանը տեսել: 

Այսօր, մեր անկախ պետականության պայմաններում, դեռ ճաշակում ենք անցյալի այդ հուսահատական քարոզչության նստվածքը: Խորհել ե՞նք արդյոք այն մասին, թե ինչու՞ են Երևան մտնող մայրուղիներից մեկի վրա՝ մեծ ցուցատախտակով, հիշեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ երկրի պաշտոնական լեզուն հայերենն է:

Օտարերկրացի մեկը, եթե ծանոթ չլինի մեր երկրին ու պատմությանը, կմտածի, որ երևի հայերն այլևս չկան: Նորեկներն էլ չգիտեն, թե որն է իրենց երկրի պաշտոնական լեզուն: Միթե՞ հայը Հայաստանում ապրելու և իր մայրենի լեզվով խոսելու համար հիշեցման կարիք պիտի ունենա: Մայրենի լեզվով խոսելու, կամ հայրենի հողն ու ջուրը սիրելու համար անպայման պետք է մեծ զոհողությունների գնա, որ մնա իր երկրում: Հակառակ դեպքում կհեռանա Հայաստանից: Զարմանալի չէ, որովհետև վաղուց կորցրել ենք բնական կերպով ապրելու առողջ բնազդն ու բանականությունը: Սփյուռքի հայը Հայաստան գալու և հաստատվելու համար մի զորեղ պատճառ է փնտրում: Կամ իր կյանքի պայմաններն են այնքան վատ, որ այլևս արտերկրում ապրել չի կարողանում, կամ իր ապրած երկիրը ընկղմվում է անվերջանալի պատերազմական գործողությունների մեջ, կամ էլ իր մոտ պակասում են բավարար հնարավորություններ՝ ավելի բարեկեցիկ և ապահով երկիր գնալու համար: Մնաց վերջին ուժեղ պատճառը՝ հայրենասիրությունը. Իրենց ընտանիքը դաստիարակվել է հայրենասիրական այնպիսի խիստ ռեժիմի տակ, որ աչք են փակել բոլոր այլ տարբերակների վրա և ընտրել են Հայաստանը:

Գուցե կոպիտ հնչի, բայց մեկ բառով պետք է ասել, որ դրանք բոլորն էլ վկայում են անառողջ վիճակի մասին…Այդ ցավը պետք է օր առաջ բուժել:

Հայաստան հաստատվելուց հետո, միշտ էլ ինձնից հարցնողը դժգոհ է մնացել, երբ իր հարցին պատասխանել եմ պարզ և հստակ. «Եկել ենք մեր երկրում ապրելու»:

Մի քանի տարի առաջ, համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման օրերին՝ ի շարս շատ ու շատ երկրների, որոշ եվրոպական երկրներում էլ աղքատությունն ու գործազրկությունը գլուխ բարձրացրին: Հետևելով տարբեր երկրների լրատվական միջոցների հաղորդումներին ու հարցազրույցներին՝ նկատեցի, որ միայն մեր մոտ էր, որ հարցվածների գերակշիռ մասը հարցի լուծումը տեսնում էր երկիրը լքելու մեջ: Արդյո՞ք սա մի խոր հիվանդության նշան չէ: Այստեղ պետք չէ փնտրել ոչ տնտեսական, ոչ քաղաքական և ոչ էլ որևէ մի այլ պատճառ: Բուն խնդիրը հոգեբանական է՝ հնուց եկած հիվանդագին մի հոգևիճակի արդյունք: Եվ հետևաբար, առանց հոգեբանական մոտեցման այդ խնդիրը հնարավոր չէ լուծել տնտեսական կամ այլ բարեփոխումներով: 

Իրանում, ինչպես և աշխարհի շատ երկրներում, մեքենաները երթևեկում են աջակողմյան ռեժիմով և բնականաբար դրանք պետք է ձախ ղեկով լինեն: Ավելորդ կլինի հիշեցնել, որ երթևեկության կանոններից որոշները հիմնված են հենց այդ սկզբունքի վրա: Երկրում օրենքով արգելված չէ աջ ղեկով մեքենա ներմուծել կամ վարել: Այնտեղ կա ավելի քան 10 միլիոն մեքենա, բայց աջ ղեկով մեքենաների քանակը շատ քիչ է:

Իսկ մեզ մոտ աջ ղեկով ներմուծված ու դեռևս ներմուծվող մեքենաների քանակի հարցն այնքան է սրվել, որ այլևս քաղաքական է դառնում: Խառնել ենք հին ու նոր ռեժիմների մարդկանց, բարդություններ ենք առաջացրել մաքսակետերում, ցույց, բողոք, ճանապարհ փակել և այլն: Այս հարցի հասարակական քննարկման ժամանակ, լրագրողը մի պատահական վարորդի կարծիքը լսելու համար նրան հարց ուղղեց: Նա էլ հանգիստ տոնով ասաց. «Ախպեր ջան, երկրի երթևեկությունը աջով է, մեքենաները ձախ ղեկով պիտի լինեն: Ի՞նչ եք ուզում…»:
Միթե՞ ամեն ինչ պետք է օրենքի մահակով լինի: Հայերեն խոսելու համար՝ օրենք, հայրենիքում ապրելու համար՝ հատուկ դաստիարակություն, աջ կամ ձախ շարժվելու համար՝ տուգանք, զավակներ ունենալու համար՝ պետական հովանավորություն կամ միանվագ դրամային հատկացումներ: Հետո՞… Այսպես որ շարժվենք վաղը մյուս օր, պիտի ծնողին սիրելու համար պարգև նշանակվի՞, կամ թոռանը գրկելու համար՝ պետական դրամաշնո՞րհ...
Այսինքն, այնքան ենք շեղվել մեր աստվածատուր բնազդներից և կորցրել ենք առողջ ու հանգիստ ապրելու շիտակ ճանապարհը, որ միայն պետական մահակը պիտի մեզ ուղղի՞: Մեր վրա մոխիր ե՞ն շաղել, թե՞ մենք ենք մոխրացել գնացել: Հույս ունենա՞նք, որ մոխիրների տակ դեռ պահպանվում է Հայկյան կրակը...

