«Հրապարակ». Տիգրան Ավինյանն էմոցիաներ չի սիրում․ միայն հուդայածառ ու օճառածառ է սիրում

«Հրապարակ». Տիգրան Ավինյանն էմոցիաներ չի սիրում․ միայն հուդայածառ ու օճառածառ է սիրում

Երեւանի քաղաքապետն ապրիլի 3-ին փափուկ բարձ դրեց էկոակտիվիստների գլխի տակ՝ խոստանալով, որ կդադարեցվի ծառերի սպանդը Երեւանում։ Իսկ նրանք ուրախանում էին, թե չնայած 400 ծառ է հատվել կենտրոնում, բայց քաղաքի այլ հատվածներում հաջողվեց 2 հազար 500 ծառ փրկել։ 2-3 օր տեւեց հանրության ուրախությունը։ Հաջորդ իսկ գործակարգավարական նիստում քաղաքապետը հասկացրեց, որ հերիք է ոգեւորվեք ու գլուխ գովաք, եւ հայտարարեց, որ «ծառերի փոխարինման ծրագիրը» (այսպես է Ավինյանն անվանում էկոցիդը) խոստացել է հետաձգել, եթե որոշակի գիտական շրջանակներից գրավոր հիմնավորումներ ստանա։ Այդ «եթե»-ի տակ մանեւրելու հարյուրավոր տարբերակներ կան։ Օրինակ, աչք ու ականջ փակել ու պնդել, թե ոչ մի գիտնական էլ «թագավոր» Ավինյանի պահանջը չի կատարել։ Արվում է դա հետեւյալ կերպ։ Ավինյանը հավատարիմ Բեգոյանին հարցնում է՝ ասա ինձ, Բեգոյան, արդյոք որեւէ մեկը գրավոր հիմնավորում ներկայացրե՞լ է։ Իհարկե, Բեգոյանն ասում է՝ օ, ոչ, պարոն Ավինյան, նրանք միայն խոսում են, բայց ոչ մի հակափաստարկ չեն ներկայացնում։ Բա էն ի՞նչ աղմուկ էր Գիտությունների ազգային ակադեմիայում՝ Բեգոյանին հարցնում է Ավինյանը։ 

«Գիտությունների ազգային ակադեմիայում.․․ բոլոր հիմնական հռետորները խոսում էին, որ թեղիները Երեւան քաղաքից պետք է հանվեն, դա ակնհայտ է։ Գիտությունների ազգային ակադեմիան ասում էր, որ որեւիցե ինստիտուտ մինչ այս պահը չի հետազոտել, դե կներեք, շատ վատ է, որ մինչեւ էս պահը չի հետազոտել, որովհետեւ այս խնդիրը 2000-ականներից կախված է Երեւանի գլխին եւ առաջացնում է պրոբլեմներ»,- պատասխանում է Բեգոյանը շեֆին։ 
Հիշեցնենք․ ապրիլի 5-ին ԳԱԱ բոլոր պետական ինստիտուտների ներգրավմամբ լսումներ անցկացրեց, որոնց ընթացքում գիտնականները քննադատել են զանգվածային ծառահատումները Երեւանում՝ ասելով, որ դրանք չունեն ոչ մի գիտական հիմք, եւ որ պետական ոչ մի ինստիտուտ չի ներգրավվել քաղաքապետարանի որոշումներում։

Արդյունքում նշվեցին հետեւյալ խնդիրները՝ ծրագիրը չեն ստացել, գիտնականների կարծիքը դրա վերաբերյալ չեն հարցրել, կան ամբողջական քննարկման ենթակա առաջարկություններ եւ մտահոգություններ, նման լայնամասշտաբ ծրագրերը պահանջում են հետազոտություններ եւ առկա տեղեկատվության վերլուծություն, ռիսկերի գնահատում, որոնց հիման վրա նոր հնարավոր կլինի ծառերի փոխարինումը, այդ ծրագիրն անհրաժեշտ է դիտարկել կանաչապատման եւ այլ բնապահպանական միջոցառումների իրականացումն ավելի երկարաժամկետ նպատակների եւ խնդիրների լուծման տեսանկյունից, այդ թվում` ֆունկցիոնալ կանաչապատման, բնահեն եւ լանդշաֆտային-ճարտարապետական առաջադեմ լուծումների կիրառմամբ։ Գիտնականներն առաջարկեցին մշակել Երեւանի երկարաժամկետ բնապահպանական ռազմավարություն, նշեցին, որ ծառերի կենսունակության եւ տապալման ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ են սարքավորումներ, որոնք պետք է ձեռք բերել եւ յուրաքանչյուր հատվող ծառի պարագայում ներկայացնել կենսունակության հետազոտության արդյունքները, ինչն իր հերթին կբարձրացնի վստահությունը հանրության շրջանում։ 

