Ավանսի շուրջ պայմանավորվել են, մնում է Փաշինյանն անի իր գործը

Ավանսի շուրջ պայմանավորվել են, մնում է Փաշինյանն անի իր գործը

Պետք չէ առանձնապես զարմանալ, որ ԵՄ-ն եւ Միացյալ Նահանգները Հայաստանը գնահատել են 300 միլիոնից մի փոքր ավելի։ Ամեն ապրանք ունի իր գինը, եւ գնորդի իրավունքն է՝ առաջարկել ապրանքի՝ իր համար ընդունելի գին, Հայաստանի իշխանություններն են որոշել, որ իրենց ծառայությունների համար առաջարկվող գինը միանգամայն բավարարում է իրենց սպասումները։ Հնարավոր է նաեւ, որ դա գործարքի ամբողջ արժեքը չէ, այլ ընդամենը կանխավճարի խոստում, մնացածը կստանան գործն ավարտին հասցնելուց հետո։ Կամ՝ ուղղակի տարբերակ չեն ունեցել հրաժարվելու, ասել են՝ դուք այսքանով պետք է բավարարվեք, իրենք էլ, գլուխները կախ, համաձայնել են։
«Բրյուսելյան հանդիպումը մեծ գործընթացի մի մասն էր»,- հանդիպումից հետո ասել է ԱԳ նախարար աշխատող Արարատ Միրզոյանը։ Այո, բրյուսելյան հանդիպումը Հայաստանին Ռուսաստանի դեմ հանելու եւ Ռուսաստանի հետ թշնամացնելու գործընթացի մի մասն է, ո՛չ սկիզբը եւ ո՛չ էլ վերջը։ Այդ գործընթացը սկսվել է դեռեւս 2018 թվականին, երբ իրենք բերվեցին իշխանության, եւ կավարտվի կա՛մ իրենց իշխանությունից հեռացմամբ, կա՛մ գործընթացի տրամաբանական ավարտով՝ Հայաստանի կործանմամբ։ Քանի որ այս երկու տարբերակներն էլ միանգամայն հնարավոր են, եկեք հասկանանք, թե որքան Հայաստանն առաջացավ այդ հանդիպման արդյունքում, կամ` ինչ ունենք բրյուսելյան հանդիպման չոր արդյունքում։

Չհաշված ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դրամական խոստումները, Հայաստանն էլ ավելի խորացրեց թշնամությունն ու անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ։ Բրյուսելյան հանդիպման ավարտից անմիջապես հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց` կոչ անելով Հայաստանի իշխանություններին՝ «իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարեւան պետությունների մտահոգությունները»։ Իսկ այդ մտահոգությունը, ըստ հայտարարության հեղինակների, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Հայաստանն իր վտանգավոր ծրագրերի իրագործման գործիքի վերածելն է։ Ռուսաստանը ոչ այնքան զգուշացնում, որքան սպառնում է, որ դրա հետեւանքը կլինի տարածաշրջանում անվտանգության վակուումի առաջացումը, տնտեսական լուրջ խնդիրներն ու բնակչության արտահոսքը։ 

Պատրա՞ստ է Հայաստանն անտեսել Ռուսաստանի զգուշացումներն ու սպառնալիքները եւ կատարել Արեւմուտքի կողմից իջեցված հրահանգը, մենք կտեսնենք առաջիկայում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության գործելու հերթն է։ Արեւմուտքը մեծ հաշվով վճարել է կամ խոստացել է վճարել առաջիկայում անելիք գործի ավանսը, եթե Հայաստանն ուզում է ավելին կամ իսկապես ուզում է փող աշխատել հակառուսականության գործի վրա, միայն խոսելը բավարար չի լինելու, բրյուսելյան հանդիպման ժամանակ հաստատ նրան ներկայացվել է գործողությունների կոնկրետ ծրագիր, այսպես կոչված՝ ճանապարհային քարտեզ։ 

