Պատերազմը՝ Կիեւի բնակչի աչքերով

Պատերազմը՝ Կիեւի բնակչի աչքերով

Գիշերը պատերազմական գործողություններ սկսվեցին՝ ռուսական զորքերը մտան Ուկրաինայի տարածք։ Առավոտյան մենք արթնացանք ուրիշ իրավիճակում՝ երրորդ համաշխարհային պատերազմի սպասումով։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչ է կատարվում Ուկրաինայի մայրաքաղաքում՝ այնտեղ բնակվող մարդու հետ զրուցելով։

«Վաղ առավոտից  արթնացել ենք պայթյունների ձայնից, ահավոր վիճակ է այստեղ։ Մենք այս պահին տանն ենք։ Երկու ժամ լավ պայթեցրին։ Ընդհանուր Ուկրաինայում հայտարարված է ռազմական դրություն։ Հիմնական ՄՈԲ ռեսուրսը առաջին գծում է արդեն»,- մեզ հետ զրույցում ասաց Կիևում բնակվող մեր հայրենակիցը՝ Սերգեյ Ջուլհակյանը։ Վերջինիս խոսքով, օդային տարածքը փակ է։ Բանկային քարտերով անհնար է ինչ-որ բան անել, որովհետև չի աշխատում փոխանցումների համակարգը։ Բենզալցակայանները, խանութները, բանկերը բաց են, բայց ամենուրեք հերթեր են։ Քանի որ առեւտրի հիմնական մասը քարտով է, ծրագրի չաշխատելու պատճառով որևէ բան գնելը բարդացել է։

«Հենց հայտարարվում է օդային տագնապ, ամեն ինչ կազմակերպված է՝ իջնում ենք թաքստոցներ։ Երկու էտապով է եղել ռմբակոծությունը։ Մեկը առավոտյան 5-ի կողմերն էր, կամ ավելի շուտ, հետո նորից՝ 6-ն անց կեսից մինչև 7-ը։ Մեր տանից լավ երևում է՝ քաղաքի մյուս ծայրում էր ռմբակոծությունը։ Չէի պատկերացնի, որ սենց բան կլինի։ Մեզ մոտ ռազմական բազա կա, որ տրաքացրին, ամբողջ Կիևը տեսավ»,- մեզ պատմեց Սեգեյը։

Կիևի բնակիչը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ աշխատում են թե Հայաստանի դեսպանատունը, թե հյուպատոսարանները։ Հայ համայնքն էլ առանձին, եթե կարիք է լինում հեռախոսահամար կա, որպեսզի կապվեն մեր հայրենակիցների հետ և թեժ կետերից տարհանում կազմակերպեն։ 

Մեր այն հարցին, թե ինչ տեղեկություններ ունի Ուկրաինայի այլ քաղաքներից, Սերգեյն ասաց, որ Մարիուպոլը վերցրել են ռուսները։

Մանրամասն՝ տեսանյութում