Ե՞րբ ենք հրաժարվելու վատ սովորություններից

Ե՞րբ ենք հրաժարվելու վատ սովորություններից

Օրեր առաջ համացանցը ցնցեց մի արտասովոր լուր` Ֆրանսիայում չորս տարվա ազատազրկման դատապարտվեց (երեք տարի` պայմանական) երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը։ Պատժվեց այն բանի համար, որ, օգտագործելով պաշտոնը, նպաստել էր, որ իր կնոջը ֆիկտիվ կերպով աշխատանքի ձեւակերպեին պետական հիմնարկում։ Հաստատ չի գտնվի մեկը, ով իր կյանքում գոնե մեկ սխալ թույլ  տված չլինի։ Հաճախ կարելի է լսել, որ նման դեպքերում մեղք գործածին լրջորեն նախազգուշացնում են, նրան շտկվելու շանս են տալիս, սակայն այս դեպքում դատարանը վարվել է խիստ կանոնակարգով` ներում չկա եւ վերջ։ Կարդում ես այս մասին ու ակամա ենթադրում, թե ինչ կլիներ, եթե օրենքը նման խստությամբ գործեր մեզ մոտ։ Այսպես ասած` ԽԾԲ-ական գործերից դատարանները դադար չէին ունենա…

Մենք շարունակ ու միանգամայն տեղին հպարտանում ենք գիտության, արվեստի, մարզական խոշոր ասպարեզներում ձեռք բերված նվաճումներով, սակայն կոնկրետ մեզ վերաբերող հարցերում տարօրինակ կերպով անտարբեր ենք։ Անտեսում ենք, ասենք, մեր բակերի, փողոցների ոչ այնքան մաքուր վիճակը։ Այո, դրա անմիջական պատասխանատուն տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք, սակայն, ոչ միշտ ու ամենուր են հետեւողական իրենց պարտականությունների կատարման գործում։ Սակայն ոչ պակաս մտահոգ մոտեցում պետք է դրսեւորի մեզնից յուրաքանչյուրը։ Ինչպես ասում են՝ մարդիկ շատ լավ գիտեն ամեն ինչի գինը, բայց, ավաղ, դե ֆակտո գնահատել չեն կարողանում։ Դժվար է հենց Երեւանում չնկատել աղբարկղներից մի քանի մետր հեռու նետված աղբով լի պոլիէթիլենե տոպրակները։ Ակամա մտածում ես` մի՞թե այդքան դժվար էր մի քանի քայլ եւս կատարել եւ այն գցել դրա համար տեղադրված աղբամանը։

Վերջին շրջանում մեր թերթերը, հեռուստաալիքները հաճախ են անդրադառնում Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից ժամանած հյուրերին, հաճույքով նշում հայաստանցիների բարի ու ջերմ վերաբերմունքի մասին, ներկայացնում նրանց անկեղծ տպավորությունները։ Իսկ օրեր առաջ էլ իմացանք, որ մեր այլազգի հյուրերը դրսեւորեցին իրոք արտակարգ նախաձեռնություն` կամավոր շաբաթօրյակ արեցին` սկսեցին մաքրել, տեսքի բերել Երեւանի փողոցները։ Պետք էր տեսնել, թե համացանցում հիացմունքի ինչ արձագանք եղան առաջին հերթին հենց մեր հայրենակիցների կողմից, եւ դա միանգամայն սպասելի էր։ Մյուս կողմից՝ հարց է ծագում. այդ ինչո՞ւ նոր ժամանած հյուրերը հարմար չեն գտել տեսնելու, թե ինչպես, օրինակ, բարձրահարկ շենքերի պատշգամբներից, ավտոմեքենաներից ծխախոտի մնացորդ են շպրտում ցած, եւ սա ոչ ոքի դիտողությանը չի արժանանում, այսինքն՝ մեզ համար նման երեւույթը, կարծես, սովորական է։

Հիշեցի մոտ 5-6 տարի առաջ տեղի ունեցած համանման դեպք։ Մեր քեֆչիների կողմից Հրազդանի ձորը «զարդարած» դատարկ շշերը, պոլիէթիլենե տոպրակները հավաքելու նախաձեռնությամբ հանդես եկան ամերիկյան դեսպանատան աշխատակիցները։ Թերթերից մեկը գրել էր, որ օտարազգիները մաքրում էին շրջապատը, իսկ տեղացիներից մի քանիսը, թփերի ետեւում պահ մտած, աչքերը չռած՝ հետեւում էին դրան։

Բայց վատ սովորույթները, ցավոք, սրանով չեն սահմանափակվում։ Դեռ սովետների օրոք էին աղավաղում քաղաքն ու շինությունները՝ ում մտքով անցնում, եւ «հնարավորությունը» թույլ է տալիս, փոխում ու նոր տեսք են տալիս ճարտարապետների նախագծերով կառուցված շենքերին։ Խոսքը հատկապես պատշգամբների ու տանիքների մասին է։ Ժամանակին, ասենք, Աջափնյակում բնակվող ընկերոջս մոտ հյուր գնալիս («Ծիրան» խանութի հարեւանությամբ է ապրում) քայլում էի մայթերով։ Այսօր մայթեր չկան՝ վերացվել են։ Ի դեպ, այստեղ գործում է մանկական խաղահրապարակ՝ երեք անհարթ ելումուտերով, սակայն լուսավորելու ոչ մի կետ չի գործում, եւ մարդիկ երեկոյան ժամերին ստիպված են տեղաշարժվել լապտերների օգնությամբ։ Իսկ աստիճանները զուրկ են տարեցների համար նախատեսվող հենարան-ճաղաշարքերից։

Այս ամենը կարող է մանրուք թվալ, բայց գոնե մայրաքաղաքում շուրջբոլորը պետք է զգան ու տեսնեն ժամանակի քաղաքակիրթ պահանջները բավարարող շունչն ու իրողությունը, չբավարարվեն վերեւից հնչող հաճախ ձեւական խոստումներով։ Օմար Խայամն է դիպուկ ասել․  «Գործողությունները միշտ էլ ապացուցում են, որ զուտ խոսքերը ոչինչ էլ չեն նշանակում»։

Վերջում՝ եւս մեկ փաստի մասին․ մեր քաղաքապետարանը նախաձեռնել է Երեւանյան լիճը կարգի բերել եւ աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցել։ Բնականաբար, սկզբում որոշվեց մաքրել լիճը, եւ ի՞նչ պարզվեց` ըստ քաղաքապետարանի հաղորդման, մայիսի 5-ի դրությամբ լճից տեղափոխվել է, դրան դժվար է հավատալ` 4 հազար 500 մեքենա աղբ։ Հետո, իհարկե, պարզվեց՝ վրիպակ է, մի զրո ավելի են գրել, բայց, ամեն դեպքում, աղբի քանակն աննախադեպ է։

Միսակ Նազարյան