Քարտեզի առաջին հանգրվանը կարող է լինել ընդամենը մեկ ամիս հետո կայանալիք ԵԱՏՄ առաջնորդների մոսկովյան հոբելյանական հավաքը բոյկոտելը։ Մայիսի 7-9-ը Մոսկվայում սպասվում են շատ հետաքրքիր միջոցառումներ։ Մայիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունն է, 8-ին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովը, իսկ 9-ին էլ դե, ինչպես միշտ, կարող է տեղի ունենալ Հաղթանակի օրվա առիթով կազմակերպվող ռազմական շքերթը, չնայած, անվտանգության նկատառումներից ելնելով, այս մի միջոցառումը կարող են եւ չանել։

Նիկոլ Փաշինյանը, ուզի թե չուզի, ստիպված է լինելու ընտրություն կատարել․ կա՛մ ինքը գնում է մասնակցելու Պուտինի երդմնակալությանը եւ ԵԱՏՄ գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը նախագահող երկիր է, այդպիսով ցույց տալով, որ ինքը շարունակում է մնալ պուտինյան դաշինքի անդամ եւ դաշնակից, դրանով ջրելով բրյուսելյան հանդիպման արդյունքներն ու պայմանավորվածությունները, կա՛մ հրաժարվում է ընդունել հրավերը՝ դրանով թքելով Ռուսաստանի իշխանությունների երեսին եւ ցույց տալով, որ Հայաստանը իրեն դուրս է դնում այդ դաշինքից։ Հիմա այլեւս հնարավոր չէ կոմպլեմենտարիզմ կամ դիվերսիֆիկացա եւ նման այլ խաղեր խաղալ, պետք է որոշում կայացնել եւ հետեւողականորեն կատարել ստանձնած պարտավորությունները։

Դատելով այն հանգամանքից, որ Փաշինյանը գնացել էր Բրյուսել եւ պայմանավորվել ավանսի շուրջ, պետք է սպասել, որ նա կկատարի Բրյուսելում ստանձնած պարտավորությունները եւ Հայաստանը կմտցնի հակառուսական ավանտյուրայի մեջ։ Դրա հետեւանքը, ինչպես նշեցինք, լինելու է անվտանգության վակուումը՝ հարձակումներ Հայաստանի վրա, որոնց Հայաստանը չի կարողանա լիարժեքորեն դիմակայել, տնտեսական պատժամիջոցներ՝ Հայաստանի ապրանքների համար Լարսի անցակետի փակուումից մինչեւ էներգետիկ շրջափակում, իսկ պատերազմն ու տնտեսական կոլապսը հանգեցնելու են բնակչության արտագաղթի։ Արդյունքում Հայաստանը ձեռք կբերի ինքնիշխանություն հարեւան Թուրքիայի տարածքում, եթե, իհարկե, Հայաստանից ինչ-որ բան մնա։

Կարդացել եմ, որ իսլամիստ ահաբեկիչներին ահաբեկչության նախապատրաստելիս ներշնչում են, որ այս աշխարհով իրենց գոյությունը չի ավարտվում, եւ իրենց կյանքը զոհելով հանուն գաղափարի՝ իրենք անմիջապես հայտնվելու են դրախտում, որտեղ կկարողանան ըմբոշխնել աշխարհիկ եւ երկնային բոլոր վայելքները, որոնք չեն հասցրել վայելել այս կյանքում։ Սրանց էլ են նույն ծրագրով դաստիարակել՝ խոստանալով, որ Հայաստանի կործանմամբ կյանքը չի ավարտվում, եւ իրենք կհայտնվեն Արեւմուտքում՝ բազմամիլիարդանց հաշիվներով, վիլլաներով ու մնացած հաճույքներով։ Մնում է մենք մտածենք մեր անվտանգության մասին եւ չդառնանք սրանց կողմից իրականացվող ահաբեկչության զոհը։

Ավետիս Բաբաջանյան