«Բանկ Օտոման»-ի վեցերորդ թարգմանությունը

«Բանկ Օտոման»-ի վեցերորդ թարգմանությունը

Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը թարգմանվել է լատվիերեն եւ տպագրվել Ռիգայում։ Մենք հեռավար զրուցել ենք հեղինակի հետ։

- «Բանկ Օտոման»-ն անցած երեսուն տարվա ընթացքում լույս տեսած հայ գրողների գործերից ամենաթարգմանվածն է` ռումիներեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, սերբերեն եւ, վերջապես, լատվիերեն: Ինչո՞վ եք բացատրում այս հաջողությունը: Ի՞նչն է գրավել օտար հրատարակիչներին` գեղարվեստական արժանիքնե՞րը, ժա՞նրը, բովանդակությո՞ւնը, պատմական փաստե՞րը…

- Նախ՝ պատմական փաստերը: «Բանկ Օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան: Մամուլը ներկայացնում էր որպես ահաբեկչություն, մինչդեռ դա ընդամենը պատասխան արարք էր` ընդդեմ կազմակերպված եւ հետեւողականորեն իրագործվող պետական ահաբեկչության: Սակայն անարխիստների գործողություններից ահուսարսափած Եվրոպան ու Ռուսաստանը, փաստորեն, չտեսնելու դրին արյունոտ սուլթանի 300 հազար զոհերը եւ զոհերի հարազատների անխուսափելի հակազդեցությունը դիտարկեցին լոկ ահաբեկչական համատեքստի մեջ: Բնական է, որ այս պատմությունը պիտի ներկայացվեր որպես արկածային վեպ, իսկ գեղարվեստական արժանիքնե՞րը… Ի՞նչ ասեմ, տաշած քարը լավ գիտեք, որ գետնին չի մնում:

- Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել, թե Ձեր վեպն ինչպես է հայտնվում օտար հրատարակիչների ուշադրության կենտրոնում, Ձե՞ր նախաձեռնությամբ, թարգմանիչների՞, թե՞ այլ կերպ:

- Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը, ե՛ւ «այլ կերպ»-ը: Անշուշտ, վճռական նշանակություն ունեցավ այն փաստը, որ վեպն արդեն թարգմանվել էր ռուսերեն եւ ֆրանսերեն: Այս վերջին թարգմանության պարագայում նախաձեռնողը հիմնականում լատվիական կողմն էր: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Լատվիայի հայկական գաղութի լուսավոր դեմքերից մեկին` տաղանդավոր արձակագիր, լրագրող Ալեքսանդր Գերոնյանին, որն արդեն քանի տարի հայկական մշակույթի եռանդուն պրոպագանդիստն է դարձել Ռիգայում: Տպագրում է «Արարատ» թերթը եւ «Կռունկ» հանդեսը, պարբերաբար կազմակերպում մշակութային զանազան միջոցառումներ, հետեւում, որ հայ գրողների ստեղծագործությունները թարգմանվեն եւ տպագրվեն լատվիական հրատարակություններում: «Բանկ Օտոմանը» լույս է ընծայել լատվիական «Զելտա Ռուդենս պրինտինգ» հրատարակչությունը, թարգմանիչն է Անդրիս Ձենիսը, չմոռանամ նշել` ՀՀ ԿԳՄՍ նախարարության թարգմանական ծրագրի օժանդակությամբ:

 - Բնագրի՞ց, թե՞ երկրորդ լեզվից է թարգմանել:

 - Երկրորդ լեզվից` ռուսերենից: Սակայն ես դժգոհելու պատճառ չունեմ, քանի որ դա հեղինակազորված թարգմանություն է, Անահիտ Թոփչյանն է թարգմանել, եւ Մոսկվայում լույս տեսավ առանց մի բառ խմբագրելու, ուստի կարող եմ ասել, որ լիովին համարժեք է բնագրին:

- Աշխարհաքաղաքական իրողությունները, որոնց ականատեսն ենք այսօր, մեզ հուզող բազում հարցերի պատասխանը կարո՞ղ են ընթերցողները փնտրել այս վեպում:

- Ոչ միայն կարող ենք փնտրել, այլեւ գտնել, ընդ որում՝ զարմանալի նմանություններ այսօրվա եւ այն տարիների հետ: Եվ շարունակ վարագույրից անդին, կուլիսների խորքում տեսնում ենք անգլոսաքսոններին: Այն տարբերությամբ, որ այսօր բրիտանացիներին միացել են ամերիկացիները, եւ մեջտեղը դարձյալ էներգակիրների խնդիրն է: 19-րդ դարի վերջին Բաղդադն էր, այսօր ավելացավ Իրանը: Եվ ինչպես այն ժամանակ, հիմա էլ ուզում են մեզ` ուրիշի համար կրակից շագանակ հանողի դերը հատկացնել:

- Ձեր վեպն ընթերցելիս յուրաքանչյուր տեսարան նման է ֆիլմի՝ լարված, գրավիչ պատում, եւ, ինչպես ասացիք, արդիական նյութ: Մեր կինեմատոգրաֆիստները չե՞ն հետաքրքրվել այս վեպով, Ձեզ հետ չե՞ն բանակցել էկրանավորման հարցով:

- Ի՞նչ եք կարծում, այս սերիալային հակագեղագիտական եւ հակազգային ծրագրերում նման վեպը կարո՞ղ էր տեղ գտնել:

Զրույցը վարեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