ՔՊ նոր վարչության հայտնի-անհայտները

ՔՊ նոր վարչության հայտնի-անհայտները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կիրակնօրյա համագումարը բրեժնեւյան ՍՄԿԿ պլենումների դեժավյու առաջացրեց․ տիրող մթնոլորտը, առաջնորդի անձի պաշտամունքը, հնչող ելույթները հիշեցրին ՀՀԿ-ի «աղջիկ վախտվա» էնտուզիազմը, երբ Սերժ Սարգսյանն  իր անպարտելի թվացող դիրքերից քաղաքական հակառակորդների «ջարդ» էր իրականացնում, չհասցեագրված ակնարկներ անում՝ ուղղված անհայտ ոսոխին։ ՔՊ համաժողովի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը կրկին մութ ուժերի մասին խոսեց, սրտնեղեց ֆեյքերից ու մամուլից, սպառնաց ու զգուշացրեց։ Նրանից հետ չմնացին նաեւ մյուսները։

ՔՊ նոր վարչության ձեւավորումը եւս արտացոլում է «իրականության հակառակ կողմը»․ հետաքրքրական էր թեկնածուների ընտրությունը, ստացած քվեների քանակը, որն արտացոլում է այս կամ այն անդամի հեղինակությունը, թիմի ներսում ունեցած կշիռը եւ այլն։ Կարելի է արձանագրել, որ քիչ դեպքերում է այդ ամենը համընկնում հանրային կարծիքին ու ընկալումներին։ Վարչության նորընտիրներից ոմանց մարդիկ ընդհանրապես չեն ճանաչում ու չեն էլ լսել նրանց անունները, բայց ներկուսակցական «տուսովկան» որոշեց նրանց ընդգրկել ղեկավար մարմնում, ու առաջիկա չորս տարիներին նրանք են ընդունելու իշխող կուսակցության որոշումները։

Նախկին՝ 13 հոգանոց կազմին ավելացան 8-ը․ նոր վարչությունը 21 հոգուց է բաղկացած։ Կազմից դուրս մնացին վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը, ով երեք ձայնով զիջեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։ Վերջինս 21-րդն էր՝ 148 ձայնով։ Նորում չեն լինի նախկին վարչության եւս չորս անդամ՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որն այս անգամ տեղը զիջեց ամուսնուն՝ Նարեկ Բաբայանին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն ընդգրկվեց վերահսկող մարմնում, իսկ Հովիկ Աղազարյանն ու Զարուհի Բաթոյանը չհաղթահարեցին անցողիկ շեմը։ Հատկապես շոկային է եղել Սասուն Միքայելյանի պարտությունը, որը ժամանակին ՔՊ նախագահն էր, եւ հենց նրա նախագահած շրջանում է ՔՊ-ն եկել իշխանության։ Ավելին, նա կանգնած է եղել դեռեւս 2013-ին նոր-նոր ձեւավորվող ՔՊ շարժման ակունքներում, այդ շարժման կառավարման խորհրդի կազմում Սասուն Միքայելյանն էր եւ մի քանի հոգի՝ Նիկոլ Փաշինյանը, Մարինե Մանուչարյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խառատյանը: Փաստորեն, հիմնադիրներից ընդամենը երեքն են գործող վարչությունում, ընդ որում՝ Ալեն Սիմոնյանը 18-րդ տեղում է եւ ձայներով զիջում է կուսակցության շարքերը համալրած նորեկներին։

ՔՊ վարչության շարքերը համալրած նոր անդամներն են՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանից, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետո ամենաշատ ձայն ստացած անդամն է։ Վեցերորդ տեղում է Վիլեն Գաբրիելյանը, ով Ֆեյսբուքում է հայտնի միայն՝  «Նավակ ճոճող» մականվամբ։ Կազմում են նաեւ պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Արփի Դավոյանը, Մխիթար Հայրապետյանը, Սիփան Փաշինյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Ուշագրավ է, որ վարչության կազմում չկա օրերս ՔՊ-ական դարձած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաեւ՝ «սորոսական» համարվող ու հեղափոխությունից հետո ՔՊ–ում հայտնված այլ անձինք։ Ինչ վերաբերում է վարչության նոր նախագահ Սուրեն Պապիկյանին, ապա շատերը թիմում վստահ են, որ նա ընդամենը տեղապահ է։ Փաշինյանն ուզում է ցույց տալ, թե ինքը հավատարիմ է իր հռչակած սկզբունքներին եւ դեմ է սուպերլիդերությանը, սակայն բոլորը գիտեն, որ ՔՊ-ում միակ «ասողը» նա է, մյուսները հնազանդ լսողներ են։

Վարչության կազմից դուրս մնացած Հովիկ Աղազարյանի համար ո՛չ իր պարտությունն է անակնկալ, ո՛չ մյուսների հաղթանակը․ «Ես մի քիչ զգում էի, որ կարող է դուրս մնամ, որովհետեւ թեկնածուները բավականին ուժեղ էին, եւ ես հասկանում էի, որ թեժ պայքար է գնալու»։ Թե ինչով էին ուժեղ, Աղազարյանը պատասխանեց․ «Մենք 20 օր քարոզարշավ ենք արել, ելույթներ ենք ունեցել, եւ ըստ այդմ են ընտրել»։ Նա մինչեւ հոգու խորքը վիրավորվեց, երբ հարցրինք, թե ոնց եղավ, որ հանրությանն անհայտ թեկնածուները հաղթեցին, իսկ ինքը դուրս մնաց վարչության կազմից։ «Ո՜վ էր անհայտ․․․ Նավակ ճոճողին սաղ աշխարհն է ճանաչում»։ Իսկ Ձե՞զ։ «Դե, կարող ա պատահի ես տվյալ ժամանակամիջոցում չեմ արդարացրել իմ կուսակիցների սպասելիքները»։ Իսկ Սասուն Միքայելյանի պարտությո՞ւնը։ «Սարսափելի բան չկա, միգուցե շատերը մտածել են, որ ԵԿՄ նախագահության հետ նա չի հասցնի, ու դրա համար չեն ընտրել»։ Սպասելի է եղել, որ հենց Սուրեն Պապիկյանը կընտրվի վարչության նախագահ, «որովհետեւ մենք դեռ չէինք մտածել, երբ մամուլում հայտնվեց իր անունը»։ Բայց դուք էիք ընտրողը, ոչ թե մամուլը։ «Դե, կուսակցության փոխնախագահն է եղել, կազմակերպված, կիրթ, պատասխանատվության բացարձակ զգացողությամբ երիտասարդ»։