Բայց Բեգոյանը, ով ներկա էր ԳԱԱ լսումներին, չասաց շեֆին, թե ինչեր են ասել գիտնականները, ու նրանք՝ ինքն ու շեֆը, աչք ու ականջ փակած, զրուցում էին նիստի ժամանակ, ինչը նշանակում է, որ չեն նահանջելու Երեւանը դժոխք սարքելու ճանապարհից։ Ականջի ծայրով Ավինյանը լսել էր մի առարկություն՝ որ Երեւանում կան տնկիներ, եւ կարելի է դրանք օգտագործել ծառերն աստիճանաբար փոխարինելու համար, ոչ թե անիմաստ թանկարժեք տնկանյութ գնել դրսերից՝ կոռուպցիոն ռիսկեր ստեղծելով։ Թեեւ ապրիլի 3-ի մասնակիցները նրան ուղղակի չէին մեղադրել փող լվանալու մեջ, նա նիստի ժամանակ իմիջիայլոց ասաց, որ քաղաքի կանաչ տնկարկները լիարժեք չեն կատարում քաղաքային միջավայրին անհրաժեշտ էկոհամակարգային ծառայություններ։ Վերջում էլ վերադարձավ իրեն նվիրյալ գիտնականների ստորագրած ու էկոհանրության կողմից մերժված թղթին՝ կրկին այն հրապարակելով։ «Երեւան համայնքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում գլխավոր եւ երկրորդական փողոցներում առկա են դեֆորմացված եւ կենսունակության ավարտին մոտ գտնվող մանրատեսակներ՝ թեղի մանրատերեւ, հացենի սովորական եւ այլն, որոնք կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունն աղտոտված օդային ավազանի մաքրման, փոշու՝ օդում կախված մասնիկների կլանման, աղմուկի մեղմացման, գեղագիտական տեսքի եւ այլ նշանակության առումներով»,- ասաց քաղաքապետը։ Աստված գիտի, թե քանի հաստաբուն ծառ է մտնում այդ «եւ այլն»-ի մեջ։ 

Առայժմ, դատելով Ավինյանի խոսքերից, նա մտադիր չէ հետ կանգնել Երեւանի ծառազերծման գլոբալ ծրագրից։ «Որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, եթե գիտական կողմը չկա, մնացածն էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է»,- ասում է նա, պարզապես իգնոր անելով «գիտական կողմին», որը չկա օր, որ ծառերի անգրագետ, անմարդկային հունձը կանգնեցնելու կոչեր չհնչեցնի։ «Գիտական կողմի» բազմաթիվ գրավոր եզրակացություններ հենց հիմա Ավինյանի ձեռքի տակ են։ Մարտի 26-ին, օրինակ, ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի հարցմանը պատասխանելով, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոնն Ավինյանի սիրած գրավոր ձեւով հայտնել էր, որ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի կողմից «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն արժեքավոր եւ գեղազարդ ծառերով» ծրագրի վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել։ «Հայտնում ենք նաեւ, որ ցանկացած նմանատիպ ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել գիտական ուսումնասիրություն եւ ներկայացնել համապատասխան հիմնավորումներ, քանի որ լայնասաղարթ ծառատեսակները կարեւոր դեր ու նշանակություն ունեն քաղաքային ֆաունայի պահպանության համար»։ 

Նմանատիպ գրավոր պատասխան էլ կա Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտից։ Թվում էր, թե ո՞ւմ խորհուրդն առաջին հերթին պետք է հարցնեին քաղաքապետն ու Բեգոյանը, եթե ոչ Բուսաբանության ինստիտուտինը։ Բայց ոչ ոք նրանց չի դիմել, իսկ գիտնականները, որպես ակադեմիական համակարգի հիմնարկ, իրավունք չունեն կասեցնել քաղաքապետարանի որոշումներն ու փաստացի անտեր են թողել քաղաքի ծառերը։ «․․․ Ինստիտուտին ծրագիրը պաշտոնապես չի ներկայացվել, այդ հարցը չի քննարկվել գիտխորհրդում, հետեւապես՝ որեւէ պաշտոնական դիրքորոշում ծրագրի վերաբերյալ չի հայտնվել»,- ասված է ինստիտուտի գրության մեջ։ 

Ավինյանի համար սրանք էմոցիաներ են, մինչդեռ թվաբանությունն անողոք է՝ Երեւանում 2024 թվականի գարնանը նախատեսված էր փոխարինել շուրջ 400 ծառ: 300-ը մորթվել է։ Տնկվել են 350 «նոր ու ֆունկցիոնալ ծառեր՝ լրացնելով նախկինում հատված կամ ընկած ծառերից հետո ազատ մնացած բնաբաժակները»: Թե ինչ խայտառակ պատկեր է մնացել այդ բնաբաժակները լրացնելուց հետո, «պատմում» են համացանցը ողողած անմխիթար շիվերի լուսանկարները, որոնց մի մասը չորացել, մյուսներն էլ այնքան ողորմելի տեսք ունեն, որ հանված հաստաբուն թեղիների հետ ոչ մի համեմատության չեն դիմանում։ Բոլոր այդ լուսանկարները լավ հայտնի են ե՛ւ Ավինյանին, ե՛ւ Բեգոյանին, բայց նրանք պինդ փակել են աչքերը։ Ինչքան ուզում է՝ հանրությունը թող նկարի ու լուսանկարները չինովնիկների աչքը մտցնի, հանրության հետ շփումներում քաղաքապետն առաջնորդվում է «կաղմկեն, կհանգստանան» մտայնությամբ՝ համարելով, որ իր գործը մի մեծ, փափուկ բարձ դնելն է երեւանցու գլխի տակ։ 

ՀԳ․ Տիգրան Ավինյանը ժամանակ առաջ ԱՆԻՖ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր: Հիմնադրամ, որը հիմնովին ձախողվել է` ո՛չ ներդրումների խթանումն իրականացրին, ո՛չ ազգային ավիափոխադրող ստեղծեցին: Հիմա նա ձեռնամուխ է եղել տրանսպորտի բարելավմանը, վայրի կանաչապատմանը, քաղաքի ասֆալտապատմանը, բայց ոչ մեկն էլ չի ստացվում։ Ավինյանի գործունեության սիմվոլը այս խեղճուկրակ լենքորանյան ալբիցիան ու օճառածառն է, որոնք դեռ չտնկած, արդեն չորացել են։ Ի դեպ, հետաքրքիր ծառեր են բերում՝ Նիկոլի կառավարմանը համահունչ․ հուդայածառ, օճառածառ: Ոչինչ բնության մեջ պատահական չէ։