Տարաժամյա մտորումներ

Տարաժամյա մտորումներ

Էսքան քաղաքագետների մեջ մենք մարդ ունե՞նք, որ անկախ, ոչ կուսակցական հայացքով մի աշխատություն գրի արցախյան մեր պայքարի մասին։ 

Կարծեմ՝ Խոդորկովսկին է ասել․ Ռուսաստանը կկործանվի, եթե դադարի կայսրություն լինել։ Ռուսաստանի պատմության մեջ եղել են պատմական պահեր, երբ նա կայսրությունից փորձել է անցում կատարել դեմոկրատականին։ Դա եղավ 2017թ․ փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխության ժամանակ, երբ իշխանության անցավ ժամանակավոր կառավարությունը։ Նման դեպքերում, որպես կանոն, Ռուսաստանում քաոս եւ ճգնաժամ է առաջանում, որից օգտվում է կայսերականը եւ իր դիկտատուրան վերականգնում։ Այդպես բոլշեւիկներն օգտվեցին իրավիճակից։ Նույնը եղավ Գորբաչով-Ելցինի ժամանակ։ Գորբաչովն ուզում էր մոդեռնացնելով պահպանել ռուսական կայսրությունը, չստացվեց, Ելցինի օրոք նորից քաոս եւ ճգնաժամ առաջացավ, որից նորից օգտվեց Պուտին-կայսերականը։

Գորբաչովի օրոք մենք փորձեցինք Արցախի հարցը լուծել սովետական օրենքներով, բայց Գորբաչովը դրան չէր համաձայնի, քանզի ինքը թաքնված կայսերապետական էր։ Ելցինի ժամանակ օժանդակություն ստացանք, պաշտպանության նախարար Գրաչովը մեր կողմերում անվերջ կերուխումերի մեջ էր․․․ Հետո շարունակեցինք ապրել այն պատրանքի իներցիայի մեջ, թե․․․ պուտինյան Ռուսաստանը այն նույն ելցինյան Ռուսաստանն է, նրան միամտորեն մեր դաշնակիցը համարելով․․․ 

Մեր նախագահները հույս դրին Ռուսաստանի վրա՝ չմտածելով երկրի հզորացման, միջազգային այլ անվտանգային երաշխիքներ փնտրելու մասին, ավելի շատ մտածեցին իրենց մաֆիական ընտանիքների բարեկեցության մասին։ Արդյունքը՝ անզեն, անհոգ Հայաստանի մենմենակ մնալը Թուրքիայի եւ նրա ադրբեջանական վիլայեթի դիմաց։ Նույնիսկ Փաշինյանն էր Ռուսաստանին դաշնակից համարում՝ ասելով, որ եթե Ռուսաստանը ցանկանա, պատերազմ չի լինի։ Դա ճիշտ է, բայց եթե հենց Ռուսաստանը պատերազմ ցանկանար, ի՞նչ կլիներ… եղավ այն, ինչ եղավ։ Կայսերական Ռուսաստանը լուծեց իր խնդիրները՝  Արցախը որպես կաշառք տվեց թուրքերին՝ նրանց ԱՄՆ-ից պոկելու եւ իր կողմը քաշելու համար, Այսրկովկասում ստացավ իր երկրորդ ռազմաբազան, եւ մի կիսատ նպատակ եւս մնաց, որի վրա դեռեւս աշխատում է Պուտինը՝ Հայաստանը դնել այնպիսի վիճակի մեջ, որ նա ճարահատ մտնի միութենական պետության, իսկ իրականում՝ նույն ռուսական կայսրության կազմի մեջ։

Հիմա մեզ ի՞նչ է մնում անելու։ Հարաբերություննե՜ր թուրքերի հետ․․․ Թուրքերի հետ այլեւս (առայժմ) առճակատվել չենք կարող, ուստի հոխորտացող ուժերը վտանգավոր են մեզ համար։ Չենք կարող առճակատվել, ԱՐՏԱՔՈՒՍՏ թշնամություն շարունակել, որովհետեւ բացահայտ է, որ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՄԵՐ ԴԱՇՆԱԿԻՑԸ ՉԷ՝  սա պիտի ամրագրենք մեր գիտակցության մեջ։ Նա իր հարցերը լուծող մի կայսրություն է, որի շահերից պիտի օգտվենք, եթե կարողանանք։ 
Թուրքերի հետ պետք է փորձել նորմալ հարաբերություններ հաստատել՝ ոխն ու վրեժը մեր ՆԵՐՍ անելով։ Բայց իրականում ի՞նչ ծրագրեր ունեն թուրքերը մեր հանդեպ՝ ցավոք, մենք դա չգիտենք։ Նրանք գիտեն, որ մենք ցեղասպանություն եւ կորուսյալ հայրենիք մոռացողը չենք, նույնիսկ եթե ձեւացնենք, թե մոռացել ենք, մեզ չեն հավատա․․․ Իսկ եթե իրենց շա՜տ համոզենք, թե․․․մոռացել ենք, այդ դեպքում․․․ մեզ չեն հարգի․․․

Սա է։ Մնացյալը մեր ճակատագիրն է․․․

Զավեն ԲԵԿՅԱՆ