Ո՞վ է մեզ այսպես դարձրել: Հաստատ մենք այսպես չենք եղել: Այսօրվա այս հոգեվիճակով չէինք կարող այն արհավիրքների դեմ կանգնել ու գոյատևել: Ինչպես ընդունել այն համարյա համատարած միտքը, որ իբր մենք միշտ էլ քիչ ենք եղել, որ մենք միայնակ գոյատևել չենք կարող, որ մենք միշտ էլ ուրիշի հովանավորության կարիքն ունենք: 

Ես չեմ հավատում այն խոսքին, որ մենք միշտ էլ «ածու փոքր» ենք եղել: Կարող եմ նույնիսկ կասկածել այդ մտքի իսկության և հատկապես այդ միտքը վերարտադրող պատմաբանի անաչառ դատողության վրա: Լավագույն դեպքում այն կարող է ընդամենը մեկ հոգու կարծիք լինել, այն էլ՝ համեմատական մասշտաբից զուրկ: Կան բազմաթիվ պատմական ճշմարտություններ՝ որ հակառակն են ապացուցում: 

Իրանի Շահ Աբբաս Մեծի հրամանով, շուրջ 400 տարի առաջ 150 հազար հայ տարագրվեց դեպի Իրանի այն օրերի մայրաքաղաք՝ Իսֆահան: Եկեք մի պահ կանգ առնենք այս թվի վրա: Նախ, եթե Նախիջևանի Արտազ գավառի բնակչությունը (որի նկատմամբ տեղի ունեցավ այդ բռնագաղթը) այնքան էր, որ Իրանի Շահը կարողացավ դրա մի երկու քաղաքներից՝ այդ թվում և Ջուղայից, այդքան մարդ տանել, ուրեմն Հայաստանի այդ ժամանակների բնակչությունը պետք է, որ գոնե տասը միլիոնի հասներ: Ուրեմն էլ ինչ «ածու փոքր»-ի մասին կարող է խոսք լինել: Եթե ոմանք, ունենալով հետին նպատակ,  ստիպում են մեզ հավատալ այն պատմաբանին, ուրեմն եկեք այս մեկին էլ հավատանք…     

1979 թվին, երբ տեղի ունեցավ Իրանի իսլամական հեղափոխությունը, երկրի բնակչությունը շուրջ 35 միլիոն էր: Ըստ ընդդիմության պնդումների, 40 տարի անց երկրից 10 միլիոն մարդ է հեռացել, հետևաբար Իրանի բնակչությունն այսօր պիտի զգալի նվազում ունենար: Այնինչ երկրի ներկա բնակչությունը ավելին է, քան 80 միլիոնը: Այս ընթացքում, պետական կամ քաղաքական և ոչ մի գործիչ նշանակալից մի ելույթ կամ քարոզ չի կարդացել բնակչության աճի մասին: Ոչ պետական միջոցներից, ոչ անհատ ձեռներեցների կամ մեծահարուստների կողմից, ոչ մի կոպեկ չի հատկացվել բազմազավակ ընտանիքներին: Ոչ մի մտավորական, քաղաքական գործիչ կամ կուսակցություն չի դատապարտել կամ խոչընդոտել արտագաղթը: Երկրում աղքատության շեմն էլ, տնտեսական ոչ-բավարար վիճակն էլ՝ վեր ի վարո, շատ մեծ տարբերություն չի ունեցել և հիմա էլ չունի շատ ու շատ երկրների, կամ գուցե նույնիսկ մեզ հետ: Միայն երկրի հոգևոր առաջնորդները՝ հենվելով աստվածային պատվիրաններին, քաջալերել են բնական աճի անհետաձգելի հրամայականը:  
Երկրի բնիկ, և ես կասեի իրական հայրենասեր մասսան, քաջ գիտակցելով Իրան-Իրաք ութամյա պատերազմի ժողովրդագրական կորուստներն ու ավերածությունը՝ աստվածատուր իր առողջ բնազդի թելադրանքով, կարողացավ վերականգնել կորցրածի ամենաէական մասը: Վիճակագրական տվյալներով,  Իրանի հետպատերազմյան առաջին տասը տարիների ժողովրդական աճը կազմել է 4%, այն դեպքում, երբ համաշխարհային միջին աճը 1% է, իսկ ասիական երկրներինը՝ 1.2%:
Նույն համեմատությամբ, մենք այսօր պետք է որ լինեինք առնվազն 6-7 միլիոնանոց մի երկիր: Իսկ ինչու՞ չենք: Ինչու՞ մեր մեջ չի աշխատում այդ առողջ բնազդը: Ի՞նչն է պատճառը, որ մենք անգիտանում ենք այդ կարևոր զենքի նկատմամբ: Ո՞վ կարող էր արգելել մեզ այդ սպառազինման մեջ: Ո՞վ կարող էր պախարակել մեզ, որ այդպիսով խախտում ենք սպառազինման հավասարակշռությունը տարածաշրջանում: 
  

 Իսկ մենք կասկած չպիտի ունենանք, որ այո, այդպիսով կխախտվեր և կխախտվի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում՝ հօգուտ մեզ:

Վահան Դարբինյան