Թքած ունեն քաղաքացիների կարծիքի վրա

Թքած ունեն քաղաքացիների կարծիքի վրա

Երեւանի քաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հոգեզավակ Հայկ Մարությանը քնեց-արթնացավ ու հասկացավ, որ մայրաքաղաքում երթուղային որոշ գծեր ավելորդ են, պետք է փակել։ Եվ իր ճաշակով ու առանց երեւանցիների կարծիքը հարցնելու, որոշեց վերացնել թիվ 69 միկրոավտոբուսային երթուղին, որն Ավանը կապում է Դավթաշենին եւ անցնում Ծարավ Աղբյուրի փողոցով։

Թեեւ վերջին 10 տարում այս փողոցում «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետին» ծրագրով կառուցվել է մեկ տասնյակ շենք՝ 1000 բնակարանով, այս թաղամասը կղզիացած է քաղաքի երթուղային ցանցից։ Գործող երկու՝ 10 եւ 34 երթուղիներին 69 համարն ավելացավ նախքան հեղափոխությունը՝ բնակիչների երկարատեւ բողոքից հետո։
Իսկ կորոնավիրուսը եկավ ու բացահայտեց Երեւանի քաղաքապետարանի ու հատկապես քաղաքապետի անտեղյակությունը համայնքի կառավարման գործին։ Քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձը չգիտի, թե կարանտինի ավարտից հետո որ երթուղին է վերաբացվել, որը՝ ոչ, որի հետ են շարունակվում պայմանագրային պարտավորությունները, որի հետ են դադարեցրել։ Փաստն այն է, որ կարանտինից հետո Ավանը Դավթաշենին կապող եւ ծարավաղբյուրցիներին այդքան անհրաժեշտ 69 համարի երթուղին այլեւս չի գործում։

Երեւանցիների հաշվին բարձր աշխատավարձ եւ պարգեւավճարներ ստացող Հայկ Մարությանն ու նրա թիմը նույնիսկ չեն էլ բարեհաճել համաքաղաքացիներին տեղակացնել այդ մասին։ Լուռ է նաեւ սոցիալական կայքերում չափից դուրս ակտիվ եւ տեղի-անտեղի մեջտեղ ընկնող քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Քաղաքապետարանի կայքում եւս տեղեկություն չկա Երեւանի երթուղային ցանցի փոփոխության մասին։ Ըստ քաղաքապետարանի կայքի՝ 69 համարի երթուղին իբր աշխատում է 15 մեքենայով՝ 6-7 րոպե միջակայքով։ Սուտ է, որովհետեւ տեւական ժամանակ է՝ այս երթուղին չի սպասարկվում։ 

Հասարակությանը սուտ լուրերին վարժեցրեց նախկին իշխանությունը․ կեղծ գազիֆիկացում, կեղծ տնտեսական աճ, ներդրումային կեղծ ցուցանիշներ․․․ Մեծ հույս կար, որ ֆեյք կառավարումն ու ուռճացված թվերը, նորերի գալով, հօդս կցնդեն։ Բայց ստացվեց՝ ինչպես միշտ․ Փաշինյանն ու նրա քաղաքական հոգեզավակները պատճենեցին Քոչարյանին ու նրա թիմին։ 

Արժե հիշել 2007 թվականը, երբ Նիկոլ Փաշինյանն «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման եւ «Իմպիչմենթ» դաշինքի ձեւաչափով քաղաքական ակտիվ քայլ էր անում, իսկ քաղաքապետ Երվանդ Զախարյանն արգելում էր զանգվածային միջոցառումները։ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Զախարյանին այդ պահվածքի համար «յոնջա» անվանեց։
Հիմա ներքեւները վերեւներում են, ու թվում էր՝ ներքեւում գտնվողների ձայնը միշտ լսելի էր լինելու վերեւների ականջներին։ Բայց՝ չէ․ նորերն էլ օտարացան, գնացին հների ճանապարհով։ Ու թե հիմա ֆլորայի ու ֆաունայի որ տեսակին է պատկանում Հայկ Մարությանը, հայտնի չէ, բայց որ Երեւանին ու երեւանցիներին պետք է այնքան, որքան յոնջան՝ տիեզերագնացությանը, արդեն հասկանալի է։