«Հրապարակ». Պատերազմ չի լինելու, իրենք պատրաստվում են 2-3 օրվա օպերացիայի

«Հրապարակ». Պատերազմ չի լինելու, իրենք պատրաստվում են 2-3 օրվա օպերացիայի

Հարցազրույց «Մարտական եղբայրություն» ՀԿ նախագահ Հրանտ-Տեր-Աբրահամյանի հետ

- Ձեր կազմակերպությունը` «Մարտական եղբայրությունը», ուժայինների հետ խնդիրներ ուներ, թույլ չէին տալիս վարժանքներ իրականացնել Ոսկեպարում։ Ի՞նչ իրավիճակ է հիմա, ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում։ 

- Տավուշ միշտ էլ գնալու ենք, հիմա, իհարկե, վարժանքներ անելու խոչընդոտ կա, հեշտ չէ։ Չեն գալիս ուղիղ ասում՝ չի կարելի, այլ տակից այնպես են անում, որ այդ վաժանքները չլինեն, մարդկանց հետ են աշխատում։ Մեր տղաները հիմա գնում են, փորձում են շարունակել իրենց անելիքը։ Մենք խոստացել ենք տեղի բնակիչներին, որ իրենց կողքին ենք լինելու։ 

- Տավուշում հիմա ի՞նչ վիճակ է։

- Այստեղ միայն Տավուշի հարցը չէ, ամբողջ Հայաստանի հարցն է։ Խնդիրը հիմա Նոյեմբերյանի շրջանում է, բայց կարող է վաղը Շամշադինում լինել, մյուս օրը՝ Իջեւանում, եւ այսպես շարունակ։ Մենք խնդրին չպետք է լոկալ նայենք։ Հայաստանի ցանկացած մարզ ունի պոտենցիալ թեժ կետեր, ընդ որում՝ մի քանի հատ։

- Ո՞րն է լինելու ձեր խմբի անելիքը․ երբ հայ-ադրբեջանական շփման գծում զինված ընդհարում լինի, պատերազմական վիճակ, կմասնակցե՞ք։

- Մենք այդ մասին արդեն ասել ենք՝ եթե ժողովուրդը պատրաստ է դիմադրել, մենք նրանց կողքին ենք։ Մնացածը քաղաքական հարցեր են։ Քաղաքական քայլերի առումով մեր պլաններն անփոփոխ են՝ Հայաստանում պետք է մարդիկ համախմբվեն, ձեւավորվի իրական, գաղափարական հզոր թիմ, շարժում, եւ միայն այդպես հնարավոր կլինի հարց լուծել։ 

- Կիրակի օրը Երեւանում հավաք էիք արել, ի՞նչ նպատակով, քաղաքական ակցիաների շա՞րք եք սկսում։

- Հավաքը քաղաքական քննարկում էր, հանրահավաք չէր։ Նպատակը մեր համախոհների հետ հանդիպելն էր՝ բաց, հրապարակային։ Մինչեւ հիմա չէինք արել նման բան։ Մենք նաեւ ուզում էինք ստուգել մեր ուժերը, թե ինչ տեմպերով կարող ենք գործել։

- Կիրակի առավոտյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական զորքը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով կրակ է բացել, թիրախավորվել են նաեւ խաղաղ բնակիչներ։ Կադրեր հրապարակվեցին՝ Մովսես գյուղից, որտեղ բնակիչները պատմում են, որ ադրբեջանցիները կրակել են բնակավայրի վրա։ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ հայկական կողմը չի տրվել սադրանքներին։ Ռազմական գերատեսչությունն ըստ էության ասում է, որ չկրակելու հրաման է տրվել։ Ի՞նչ է սա նշանակում, բանակը մենա՞կ է թողել խաղաղ բնակչությանը։

- Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ՊՆ-ի խնդիրը չէ, ընդհանուր քաղաքական որոշում է։ Կարծում են, որ  չդիմադրելով, զիջելով, արդյունքի կհասնեն, խաղաղության պայմանագիր կկնքեն։ Այդպես չի լինելու։ Պաշտպանության բանակն էլ հրաման է կատարում, զինվորը պիտի հրամանը կատարի, հետեւաբար, խնդիրը քաղաքականության մեջ է, որը ոչ մի լավ բանի չի բերի։ Մինչեւ ուժին ուժ ցույց չտաս, չի լինի։ Հեքիաթ է, թե զուսպ պահելով՝ արդյունքի կհասնես, ու թշնամին կհանգստանա։

- ՊՆ-ն ասում է, թե ադրբեջանական կողմն աննպատակ է կրակել, ինչպե՞ս սա հասկանանք։

- Չգիտեմ, թե ինչ են նկատի ունեցել դա ասելով, բայց ադրբեջանական քարոզչությանը նայելով, տեսնում ենք, որ Արեւմուտք-Հայաստան զարգացումների մասով անհանգստություն ունեն։ Բայց այս պահին չեմ տեսնում, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ավելի լուրջ ու մեծ զինված գործողության։ Հավանաբար, այդ անկանոն կրակը նշանակում է ներվայնացնելու նման մի բան։ Երբ ասում ենք՝ լայնամասշտաբ պատերազմ կլինի, օրինակ՝ 44-օրյա պատերազմի նման` չի լինի։ Իրենք, այսպես ասած, հարմար միջազգային պահի են սպասում, որն ինքնին օրերի հարց է։ Օրինակ, Սյունիքից միջանցք ստանալու համար ռազմական գործողություն անել պետք չէ, դրա համար իրենք պատրաստվում են 2-3 օրվա օպերացիայի։ Մենք էլ պիտի նման մի բան անենք, ոչ թե պատերազմ ասելով՝ լայնամասշտաբ կռիվ պատկերացնենք։ Մենք 2021-ից ասում ենք, որ անխուսափելի են նման գործողությունները, ուղղակի ժամանակի հարց է։ Այս 3 տարվա մեջ նման լոկալ դեպքեր եղել են արդեն։ Իրենք գործելու են այդ ստրատեգիայով, քանի դեռ իրենց ցանկություններն իրականացված չեն։