«Հրապարակ». Մենք շատ բաներ չէինք սպասի մեր ընկեր Նիկոլից

«Հրապարակ». Մենք շատ բաներ չէինք սպասի մեր ընկեր Նիկոլից

2016-ի փետրվարի 22-ին ԱԺ-ում թեժ էր` լրագրողները բորբոքված էին, պատգամավորներին հարցեր էին ուղղում այդ օրերին տեղի ունեցած սկանդալային միջադեպի վերաբերյալ. ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, «նախիր» էր անվանել լրագրողներին, ապա հայհոյել ու իր սենյակից դուրս հրավիրել լրագրող Փայլակ Ֆահրադյանին: ՀՀԿ-ականները թեեւ դատապարտում էին լրագրողների հանդեպ ոչ կոռեկտ վերաբերմունքը, բայց օլիգարխ ընկերոջը պաշտպանելու թույլ փորձեր էին անում՝ ասելով, թե չեն դիտել տեսանյութը, այդ օրը դահլիճում չեն եղել եւ այլն։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մոտենալով ամբիոնին, վառ ելույթ ունեցավ ի պաշտպանություն լրագրողների։ «Ես՝ որպես ԱԺ պատգամավոր եւ որպես էթիկայի հանձնաժողովի նախագահ՝ նախկին, եւ որպես երկարամյա լրագրող, մտահոգություն եմ արտահայտում այս իրավիճակի կապակցությամբ եւ ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վերաբերյալ, որ մենք՝ ի դեմս լրագրողների, գործ ունենք հանրությանը մեզ հետ կապող եւ մեզ հանրության հետ կապող կարգավիճակ ունեցող մարդկանց հետ, եւ իմ կոչն է, հորդորն է ԱԺ բոլոր պատգամավորներին, որպեսզի լրագրողների հետ հարաբերություններում պահպանենք էթիկայի, պատգամավորական էթիկայի կանոնները: Գիտեք, որ երկու օր առաջ միջադեպ է տեղի ունեցել, կամ, համենայնդեպս, մամուլում շատ լայնորեն քննարկվում է այդ միջադեպը՝ կապված պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ լրագրողների միջեւ տեղի ունեցածի հետ: Ես հույս ունեմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի ԱԺ-ում նման պրակտիկային վերջ տալ, որովհետեւ դա ոչ միայն ազդում է ԱԺ հեղինակության վրա, այլեւ ուղղակիորեն խոչընդոտում է լրագրողական գործունեությունը: Եվ ես՝ որպես պատգամավոր, հարկ եմ համարում ընդգծել, որ դատապարտում եմ նմանատիպ երեւույթները»: 

Մենք հավատում էինք Նիկոլին, ու, իհարկե, ոչ ոք այն ժամանակ չէր պատկերացնի, որ մարդը, որն ամբողջ կյանքում լրագրող է եղել, հենվել է լրագրողների վրա, որի վերելքներն ու ձեռքբերումները կապված են լրագրողական աշխատանքի հետ, մի օր կդավաճանի գրչակիցների համքարությանը, կդառնա ՀՀ ամենաանհաղորդ ու լրագրողներին չսիրող ղեկավարը։ Ոչ ոք չէր պատկերացնի, թե ինչ քամահրանքով նա հետագայում կվերաբերվի իր ընկերներին, երբ հայտնվի իշխանության ղեկին, ինչ հիմար օրենքներ կմշակվեն նրա օրոք` ազատ մամուլի դեմ, չէինք պատկերացնի, որ Նիկոլի մամուլի քարտուղարը չի պատասխանի հեռախոսին: Որ ազատ արտահայտվելու համար մարդկանց բանտ կնետեն, ընդդիմադիր հեռուստաընկերություններ կզրկվեն եթերից, լրագրողներին նրա թողտվությամբ ու լուռ խրախուսմամբ` դատի կտան ու տուգանքների կենթարկեն։ Մենք շատ բաներ չէինք պատկերացնի ու չէինք սպասի մեր ընկեր Նիկոլից․․․