Ո՞վ ո՞ւմ է բռնության ենթարկել. քրեականի պետը սպի՞րտ է լցրել քաղաքացու գլխին

Ո՞վ ո՞ւմ է բռնության ենթարկել. քրեականի պետը սպի՞րտ է լցրել քաղաքացու գլխին

Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդեց, որ երեկ գիշերը ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: «Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հահոյանքներ», - ասված է հարդագրության մեջ:

Երբ ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին, «վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք»: Վարորդը ձերբակալված է: Հարուցված է քրեական գործ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: 

Մեզ հաջողվեց կապ հաստատել քաղաքացու շահերը ներկայացնող փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանի հետ, որը գրառում էր կատարել ոստիկանության ֆեյսբուքյան էջին: «Ներկայացվածը իրականությանը չի համապատասխանում, ինչպես միշտ ներկայացվում է միակողմանի: Ես եմ բերման ենթարկվածի պաշտպանը, և առկա են նկարներ և տեսանյութ թե ինչպես են Մալաթիաայի բաժնի ոստիկանները դաժանորեն ծեծել Տիգրան Կարապետյանին: Խոշտանգել և նվաստատցրել են նրա արժանապատվությունը», - գրել է փաստաբանը: Մենք կապվեցինք նրա հետ:

Գուրգեն Հովհաննիսյանը «Հրապարակին» հայտնեց, որ իր պաշտպանյալը այդ օրը տուն է գնացել, տեղեկացել է, որ իր երեխան հիվանդ է, արագ դուրս է եկել տանից ու գնացել է «Երևան-Սիթի» սուպերմարկետ՝ գնումների: « «Սիթիի» դիմաց ոստիկանները դեմը կտրել են, կոպտորեն դիմել են, թե էդ ոնց ես քշում ու հայհոյել են: Նա էլ պատասխանել է, որից հետո երեք հոգով դաժանաբար ծեծելով նստեցրել են նրան մեքենա ու տարել են բաժին», - ասաց փաստաբանը:

 Մեքենայի մեջ Տիգրան Կարապետյանը փորձել է ազատել ձեռքերը, իսկ Մալաթիայի բաժանմունքում Կարապետյանին շարունակել են ծեծել ու ստորացնել, թքել են նրա վրա: Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը նրան հայհոյել է, իսկ քրեականի պետը սպիրտ է լցրել գլխին, ասելով՝ «դեզինֆեկցիա եղիր, այ պիղծ, այ վարակ»:

Հարցին, թե արդյո՞ք իր պաշտպանյալն ու նրա ընկերը հարբա՞ծ են եղել, փաստաբանը պատասխպանեց. «Նա օգտագործել էր ալկոհոլ, որի մասին ցուցմունք է տվել: Նա չի էլ թաքցրել այդ հանգամանքը: Նրան հարբածության համար չեն բերման ենթարկել: Եւ ի վերջո, եթե մարդը գինովցած է, ուրեմն, նրան պետք է խոշտանգեն ու ստորացնե՞ն»:  Փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը մեզ տրամադրեց իր խոշտանգված պաշտպանյալի լուսանկարը: Ինչ եք պատրաստվում անել՝ հարցին ի պատասխան, ասաց. «Երկուշաբթի նրան կբերեն քննչական բաժին, հանցագործության մասին հաղորդում ենք տալու ու դա յհանձնելու եմ  ՀՔԾ: Նաև  կհասկանանք, թե ինչու չեն կատարում փորձաքննություն: Ոստիկանությունը իմ պաշտպանյալին հրաժարվում է փորձաքննության ենթարկել գոնե հիվանդանոցում: Նրան սովորական պոլիկլինիկա են տարել: Թող հիվանդանոց տանեին, գոնե: Հասնելու ենք նրան, որ այդ մարդը փորձաքննության ենթարկվի ու պետք է պայքարենք, որ նրան չկալանավորեն»: