Արեւմուտքը, իհարկե, մեզ չի «գցել»

Արեւմուտքը, իհարկե, մեզ չի «գցել»

Նախկին «կլասիկ» պատգամավորը (Էդմոն Մարուքյան` խմբ.), ով մինչ այդ փաստաբան էր, աչքիս՝ հիշել է իր առաջին մասնագիտությունը: Եվ որոշել է իր նախկին գործընկերներից պաշտպանել եվրոպացիներին: Ենթադրաբար՝ նաեւ ընդդիմադիրներից, ինչպես նաեւ նախկիններից՝ ռուսներին, թեեւ այս վերջինը՝ իմիջիայլոց: Եվրոպացիներն ազնիվ են, ինչպես, ասենք, մարսեցիները: Հայաստանին էլ դիվանագիտական առումով թիկունք կանգնելու, ինչպես նաեւ ֆինանսապես օժանդակելու առումով, օրինակ, խոստումներ են տալիս միայն իրենց հնարավորությունների սահմաններում: Եվ անպայման կատարում են իրենց խոստումները: Իսկ «կլասիկ» փաստաբանի (եթե այդ անձը, իր կարծիքով, կլասիկ պատգամավոր էր, ապա չէր կարող չլինել նաեւ կլասիկ փաստաբան եւ, ընդհանրապես, կլասիկ անձ) նախկին գործընկերները հաստատ ազնիվ չեն: Եթե ազնիվ լինեին, ապա, բնականաբար, մեզ սին հույսերով չէին կերակրի: Իսկ քանի որ մեզ խաբողները երբեք ինքնուրույն չեն գործում, ապա չէին կարող նաեւ կատարել խաբելու գործողությունը, առանց դրա գլխավոր դերակատարի: Ու այստեղ հառնում է «կլասիկ» անձի եւ նրա նախկին ղեկավարի փոխհարաբերության հարցը: Ի դեպ, «կլասիկի» (կամ էլ լուսավորի) եւ նրա արդեն նախկին ղեկավարի (կամ «Քաղպայմանագրի») փոխհարաբերությունները միագիծ ու միանշանակ չեն: Ավելի շատ հիշեցնում են մի ընտանիքում պահվող շան ու կատվի հարաբերությունները: Բայց դա այլ խոսակցության թեմա է:

Այժմ վերադառնանք մեզ «չգցած» եվրոպացիներին: Նրանք այնքան «ազնիվ» էին, որ 44-օրյա պատերազմում «դուխով» Նիկոլին միայնակ թողեցին թուրք-ադրբեջանական զույգի դեմ: Չնայած մինչ այդ (եւ դրանից հետո էլ) գովերգում էին նիկոլական «ժողովրդավարությունը»: Եվ մեսիջներ էին ուղարկում, որ անպայման թիկունք կկանգնեն «տարածաշրջանի փայլուն աստղ» (թեեւ հենց այդ բնութագիրն ավելի ուշ տրվեց) երկրին ու դրա ղեկավարին: Նիկոլի հրամանատարությամբ խայտառակ պարտությունից եւ վարչապետի պաշտոնին նրա վերահաստատումից հետո էլ՝ 2021-ի հուլիսին, Հայաստանին խոստացան 2,6 միլիարդ եվրոյի աջակցություն, ինչը կազմում էր 2021 թվականի պետբյուջեի շուրջ 70 տոկոսը: Հայաստանի համար առաջարկվում էր 5 ծրագիր՝ տրանսպորտային կապակցվածություն, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում, աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկություններին։ Սակայն դրանից 3 տարի անց արդեն մոռացվել էր «5 առաջնահերթ հատուկ ծրագրի» վերաբերյալ խոստումը: Եվ ապրիլի 5-ի «շրջադարձային» հանդիպման ժամանակ Եվրամիությունից խոստացան ընդամենը 270 միլիոն եվրո, ինչը կազմում է նախկին խոստման 10 տոկոսից մի փոքր ավելին: Ինչպես երեւում է, մեր «կլասիկ» անձը երեւի մոռացել է 2,6 միլիարդի մասին՝ ճիշտ այնպես, ինչպես եվրոպացիները:
Սակայն, մեծ հաշվով, խնդիրն Արեւմուտքի մեջ չէ: Ինչպես յուրաքանչյուր հարցում, այս հարցում եւս խնդիրը մեր մեջ է: Արեւմուտքն ունի իր առաջնահերթությունները, որոնց թվին են դասվում գլոբալացման առջեւ առաջացող խոչընդոտները հաղթահարելու եւ ողջ աշխարհում հեգեմոնիան պահպանելու հարցերը: Ինչպես նաեւ հանուն Ռուսաստանը պառակտելու եւ մասնատելու՝ ուկրաինական պատերազմն անվերջ շարունակելու, Հարավային Կովկասից ՌԴ-ին վերջնականորեն հեռացնելու եւ այլ, ավելի մանր հարցերը: Եվ բոլոր այդ հարցերում մեզ կխաբեն, քանի դեռ մեր երկիրը հզորացնելու փոխարեն «ժողովրդավարություն» խաղանք: