Ինչի կարող է հանգեցնել Ռուսաստան-Արեւմուտք նոր «Սառը պատերազմը»․ ներկայացրել է նախկին հետախույզը

Ինչի կարող է հանգեցնել Ռուսաստան-Արեւմուտք նոր «Սառը պատերազմը»․ ներկայացրել է նախկին հետախույզը

ԱՄՆ կողմից նոր «Սառը պատերազմի» սանձազերծումն Ռուսաստանի դեմ կարող է բերել չափազանց ծանր եւ ողբալի հետեւանքների։ Այս մասին հայտարարել է ամերիկյան հետախուզության վետերան, Ջորջթաունի համալսարանի անվտանգային հարցերի հետազոտությունների կենտրոնի արտահաստիքային աշխատակից Պոլ Պիլարը՝ The National Interest պարբերականում հրապարակած իր հոդվածում։ Նա գրել է, որ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է հանրայնորեն, որ մտադիր է թուլացնել Ռուսաստանն ու նման մտադրությունները ԱՄՆ համար երկու լուրջ խնդիրներ կարող են առաջացնել․

1․ Առաջին հերթին, ըստ Պիլարի, նման բացահայտ հակառուսական տրամադրվածությունը կարող է աշխատել հենց Ռուսաստանի օգտին։ Մոսկվայից մեկ անգամ չէ, որ հայտարարել են Արեւմուտքից Ռուսաստանի հանդեպ եղած սպառնալիքների մասին եւ հիմա Ամերիկան փաստացիորեն հաստատում է դա։ 

2․ Բայդենի վարչակազմը ներկայացնողների նման հայտարարություններն էականորեն բարդացնում են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթացը։ 
Ամերիկացի պաշտոնաթող հետախույզը նշում է, որ ըստ էության ԱՄՆ-ն Ռուսաստանին նոր «Սառը պատերազմ» է հայտարարել։ Ի դեպ, նշենք, որ Պիլարը նախկինում ղեկավարել է Կենտրոնական հետախուզական վարչության Մերձավոր Արեւելքի, Պարսից ծոցի եւ Հարավային Ասիայի հարցերով վերլուծական կենտրոնը։

Նա ընդգծել է, որ նման գործողությունները կտրուկ կերպով հակասում են միջազգային անվտանգությանը, քանի որ մշտական սպառնալիքները անընդհատ նոր թեժ պատերազմների սանձազերծման հավանականությունը մեծացնում են, ինչն իր հերթին բարդացնելու է գլոբալ խնդիրների կարգավորման հետ կապված գործողությունները։ Պիլարը ամփոփելիս, գրել է, որ նոր «Սառը պատերազմը» չի ավարտվի նոր միաբեւեռ աշխարհի ստեղծումով եւ կարող է առհասարակ երբեք էլ չավարտվել։